Փաշինյանն իրենով արեց «Սաշիկի արագաչափերի» բիզնեսը, որի հետ կապն այդպես էլ չապացուցեց ու ներողություն չխնդրեց ստերի համար. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարության նիստում հաստատեց «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» ՊՈԱԿ ստեղծելու մասին որոշումը։ Դրանով հրաժարվում են, այսպես կոչված, «Սաշիկի արագաչափերից», որոնք, իրականում, Սաշիկինը չէին, այլ «Սեքյուրիթի դրիմ» ընկերությանը։ Եվ նա հենց այդպես էլ բնութագրեց, որ դրանով ավարտվում է «Սեքյուրիթի դրիմի» դարաշրջանը։
Բանն այն է, որ պետության տեսալուսանկարահանող սարքերի ձեռքբերման ու դրանց աշխատանքի կազմակերպման հարցով մինչ այս պահը զբաղվում էր «Սեքյուրիթի դրիմ» մասնավոր ընկերությունը, որը կապում էին Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի հետ, սակայն այդպես էլ այդ կապը չապացուցեցին, բայց նաեւ դրա հաշվին հեղափոխություն արեցին ու եկան իշխանության՝ հետագայում ներողություն անգամ չխնդրելով իրենց տարածած ստերի եւ անհիմն հայտարարությունների համար։
Այսօր այդ գործառույթը խլում են «Սեքյուրիթի դրիմից» եւ տալիս ամբողջությամբ պետությանը՝ ստեղծելով վերը նշված ՊՈԱԿ-ը։ «Եթե կարճ ձեւակերպենք, կայացնում ենք հետեւյալ որոշումը. այն գործառույթը, որն իրականացնում է «Սեքյուրիթի դրիմ» մասնավոր ընկերությունը, մենք վերցնում եւ իրականացնում ենք պետական ոչ առեւտրային կազմակերպության միջոցով:
Գիտեք՝ այս պատմությունը որտեղից է սկսվել, ժամանակի ընթացքում բազմիցս ենք դրան անդրադարձել, նախկինում ընդդիմադիր դաշտում գործելու ժամանակահատվածում՝ եւս: Բայց, ըստ էության, այս որոշման համար վերջին կաթիլը հանդիսացել է այն, երբ մենք մրցույթ էինք հայտարարել եւ փորձել ենք հնարավորինս այդ մրցութային պայմաններով պաշտպանել հանրային շահը եւ տեսել ենք, որ մրցույթը, մրցութային օրենսդրությունը որոշակի մանիպուլյացիաների համար են օգտագործվում, ինչ-որ սխեմաներ են օգտագործվում եւ այլն:
Մենք որոշել ենք այս թեման ընդհանրապես ֆունդամենտալ ձեւով փակել: Ինչո՞ւ ավելի շուտ եւ ավելի արագ չէինք կայացնում այս որոշումը, որովհետեւ գործառույթն ինքնին բավական բարդ է, եւ մեր հիմնական խնդիրը հետեւյալն էր՝ արդյոք կկարողանա՞նք պետական տանիքի ներքո այդ գործառույթն իրականացնել: Բավական երկար ժամանակ աշխատանքներն արվել են, համոզված ենք, որ այդ գործառույթները պատշաճ ձեւով կիրականացվեն, եւ այլեւս խոսակցություն չի լինի, թե պետությունը եկամտի որ մասն ում հետ պետք է բաժանի:
Մենք այդ ամբողջ եկամուտը բերում ենք պետական տիրույթ, մնացածն արդեն մեր ներքին քննարկումների հարցն է: Ըստ էության, արձանագրենք, որ, պայմանականորեն ասած, «Սեքյուրիթի դրիմ»-ի դարաշրջանն այսպիսով բարեհաջող ավարտվում է, եւ գործառույթը դառնում է լիարժեք պետական»,- ինքնախոստովանանքով հանդես եկավ ընդդիմադիր եղած շրջանում «Սաշիկի արագաչափերի» հետ կռիվ տված Փաշինյանը։
ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանն էլ ասաց, թե կազմակերպությունը տեխնիկական միջոցների օգտագործմամբ օժանդակելու է հանցագործությունների եւ վարչական իրավախախտումների հայտնաբերմանը, ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառի վարչական իրավախախտումների գործերով վարույթի նախապատրաստական աշխատանքների իրականացմանը, իսկ այլ դեպքերում՝ լիազոր մարմնի պահանջով տեսալուսանկարահանող համակարգերով հավաքված տեղեկություններ տրամադրելու միջոցով օժանդակելու է վարույթին։ Այդ սարքերի միջոցով հայտնաբերված վարչական իրավախախտումներով գանձված տուգանքներն էլ օրենքով սահմանված կարգով մուտքագրվելու են պետական բյուջե։
Նախատեսվում է, որ նշված ՊՈԱԿ-ը կմիանա Երեւան քաղաքում ավտոկայանատեղերի կազմակերպում իրականացնող «Փարքինգ սիթի սերվիս» ՓԲԸ ծրագրին, ինչպես նաեւ դեղատների, զենքի առեւտուր իրականացնելու համար նախատեսված շինությունների, առեւտրի իրականացման վայրերի, հանրային սննդի, կենցաղային ծառայության օբյեկտների, խաղատների եւ խաղասրահների մուտքերը տեսաձայնագրող համակարգերին։ ՊՈԱԿ-ի պահպանման ծախսերն իրականացվելու են ոստիկանության տարեկան բյուջեի հաշվին»: