
Հայոց ցեղասպանության թեմայով «Disney+»-ը ի՞նչ է զգուշացրել թարգմանիչներին

Շուրջ 130 մլն օգտատեր ուենցող ամերիկյան «Disney+» թվային հարթակի ղեկավարությունը նախազգուշական նամակ է ուղարկել ենթագրերի թարգմանիչների էլեկտրոնային հասցեներին:
Նամակում ներառված են մի շարք նախազգուշացումներ՝ կապված քաղաքական գործընթացների հետ։ Դրանք մասնավորապես առնչվում են Հայոց ցեղապանության, իսլամի թեմաներին, քրդական հարցին ու կիպրական խնդրին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ընկերությունը թարգմանիչներից պահանջել է «Disney+»-ի Թուրքիայի պատասխանատուներին անպայման տեղյակ պահել, եթե տեսնեն, որ կինոարտադրողներն անդրադարձել են վերոհիշյալ թեմաներին։
Թարգմանիչներից նաև պահանջվել է ընկերության ղեկավար կազմին տեղյակ պահել, եթե պարզվի, որ ֆիլմերում կինոարտադրողներն Էրդողանին ներկայացնում են որպես բռնապետ, ինչպես նաև եթե նկարահանումներում ներգրավված են LGBTIQ+ համայնքի անդամներ։
Վերջին տարիներին Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը (RTÜK) թվային հարթակներին կոչ է անում արտոնագրեր ստանալու համար դիմել և Թուրքիայում գրասենյակներ բացել, հակառակ դեպքում՝ սպառնում է, որ վերջիններիս դեմ պատժամիջոցներ կկիրառի։
Թվային հարթակները, ներառյալ Netflix-ը և MUBI-ն, արձագանքել են այդ կոչին, հանրության լայն շրջանակները, սակայն, դա համարում են գրաքննության դրսևորում։