3 տոկոս միջնորդավճարն ուղղակի թալան է և վերջ. Ատոմ Մարգարյան
Համավարակի, ռուս-ուկրաինական հակամարտության և այդ համատեքստում Ռուսաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցների հետևանքով՝ մեծ տատանում է առաջացել տարածաշրջանի ֆինանսական շուկաներում։
Հայաստանի տնտեսության և ֆինանսական համակարգի վրա արտաքին գործոնների հնարավոր ազդեցությունը մեղմելու նպատակով՝ Կենտրոնական բանկը պարբերաբար ինչ-ինչ գործառույթներ է իրականացնում: Մասնագիտական տարբեր շրջանակներ, սակայն, ԿԲ միջամտությունները ոչ միշտ են արդարացված համարում. նման միջամտություններից է բանկերի կողմից դոլարի ու եվրոյի կանխիկացման դեպքում պահվող 2-5 տոկոս միջնորդավճարների նոր պրակտիկան:
Ու թեև կան կարծիքներ, որ վերջինս բխում է ԿԲ-ի՝ ֆինանսական կայունությունն ապահովելուն միտված պարտավորությունից, այդուհանդերձ, քիչ չեն քննադատությունները, որոնք օբյեկտիվ չեն համարում շարքային քաղաքացու վրա նման բեռ դնելը:
«Ոչ մի հիմնավորում չկա. թող բերեն ծախսերի հիմնավորումները: Դրանք կամայական որոշումներ են, որոնց միակ նպատակը բանկերը հարստացնելն է, բանկերի սեփականատերերին հարստացնելն է»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով թեմային՝ նշեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների լաբորատորիայի ղեկավար, տնտեսական գիտությունների դոկտոր Ատոմ Մարգարյանը:
Տնտեսագետը շեշտեց՝ ծախսերը չեն կարող այս աստիճան բարձր լինել. ըստ նրա՝ թանկ փողի քաղաքականությունը, ֆինանսական միջոցների անհասանելիությունը, գործարքների թանկությունը բումերանգ է, որը, ի վերջո, հարվածելու է ներդրումներին:
«Ընդհանրապես, ներդրումային կորագիծը վարընթաց է՝ շատ վատ ներդրումային իրավիճակ է, և այս կարգի որոշումներն ու վճիռներն էլ ավելի են վատթարացնելու իրավիճակը:
Այլ բան՝ եթե որպես միջնորդավճար՝ ինչ-որ տասնորդական մաս պահվեր, օրինակ, 0.1 տոկոս, բայց 3 տոկոսն ուղղակի թալան է և վերջ. իրերը պետք է իրենց անուններով կոչել և վերջ»,- հավելեց նա:
Ատոմ Մարգարյանի խոսքով՝ բանկի տերերը Հայաստանի խոշոր կապիտալի սեփականատերերն են՝ «նախկինները», որոնք «նորերի» հետ ձեռք ձեռքի տված՝ նման որոշումներ են կայացնում, իսկ տուժողը շարքային քաղաքացին է դառնում: