Քանի՞ միլիոն դոլարի ներդրում է արել 5 ամսում Հայաստանը Թուրքիայի տնտեսության մեջ. սահմանի բացումն ու թուրքական գրոհը

Մինչ իշխանությունները հանպատրաստից շտապում են բացել հայ-թուրքական սահմանը և այս փուլում սկսել օդային բեռնափոխադրումները, թուրքական ապրանքների էքսպանսիան հայկական շուկայում մեծ տեմպերով աճում է։

Հիշեցնենք, որ օրերս ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, պետք է քայլեր ձեռնարկել հնարավորինս կարճ ժամկետում երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացելու և օդային ճանապարհով բեռնափոխադրումներ սկսելու համար։ Այդ առումով կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հատուկ հանձնարարություն իջեցրեց գերատեսչություններին, որպեսզի աշխատանքներն արագ իրականացնեն և նախապատրաստեն սահմանների բացումը։

Առայժմ սահմանը փակ կմնա երկու երկրների քաղաքացիների տեղաշարժերի համար։ Ենթադրվում է, որ դա կլինի «համագործակցության» երկրորդ փուլում։

Սահմանը փակ կլինի նաև ցամաքային բեռնափոխադրումների կազմակերպման համար։ Չնայած դա չի խանգարում, որ երրորդ երկրների միջոցով թուրքական ապրանքների հոսքը հայկական շուկայում մեծ տեմպերով ավելանա։

Էմբարգոյի վերացումից կարճ ժամանակ անց ակնհայտ է, որ թուրքական ապրանքների մուտքը Հայաստան ամբողջությամբ վերականգնվել է։ Այն հասել է մինչև արգելք իրականացվող ներմուծումների ծավալներին։

Պաշտոնական տվյալներով, այս տարվա առաջին 5 ամիսներին Թուրքիայից Հայաստան է ներմուծվել գրեթե 76,4 մլն դոլարի ապրանք։ Հունվարին ներմուծվել է 7,9 միլիոնի, փետրվարին՝ 14,9 միլիոնի, մարտին՝ 18,2 միլիոնի, ապրիլին՝ 17,9 միլիոնի, և մայիսին՝ 17,4 մլն դոլարի ապրանք։

Ներմուծման ծավալները նախորդ տարվա արգելանքից հետո այս տարի կրկին աճել են, այն էլ՝ չափազանց կտրուկ։ Խոսքը գրեթե 11 անգամ աճի մասին է։

Ներմուծողները, կարելի է ասել, ամբողջությամբ վերադարձել են թուրքական ապրանքներին։

Այնինչ՝ անցած տարի, երբ տարբեր պատճառաբանություններով որոշվեց սահմանափակումներ կիրառել թուրքական ապրանքների վրա, ներմուծումները նույնքան կտրուկ կրճատվեցին։ Ղարաբաղյան պատերազմից հետո որոշակի արշավ սկսվեց նաև թուրքական ապրանքների սպառման նկատմամբ։ Այս 2 գործոնների հետևանքով 2021թ. 5 ամսում Թուրքիայից Հայաստան էր բերվել ընդամենը 7,6 մլն դոլարի ապրանք։

Իհարկե, զարտուղի ճանապարհներով ևս որոշ քանակությամբ թուրքական ապրանք մտնում էր Հայաստան, սակայն ներմուծումների կրճատումն ակնհայտ է։

Այժմ դրանք լիովին վերականգնվել են։ Այս տարվա առաջին 5 ամիսներին այնքան ապրանք է բերվել Թուրքիայից, որքան բերվել էր 2020թ. նույն ժամանակահատվածում։ Այն ժամանակ ներմուծվել էր 76,8 միլիոնի, այս տարի ներմուծվել է 76,4 մլն դոլարի թուրքական ապրանք։ Մեր տնտեսությունն ու սպառողական շուկան շատ արագ վերադարձավ այնտեղ, որտեղից նպատակ ուներ դուրս գալ։

Ներմուծումների ծավալների վերականգնումը նշանակում է, որ դրված նպատակները ոչնչով չեն արդարացվել։

