Արմենի մահը քաղաքական սպանության դրսևորում էր. Արմեն Աշոտյան
«Նման սպանությունները ոչ ոք չի մարսում»,- այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ով մասնակցում է պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի հոգեհանգստյան արարողությանը:
Նա նշեց․ «Արմենի մահը քաղաքական սպանություն էր, ոչ միայն քաղաքական շինծու գործ էր, այլև քաղաքական կալանավորում էր ու քաղաքական դատավարություն, քաղաքական սպանություն։ Սպանության ձևերը տարբեր են, անպայման չէր գյուլլել և, այսպես ասած, մարդ վերացնել, մարդկանց դեմ քաղաքական ռեժիմներն այնպիսին, ինչպիսին մեզ մոտ Հայաստանում է, կիրառում են շատ տարբեր պրակտիկաներ՝ քաղաքական սպանության դրսևորում էր Արմենի մահը և միջազգային պրակտիկայից եք խոսում, մենք վաղուց ենք ընտելացել, որ, այսպես կոչված, եվրոպական ժողովրդավարական հանրույթը, Եվրոպայի խորհրդի տարածքը , որն իբր թե մարդու իրավունքների նկատմամբ ուներ պաշտամունքային վերաբերմունք, կարծես թե կրոն լիներ, իրականում ցույց է տալիս երկդիմի վերաբերմունքը ՀՀ-ու տեղի ունեցող գործընթացների նկատմամբ։ Ես, ավաղ, որևէ ակնկալիք չունեմ, որ Արմենի մահը կարող է դառնալ այն վերջին ապտակը այն կառույցներին, որոնք ստիպված պետք է լինեն ուշքի գալ և հայտարարված արժեքներին համահունչ առնվազն ձև տան, որ իսկապես քաղաքականություն են իրականացնում»։
Արմեն Աշոտյանը գտնում է, որ նման սպանությունները ոչ ոք չի մարսում։ Նրա խոսքով, այդ սպանությունների մեղավորներն անպայման պատժվում են կամ մարդկանց կողմից, կամ օրենքով, կամ Աստծո կողմից։ «Արմենի նման ինտելեկտուալ կորցնելը մեծ կորուստ է, մեծ կորուստ է հայ հասարակության, քաղաքական դաշտի համար, մտքի համար, իր ընտանիքի, ընկերների համար ավելորդ են խոսքերը, թե ինչպիսի մեծ հարված է»,-ասաց Աշոտյանը։
Նա ցավով արձանագրեց, որ ապրում ենք մի սարսափելի ժամանակահատվածում, երբ մարդու մահը վերածվում է ռեալիթի շոուի։ «Մենք տեսանք Արմենի մահը ուղիղ եթերում, այսինքն՝ նա ժպտում էր, պայքարում էր, մեզ փորձում էր դրական էներգիա փոխանցել, հետո ուղիղ եթերում վատացավ ու ուղիղ եթերում մահացավ։ Այսպիսին է դարձել այսօրվա կյանքը, որ ամեն ինչ դարձել է ռեալիթի շուուի նման մի բան»,-մեծ ցավով ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։