348 միլիոն դրամ՝ օնլայն դատավարություն իրականացնելու ծրագրի ներդրման համար
Կառավարության այսօրվա նիստում Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը ներկայացնելով ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունը՝ ասաց, որ այս ռազմավարությունը նոր չէ, այն 2019 թվականին ընդունված ռազմավարության շարունակությունն է․
«Որոշ կարևոր ուղղություններ, ցավոք սրտի, չեն իրագործվել՝ կապված համաճարակի և պատերազմի հանգամանքների հետ, բայց նաև որոշ ուղղություններ, որոնք շատ կարևոր են, մենք երկար սպասելու կարիք չենք ունենա մինչև ռազմավարության ավարտը՝ 2026 թվականը։ Դրանցից շատ-շատերը համարյա պատրաստի վիճակում են, և առաջիկա ամիսներին մենք կկարողանանք դրանք ներկայացնել կամ իրագործել մեր հանրության համար»։
Անդրեասյանը ներկայացրեց մի քանի բովանդակային խնդիր, որոնք ներառված են առաջարկվող ռազմավարության մեջ․
«Առաջինը դատական համակարգի բարեփոխումն է, որտեղ մենք նախատեսում ենք հակակոռուպցիոն դատարանների ողջ շղթայի գործարկումը։ Համակարգը գրեթե ամբողջությամբ պատրաստ է թե օրենսդրական, թե կադրային, թե շենքային և աշխատանքային պայմաններով, և առաջիկա ամիսներին մենք կունենանք հակակոռուպցիոն դատարաններ երեք ատյաններում»։
Անդրեասյանի խոսքով՝ մյուս կարևոր ուղղությունը դատարանների, դատական գործընթացների թվայնացումն է․
«Այստեղ մենք ուզում ենք հատուկ շեշտադրել շատ կարևոր ուղղություն, որը կոչվում է էլեկտրոնային արդարադատություն։ Սա միայն դատարաններին չի վերաբերում, այլ նաև քրեական արդարադատության ամբողջ համակարգին, նախաքննության մարմինների թվայնացմանը։ Այս ուղղությամբ, օրինակ՝ Դատախազության հետ աշխատանքներում արդեն մոտ ենք, որպեսզի քննիչների և դատախազների ամբողջ գործընթացները թվայնացվեն և վարույթները միմյանց փոխանցվեն թվային եղանակներով։
Նույն տրամաբանությամբ ուզում եմ հատուկ ընդգծել, որ այսօր չզեկցուցվող հարցերից մեկով՝ 13-րդ հարցով, արդեն անցկացվել է մրցույթ, և քաղաքացիական դատավարությունը կարող է թվայնացվել, եթե այս վերաբաշխումը տեղի ունենա։
Չզեկուցվող հարցով շուրջ 348.000.000 (երեք հարյուր քառասունութ միլիոն) դրամ մենք տրամադրում ենք: Պայմանով անցկացված մրցույթին արդեն կա հաղթող և տրամադրում ենք, որպեսզի քաղաքացիական դատավարությունը թվայնացվի»։
Նախարարը նաև պարզաբանեց, թե համակարգը թվայնացնելով ինչ առավելություններ է ստանում համակարգը, օրինակ, փաստաբանները հնարավորություն կստանան իրենց գրասենյակներից հայցադիմումներ, միջնորդություններ կամ ապացույցներ ներկայացնել․
«Գործընթացը կարող է ամբողջությամբ թվայնացվել, օրենսդրական որոշակի լուծումներով նաև կարող են դատական քննություններ անցկացվել օնլայն, այսինքն՝ առանց մարդու կամ փաստաբանների դատարան այցելելու։
Այս ամբողջ թվայնացման գործընթացը ռազմավարությունում կարևոր ուղղություն է, և այս նույնը, որն այսօր որոշումով հատկացնում ենք քաղաքացիական դատավարությանը, լինելու է վարչական և քրեական դատավարության դեպքում»։
Կարեն Անդրեասյանի խոսքով՝ մեկ այլ կարևոր խնդիր էլ բարեվարքության ստուգումն է, որը միայն դատավորների բարեվարքությանը չի վերաբերում․
«Այսօրվա համակարգում միայն նոր համակարգ մտնող դատավորների բարեվարքությունն է ստուգվում, իսկ ռազմավարությամբ առաջիկա ամիսներին մենք նախաձեռնելու ենք, որպեսզի բոլոր գործող դատավորների բարեվարքությունը ստուգվի։ Սա կոռուպցիայի դեմ լրջագույն պայքարի միջոց կդառնա։ Բարեվարքության ստուգում է նախատեսվում դատախազների, քննիչների, քրեակատարողական համակարգի աշխատակիցների և մի շարք այլ ոլորտների համար․․․․»։
Ըստ նախարարի՝ ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունում մեկ այլ կարևոր քայլ է ԲԴԽ-ում կարգապահական որոշումների բողոքարկման հնարավորության նախատեսումը, որը նույնպես օրենսդրական լուծումներով առաջիկա ամիսներին կներկայացվի Կառավարությանը, ապա՝ Ազգային ժողովին։
Իր հերթին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իրենց կատարած բարեփոխումների վերաբերյալ հաճախ քննադատություններ են հնչում, հատկապես դատական համակարգում տեղի ունեցող բարեփոխումների վերաբերյալ, ինչի հետ ինքը ևս համաձայն է․
«Մեզ ամենաշատը քննադատում են, որ դատական համակարգում բարեփոխումները թերևս բավարար հաջողություն կամ ինտենսիվություն չեն ունեցել, ես ինքս էլ արձանագրել եմ դա բազմիցս, որ մենք ընդհանուր առմամբ այնքան էլ գոհ չենք այդ ոլորտում տեղի ունեցող բարեփոխումներից․․․»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում