Աշտարակում մարտական նռնակով զինված տղամարդը «Ծիրան» սուպերմարկետի մոտ սպառնում է այն պայթեցնել. նրա հետ բանակցություններ է վարում մարզի ոստիկանապետը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:   Ժամը 21:50-ի սահմաններում, ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ մի տղամարդ՝ մարտական նռնակով զինված, մտել է Աշտարակ քաղաքում հայտնի «Ծիրան» սուպերմարկետ և մուտքի մոտ սպառնում է նռնակը պայթեցնել:

Ոստիկանության Աշտարակի բաժնի համայնքային բաժանմունքի ծառայողները՝ քաղաքացիների անվտանգությունից ելնելով, սահմանազատել են տարածքը, այդ ընթացքում էլ մարզի ոստիկանապետի գլխավորությամբ բանակցություններ են սկսվել այդ տղամարդու հետ:

Որոշ ժամանակ անց այդ տղամարդը մարտական նռնակով տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժին, սակայն նռնակի օղակը դեռևս վնասազերծված չէ:

Այս պահին նրա հետ ոստիկանների բանակցությունները շարունակվում են, իսկ նա պահանջ է ներկայացրել՝ ասելով. «Եթե երեխաներիս չտեսնեմ, նռնակը գործի եմ դնելու»:   Գ. Շամշյանի տեղեկություններով, տղամարդը, ով ամուսնալուծված է, պահանջում է, որպեսզի նախկին կինը թույլատրի, որ ինքը տեսակցի իր երեխաներին:   Նախաքննության շահերից ելնելով, տղամարդու և կնոջ ինքնությունները չենք հրապարակում:

Տեսանյութեր

Լրահոս