Երևանը պատրաստվում է հյուրընկալել թուրք դիվանագետների՞ն

Փաշինյան-Էրդողան նախօրեին կայացած առաջին հեռախոսազրույցից հետո Հայաստանն ու Թուրքիան, կարծես, նախապատրաստվում են բանակցությունների Երևանում: Ռուսական «Ռիա նովոստի» գործակալությունը տեղեկություն է տարածել, որ Թուրքիան առաջարկել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հաջորդ հանդիպումն անցկացնել Անկարայում կամ Երևանում։

Սա, թերևս, նոր և գաղտնի առաջարկ չէ, բայց դրա շրջանառումը ռուսական առաջատար լրատվական գործակալության կողմից ներկայումս ամենևին պատահական չէ:

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն հունվարից սկսած իր գրեթե բոլոր հանրային ելույթներում նշում է, որ Անկարան Երևանին առաջարկել է հյուրընկալել 2 երկրների հարաբերությունները կարգավորող առաջին հանդիպումը:

Թուրքիան գործընթացի սկզբից ցանկանում էր դրանից դուրս բերել հնարավոր բոլոր երրորդ կողմերին, չնայած առանց թաքցնելու՝ խորհրդակցում է Ադրբեջանի հետ Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման համատեքստում:

Կարդացեք նաև

«Մենք Հայաստանին առաջարկել էինք՝ ասելով, որ առաջին հանդիպումը կարող ենք անցկացնել Երևանում, բայց Հայաստանը դեռ պատրաստ չէ դրան՝ ներքին ճնշման պատճառով»,- «Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ վերջին անգամ այդ առաջարկի մասին Չավուշօղլուն ասել էր հուլիսի 4-ին Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ Անկարայում կայացած մամուլի համատեղ ասուլիսում։

Չավուշօղլուն շնորհակալություն էր հայտնել Ավստրիային և հարց բարձրացրել, թե ինչո՞ւ հաջորդ հանդիպումները չանցկացնել Թուրքիայում կամ Հայաստանում։ Նա հաստատել էր նաև, որ Թուրքիան Ադրբեջանի հետ խորհրդակցում է Հայաստանի հետ հարաբերությունները նորմալացնելու յուրաքանչյուր փուլը։

«Մենք ցանկանում ենք, որ գործընթացը շարունակվի փուլ առ փուլ», – նշել էր Թուրքիայի ԱԳ նախարարը՝ նշելով, որ մյուս կողմից՝ Անկարան նաև պաշտպանում է հայ-ադրբեջանական հարաբերությունների նորմալացումը։ Չավուշօղլուն խոսելով հայ-ադրբեջանական հարաբերությունները նորմալացնելու մասին, ասել է, թե պետք է բացել «Զանգեզուրյան միջանցքը», որը պետք է ստեղծվի Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնությունների հիման վրա, ինչպես նաև իրականացնել տրանսպորտային այլ ծրագրեր։

Ինչպես երևում է տեղեկատվական «շարժից», հայկական կողմը որոշել է ընդունել Թուրքիայի առաջարկը և պատրաստ է հյուրընկալել թուրք դիվանագետներին: Սակայն ուշագրավն այն է, որ թուրքական կողմը ՀՀ որևէ առաջարկ չի ընդունում և Հայաստանին ընդառաջ որևէ քայլ չի անում՝ չի բացում միակողմանիորեն ՀՀ քաղաքացիների համար փակած սահմանը, դա չի անում նույնիսկ բանակցային 4 ռաունդներից հետո, չի բացում սահմանը նաև ՀՀ դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար:

Սակայն այս կոնտեքստում պետք է նաև նշել, որ Թուրքիայի իշխանությունները և Մևլյութ Չավուշօղլուն անթաքույց համակրանք են հայտնում Փաշինյանի իշխանությանը, աջակցություն հայտնում, քննադատելով հայկական Սփյուռքին ու ընդդիմությանը, որը բարձրացնում է Արցախի ինքնորոշման իրավունքի հարցը: Կրկին Շալենբերգի հետ համատեղ ասուլիսի ընթացքում Չավուշօղլուն ասել էր, որ Հայաստանում «ծայրահեղական խմբավորումները» հարձակվում են վարչապետի տան վրա՝ լուրջ ճնշում գործադրելով:

«Սա խոչընդոտ է ստեղծում Հայաստանի համար համարձակ քայլի գնալու համար. հարաբերությունների կարգավորման ուղղությամբ՝ ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի հետ: Ճնշումները Երևանին թույլ չեն տալիս համարձակ քայլեր ձեռնարկել կարգավորման ուղղությամբ»,- նշել էր թուրք դիվանագետը:

168.am-ը փորձեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանից մեկնաբանություն ստանալ, թե արդյոք Երևանը պատրաստվո՞ւմ է հյուրընկալել Քըլըչի պատվիրակությանը հաջորդիվ կայանալիք բանակցությունների շրջանակում:

Սակայն Հունանյանը չի պատասխանում մեր հեռախոսազանգերին: Պատասխան ստանալուն պես 168.am-ը կհրապարակի այն:

Հիշեցնենք նաև, որ հունվարի 14-ին Մոսկվայից մեկնարկեցին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպումները: Մինչ այս պահը նրանք հանդիպել են չորս անգամ, որոնցից մեկը՝ Մոսկվայում, մնացածը՝ Վիեննայում:

Տեսանյութեր

Լրահոս