Աստծուն ճանաչելու բանաձևը՝ պահք
Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին նախորդող շաբաթապահքը Հայ Եկեղեցում կոչվում է Վարդավառի պահք: Պահքի վերջին շաբաթ օրը նավակատիք է:
Քանի որ Վարդավառը տարվա հինգ տաղավար տոներից մեկն է, ինչպես բոլոր տաղավար տոներից առաջ, այս տոնին ևս նախորդում է պահոց շաբաթը: Պահքի շաբաթը սկսվում է տաղավար տոնի նախորդ երկուշաբթի օրվանից: Հավելենք նաև, որ բոլոր տաղավար տոներին նախորդող կիրակին Բարեկենդան է՝ բացառությամբ Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարության տոների: Քանի որ Սուրբ Ծննդյան տոնն անշարժ է, դրան նախորդող Բարեկենդանը միշտ նշվում է դեկտեմբերի 29-ին: Սուրբ Հարության տոնին նախորդող Բարեկենդանը կոչվում է Բուն Բարեկենդան և նշվում է Մեծ Պահքին նախորդող կիրակի օրը Այսօր՝ հուլիսի 17-ին, Վարդավառի պահքի Բարեկենդանն է, իսկ վաղվանից արդեն սկսվելու է բուն պահքը։
Շաբաթ երեկոյան կատարվում է Վարդավառի նախատոնակը, իսկ կիրակի օրը՝ այս տարի հուլիսի 24-ին տոնելու ենք Վարդավառը՝ Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը, որի առթիվ բոլոր եկեղեցիներում մատուցվելու է Սուրբ Պատարագ։ Տոնի հաջորդ օրը Մեռելոց է՝ ի հիշատակ բոլոր ննջեցելոց:
Մի քանի կանոններ, որ պիտի իմանանք պահք պահելիս․
Պիտի հրաժարվենք կենդանական ծագում ունեցող բոլոր տեսակի կերակուրներից (մսեղեն, կաթնեղեն, ձկնեղեն, ձու)։
Պիտի հրաժարվենք զանազան մոլություններից (Օրինակ՝ ծխախոտ, ոգելից խմիչք, թմրադեղ, թղթախաղ, հաճույքի և զվարճանքի վայրեր, որկրամոլություն, ագահություն, բղջախոհություն և այլն):
Պիտի հրաշարվենք լեզվի «հիվանդություններից»` ստախոսությունից, հայհոյանքից, շատախոսությունից և ամեն տեսակ լեզվական արատներից, որոնք դեմ են մարդկային արժանապատվությանը և պղծում են մարդուն։
Պիտի հրաժարվենք գանգատներից, տրտունջներից, նախանձից, հպարտությունից։
Պիտի հեռու վանենք մեզանից եսասիրությունը։
Անդադար աղոթենք՝ վստահ լինելով, որ Աստված լսում է մեր աղոթքները։
Թող որ այս պահքը, ինչպես մեր Եկեղեցում սահմանված մյուս պահքերը, ևս մեկ առիթ դառնա խորհելու կարևորի մասին, մոտենալու Աստծուն։ Պահք, աղոթք, զղջում և ապաշխարություն՝ հենց այս է այն բանաձևը, որով ճանաչում ենք Աստծուն, որով ճանաչում է մեզ Աստված։