Թուրքական ապրանքները տեղականով փոխարինելու նպատակը լիովին տապալվել է, իսկ մարդիկ, ովքեր հավատացել էին իշխանություններին ու ներդրումներ իրականացրել իրենց արտադրության ընդլայնման համար՝ կրկին բախվել են թուրքական ապրանքների ճնշմանը։ Հատկապես որ, դրանց մրցունակությունը վերջին մեկ-մեկուկես տարում էլ ավելի է մեծացել, մի կողմից՝ թուրքական լիրայի թուլացման, մյուս կողմից՝ հայկական դրամի ամրապնդման հետևանքով։ Տեղական արտադրողն այս ամենից կրկին խաբված դուրս եկավ։

Հինգ ամսվա ընթացքում Հայաստանն ավելի քան 76 մլն դոլարի ֆինանսական ներարկում է իրականացրել Թուրքիայի տնտեսության մեջ։

Յուրաքանչյուր դոլարի ներմուծումն ուղղակի ներդրում է այդ երկրի տնտեսության մեջ։ Դրանով մենք ֆինանսավորում, հարստացնում ու ուժեղացնում ենք թուրքական տնտեսությունը։

Նախկինում, երբ արգելանք էր դրվում թուրքական ապրանքների ներմուծման վրա, հիմնավորումներից մեկն էլ սա էր։ Բայց հիմա արդեն այդ մասին չեն էլ հիշում։ Իշխանություններն ինքնամոռաց լծվել են Թուրքիայի հետ սահմանների բացմանը՝ առանց հետևանքները հաշվի առնելու։

Փակ սահմանների ու չգործող դիվանագիտական հարաբերությունների պայմաններում արդեն թուրքական ապրանքների այսպիսի մեծ հոսք կա Հայաստան։ Դժվար չէ պատկերացնել, թե այդ հոսքերը որքանով կավելանան սահմանների բացումից և ուղիղ հարաբերությունների հաստատումից հետո։

Թուրքիայի տնտեսությունն այս ամենից միայն շահում է։ Հայաստանը մի քանի հարյուր միլիոն դոլարանոց շուկա է Թուքիայի տնտեսության համար։ Մինչև անցած տարվա արգելափակումները՝ այդ երկիրը Հայաստան էր արտահանում տարեկան 250-300 մլն դոլարի ապրանք։

Կասկած չկա, որ սահմանների բացումից հետո այդ ծավալն ավելի կընդլայնեն։

Փոխարենը, ինչպես նախկինում, այնպես էլ արգելանքի վերացումից հետո ոչինչ չի շահել Հայաստանի տնտեսությունը։

Արտահանումները թուրքական շուկայում ինչպես եղել, այնպես էլ մնացել են զրոյական մակարդակում. 5 ամսում՝ ընդամենը 319 հազար դոլար։

Այս պահին երկու երկրների արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռն ահռելի է. այն հասնում է 238 անգամի։ Կարելի է ասել, գործ ունենք առևտրային միակողմանի հարաբերությունների հետ։  Հայաստանը մեծ քանակությամբ ներմուծում է, առանց արտահանումների։

Սա նշանակում է, որ ներկա վիճակով մեր տնտեսությունը ոչինչ չունի առաջարկելու թուրքական շուկային։ Նման պայմաններում տնտեսության համար ինքնասպանություն է՝ գնալ սահմանների բացմանը։

Իսկ եթե այնուամենայնիվ դա պարտադրված քայլ է, ապա գոնե պետք է մտածել մինչ այդ վերացնելու այն մաքսային սահմանափակումները, որոնք գործում են հայկական ապրանքների համար թուրքական շուկա մուտք գործելու ճանապարհին։ Այլապես, սահմանի բացումը կդառնա հերթական առավելությունը՝ հայկական շուկայում թուրքական ապրանքների անարգել մատակարարումների համար։ Փոխարենը՝ դա կբերի տեղական այն արտադրատեսակների կործանմանը, որոնք դեռ ինչ-որ կերպ փորձում են մրցակցել թուրքականի հետ։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս