
Ես դեռ 2018-ին Մեղրիում խոստացել եմ, որ մանկապարտեզը կգործի, ինձ համար տհաճ անակնկալ էր, որ մինչև հիմա չի գործում․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանն իր մտահոգությունը հայտնեց այն հարցի կապակցությամբ, որ Մեղրի քաղաքում դեռ 2018 թվականին խոստացված մանկապարտեզը շահագործման չի հանձնվել: Այնինչ՝ ֆինանսավորումը եղել է:
«Ուզում եմ անդրադառնալ Մեղրի քաղաքի մանկապարտեզին: Դեռ 2018 թվականին Մեղրի քաղաքում խոստում եմ տվել մանկապարտեզի հետ կապված: Շինարարության համար միջոցներ է հատկացրել «Իմ քայլը» հիմնադրամը: Ինձ համար տհաճ անակնկալ է այն, որ մանկապարտեզը չի գործում: Ինչո՞ւ ֆինանսավորման պայմաններում գործը չի արվել: Լուսանկարներ են ուղարկել ինձ, խայտառակ պատկեր է: Հանձնարական եմ տվել փոխվարչապետ Մաթևոսյանին: Ես այս հարցը համարում եմ ինձ համար անձնական պատասխանատվություն, անկախ նրանից, թե ով է կապալառուն»,- ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ աշխատանքների թերացման հարցի պարզաբանման պրոցեսից պետք է երեխաները չտուժեն: Նա հստակ հանձնարական տվեց՝ մանկապարտեզը պետք է շահագործման հանձնվի: