Բասկետբոլի տարբեր տարիքային հավաքականներ շարունակում են ելույթները ԵԱ-ում
Հայաստանի բասկետբոլի տարբեր տարիքային հավաքականները շարունակում են ելույթները Եվրոպայի առաջնություններում: Այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան: Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականը շարունակում է իր ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբում:
Երկրորդ խաղում Հայաստանի հավաքականը 84-72 հաշվով հաղթեց Մոլդովայի հավաքականին: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Գրեգորի Ղազարյանն էր՝ վաստակած 33 միավորով: Նա նաև 2 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 6 արդյունավետ փոխանցում: Հայաստանի հավաքականը երրորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 14-ին` մրցելով Ջիբրալթարի հետ:
Հայաստանի կանանց Մ20 տարեկանների հավաքականը ավարտեց իր ելույթները Եվրոպայի առաջնության B դիվիզիոնի B ենթախմբում: Երրորդ խաղում Հայաստանի հավաքականը 30-101 հաշվով զիջեց Գերմանիայի հավաքականին: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը գերմանացի Լինա Սոնտագն էր՝ վաստակած 39 միավորով: Անցկացրած առաջին խաղում Հայաստանը 49-46 հաշվով հաղթել էր Վրաստանին, իսկ երկրորդ խաղում պարտվել էր Իսրայելի հավաքականին:
Հայաստանի կանանց Մ16 տարեկանների հավաքականը սկսեց իր ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբում: Առաջին խաղում Հայաստանի հավաքականը 61-43 հաշվով հաղթեց Մոլդովայի հավաքականին: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Սեդա Գաբրիելյանն էր՝ վաստակած 25 միավորով: Նա նաև 9 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 1 արդյունավետ փոխանցում: Հայաստանի հավաքականը երկրորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 14-ին` մրցելով Կիպրոսի հետ: