Անգամ սահմանի վերաբացման ու տրանսպորտային կապի հաստատման պարագայում՝ մենք շարունակելու ենք հանդես գալ՝ որպես ներկրող․ Վահե Դավթյան

Հայ-թուրքական վերջին հանդիպումից հետո կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայաստանյան գերատեսչություներին հանձնարարեց կոորդինացված աշխատել Թուրքիայի պետական կառույցների հետ, որպեսզի ձեռք բերված համաձայնությունը հնարավորինս շուտ կյանքի կոչեն։

Հիշեցնենք՝ Վիեննայում Հայաստանի ու Թուրքիայի ներկայացուցիչների՝ խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումից հետո Երևանն ու Անկարան հայտարարել էին երրորդ երկրների քաղաքացիների համար հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովելու և ուղիղ օդային բեռնափոխադրումներ մեկնարկելու մասին։

 Այս պայմանավորվածությունները նոր շունչ հաղորդեցին իշխանական ու մերձիշխանական տաբեր շրջանակների ոգևորությանը, որոնք դարձյալ սկսեցին առանց կոնկրետ հաշվարկների՝ գերագնահատել Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանների վերաբացման դրական ազդեցությունը։

168.amքաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկ և տրանսպորտային-լոգիստիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանից հետաքրքրվեց, թե կոնկրետ օդային բեռնափոխադրումների վերաբերյալ պայմանավորվածությունն ի՞նչ կփոխի հայ-թուրքական տնտեսական հարաբերություններում և ի՞նչ ռեալ տնտեսական արդյունքներ կապահովի։

Վահե Դավթյանն ի պատասխան՝ այս պայմանավորվածությունը որակեց սիմվոլիկ և բացառապես քաղաքական նշանակության։ Նա հիշեցրեց՝ հայ-թուրքական առևտրաշրջանառության բաղադրիչ են այնպիսի ապրանքներ, որոնց ներկրումը ինքնաթիռով տնտեսապես նպատակահարմար չէ՝ հաշվի առնելով օդային փոխադրումների բարձր գինը:

«Դրանք են հիմնականում տրիկոտաժե հագուստն ու պաստառները, բամբակե գործվածքները, ցիտրուսային պտուղները, ինչպես նաև նավթամթերքը: Վերջինին հատկապես պետք է ուշադրություն դարձնել՝ հաշվի առնելով հայաստանյան բենզինի շուկայի վերաձևավորման ակտիվ փորձերը, որոնք արվում են իշխանության կողմից: Օդային ճանապարհով, որպես կանոն, նպատակահարմար է իրականացնել շուտ փչացող ապրանքների, ոչ ստանդարտ չափեր ունեցող բեռների, նաև հատուկ բեռնատեսակների փոխադրում․ Թուրքիայից Հայաստան ներկրվող ապրանքները չեն դասվում այդ կարգին:

Մյուս կողմից՝ գուցե Երևանի ու Անկարայի միջև կան ինչ-որ հատուկ փոխադրումների առումով փակ պայմանավորվածություններ, որոնք ենթադրում են օդային տրանսպորտի կիրառում: Ժամանակը ցույց կտա»,- մանրամասնեց փորձագետը։

Ըստ նրա՝ եթե անգամ այս գործընթացն ինչ-որ բան փոխի հայ-թուրքական տնտեսական հարաբերություններում, ապա՝ ոչ հօգուտ Հայաստանի։ Այս համատեքստում Վահե Դավթյանը հիշեցրեց՝ 1995-2021 թթ. Հայաստանը Թուրքիայից ներկրել է ավելի քան 3 մլրդ դոլարի ապրանք, արտահանել՝ ընդամենը 60 մլն դոլարի․

«Այսինքն՝ Թուրքիայում հայկական ապրանքների նկատմամբ պահանջարկ չկա, իսկ հաշվի առնելով մեր այսօրվա տնտեսական քաղաքականության բացարձակ սնանկությունը՝ վստահ եմ, որ անգամ հայ-թուրքական սահմանի վերաբացման ու տրանսպորտային կապի հաստատման պարագայում՝ մենք շարունակելու ենք հանդես գալ՝ որպես ներկրող: Դրա մասին են վկայում նաև հայ-թուրքական առևտրաշրջանառության ընթացիկ ցուցանիշները՝ թուրքական ապրանքների ներկրման արգելքի չեղարկումից հետո»։

Մեր զրուցակիցը հավելեց, որ նման պայմանավորվածություններով կողմերն ընդամենը հող են պատրաստում հայ-թուրքական հարաբերությունների հաստատման ու ցամաքային հաղորդակցությունների հաստատման համար։ Փորձագետի դիտարկմամբ՝ նույն տրամաբանությամբ շուրջ 1 տարի առաջ Հայաստանն օդային տարածք տրամադրեց Ադրբեջանին՝ Բաքու-Նախիջևան չվերթերի իրականացման համար, ինչն Ալիևի կողմից հետագայում ստացավ «օդային Զանգեզուրյան միջանցք» անվանումը։

«Նույն մարտավարության հետ էլ այստեղ գործ ունենք: Իսկ եթե խոսենք ռեալ տնտեսական էֆեկտի մասին, ապա նախևառաջ պետք է փաստենք, որ Հայաստանում անհրաժեշտ է խորքային տնտեսական մոդեռնիզացիա, տնտեսական ռազմավարության մշակում, արտահանման ուղղությունների ու առաջնահերթությունների հստակեցում: Առանց այդ ամենի՝ մենք շարունակելու ենք հանդես գալ որպես նետտո-ներկրող՝ իր բոլոր բացասական հետևանքներով:

Խնդիրը նաև այն է, որ ներկրող ապրանքների մոտ 90%-ը պատրաստի ապրանքներ են, ու միայն մնացած 10%-ը՝ հումք, ինչը ևս մեր տնտեսական ու արդյունաբերական վիճակի շատ կարևոր ցուցիչ է»,- եզրափակեց Վահե Դավթյանը։

Հայաստանի հետ օդային և ցամաքային սահմանները Թուրքիան միակողմանիորեն փակել է 1993-ին: Оդային սահմանը վերաբացվել է 1995 թվականին։

Տեսանյութեր

Լրահոս