«Պաշտոնական Բրյուսելն ամբողջությամբ հրաժարվել է «Լեռնային Ղարաբաղ» եզրույթից». Արմեն Աշոտյան
Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ հուլիսի 15-ին ԵՄ-ի հրապարակած փաստաթղթին, որը կոչվում է՝ «Ադրբեջանի հետ գործընկերության իմպլեմենտացիայի զեկույց»։
Աշոտյանի փոխանցմամբ՝ եվրոպացիները պատրաստել են մի զեկույց, որտեղ ամփոփված են Ադրբեջանի հետ իրենց հարաբերությունները, գնահատականները, տարբեր ոլորտներում արձանագրված խնդիրները, հաջողությունները, նշանակետերը և այլն․
«Ուզում եմ ասել, որ սա պաշտոնական փաստաթուղթ է, այն ստորագրված է Եվրոպայի հանձնաժողովի գլխավոր քարտուղարի կողմից, այն պատրաստվել է արտաքին և անվտանգային հարցերով եվրոպական հանձնաժողովի բարձրագույն հանձնակատարի՝ Ժոզեֆ Բորելի գրասենյակի կողմից։
Սա հերթական պաշտոնական փաստաթուղթն է, որտեղ նաև արծածվում են մեզ վերաբերելի հարցեր։ Բնական է, որ Ադրբեջանի հետ հարաբերությունների համատեքստում ԵՄ-ն գնահատական է տվել նաև տարածաշրջանային անվտանգային խնդիրներին և զարգացումներին․․․․
Այս պաշտոնական փաստաթղթում գեթ մեկ անգամ չկա օգտագործված Լեռնային Ղարաբաղ եզրույթը, չկա՛ այդպիսի եզրույթ։ Պաշտոնական Բրյուսելը ամբողջությամբ հրաժարվել է Լեռնային Ղարաբաղ ձևակերպումից։ Ընդամենը 1 անգամ օգտագործված է «ադրբեջանցիների կողմից հանդուրժվող «Ղարաբաղ» բառը»։
Եվ հենց այս փաստը հիմք ընդունելով՝ Արմեն Աշոտյանն ուղիղ եթերում հետևություն արեց՝ շեշտելով, որ «ԵՄ-ի պաշտոնական արձանագրումով Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի»․
«Սա հետևանք է Նիկոլ Փաշինյանի դավաճանական, տգետ քաղաքականության․․․
Հիշո՞ւմ եք Փաշինյանի և Ալիևի վերջին հանդիպումը Բրյուսելում՝ Եվրոպական խորհդի նախագահ Շառլ Միշելի նախագահությամբ և միջնորդությամբ։
Հիշո՞ւմ եք, որ այդ հանդիպումից հետո Շառլ Միշելը կողմերի հետ համաձայնեցված մամուլի հաղորդագրություն թողարկեց, որտեղ անդրադարձավ այդ հանդիպման հիմնական ուղղություններին, կետերին, օրակարգին և այլն։
Հիշո՞ւմ եք, որ այդ մամուլի հաղորդագրությունում Լեռնային Ղարաբաղ ընդհանրապես օգտագործված չէր, մի անգամ օգտագործված էր Ղարաբաղ բառը, այն էլ այն համատեքստում, որը մեզ մոտ բուռն քննադատության արժանացավ, հետևյալն էր՝ «Պետք է երաշխավորեն անվտանգությունն ու իրավունքները՝ Ղարաբաղի էթնիկ հայկական բնակչության»։
Նույն ձևակերպումները տեղ են գտել արդեն ոչ թե մամուլի հաղորդագրության, այլ պաշտոնական գնահատականի մեջ։
Նիկոլ Փաշինյանն այդ հանդիպման ժամանակ համաձայնել է, որ Լեռնային Ղարաբաղ եզրույթը չօգտագործվի։
Հիշո՞ւմ եք, թե մենք ոնց իրեն քննադատեցինք, բացահայտեցինք այդ սրիկայությունը։ Անվտանգության խորհրդի քարտուղար կոչված էակը ասաց՝ կոմպրոմիսի ենք եկել Ադրբեջանի հետ, հո չէի՞նք լքելու այդ դահլիճը, պետք է ստիպված աշխատեինք։
Այսինքն՝ այն, ինչ որ Նիկոլի կողմից համաձայնեցված կոմպրոմիս էր՝ Լեռնային Ղարաբաղ բառը չօգտագործել այդ հանդիպման ժամանակ, այլևս Բրյուսելի պաշտոնական ձևակերպումների մեջ է տեղ գտնում․․․
Սա է Նիկոլի պատճառով ԵՄ-ի կողմից բաց կերպով մատուցվող քաղաքականությունը։ Այն դեպքում, որ Սերժի թողած ժառանգության, 2017 թվականին ստորագրված՝ ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով ֆիքսված էր ոչ միայն Լեռնային Ղարաբաղ, այլև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման սկզբունքները այդ թվում՝ ժողովրդի ինքնորոշման իրավունքը»։
Ամփոփելով խոսքը՝ ՀՀԿ փոխնախագահն ասաց, որ սա Հայաստանի արտաքին դիրքերի գահավիժման, քանդման հերթական աղաղակող ապացույցն է։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում