Բաժիններ՝

10 մանկական խաղեր ծրագրավորում սովորելու համար

Եթե ​​ցանկանում եք ձեր երեխաներին կոդավորում սովորեցնել, ապա առաջին բանը, որի մասին դուք պետք է մտածեք, մոտիվացիան է: Դուք չպետք է ձեր երեխային երկար պատմեք ծրագրավորողի մասնագիտության մասին կամ ասեք, թե ինչպես ապագայում բոլորը պետք է կարողանան կոդ գրել Python-ում:

Ծրագրավորումն առաջին հերթին՝ ստեղծագործություն է: Մշակողներն օգտագործում են համակարգիչներն ու մաթեմատիկան՝ նոր բաներ ստեղծելու համար՝ ծրագրեր, որոնք հեշտացնում են մեր կյանքը, տեսախաղեր, որոնք մեզ զվարճացնում են, ռոբոտներ, որոնք ինքնին հիանալի են: Ձեզ համար դժվար չի լինի երեխային ծրագրավորում սովորեցնելը, եթե նրան առաջարկեք իրականություն դարձնել իր հին գաղափարները կամ լուծել առօրյա խնդիր։

Այնուամենայնիվ, շատ դեպքերում, հատկապես, եթե ցանկանում եք ծրագրավորում սովորեցնել 6-8 տարեկան երեխային, ավելի լավ է սկսել տեսողական զարգացման պարզ միջավայրերից, որոնք նույնիսկ կոդ գրել չեն պահանջում: Նման ծրագրերի արտաքին պարզության հետևում կա լուրջ տրամաբանություն, որը թույլ կտա աշակերտին մոտենալ բարդ աբստրակտ ֆունկցիաներին և մաթեմատիկական գործողություններին։

Միջազգային հայտնի ծրագրերի մասին խոսելուց առաջ պետք է հիշենք նաև հայկական կամ հայկականացված ծրագրերը, որոնք կօգնեն երեխաներին անել առաջին քայլերը ծրագրավորման ոլորտում։

Աղուէս ծրագիրը դպրոցական երեխաների մոտ զարգացնում է ալգորիթմական մտածողությունը։ Ծրագիրը հնարավոր է օգտագործել մաթեմատիկայի, ֆիզիկայի, քիմիայի և այլ ճշգրիտ գիտությունների հիմնարար սկզբունքների ուսումնասիրման, փորձերի մոդելավորման և պատկերավորման, նաև անիմացիայով ուղեկցվող դասերի ձայնագրության, ինտերակտիվ արվեստ և երաժշտություն ստեղծելու համար։ Այս ծրագիրը հնարավորություն է տալիս ստեղծել համակարգչային խաղեր, մուլտֆիլմեր և անիմացիաներ։ Այն թույլ է տալիս սովորել ծրագրավորման հիմունքները՝ պարզապես խաղալով անիմացիոն կերպարների հետ։

Կրիայ-ը ուսուցողական ծրագրային միջավայր է կրիական գրաֆիկայի համար։ Այն թողարկվում է ազատ լիցենզիայով և KDE ուսուցողական նախագծի մաս է` KDE3-ից սկսած։

KTurtle-ն ունի ներկառուցված ծրագրավորման լեզու, որը հիմնված է Լոգո ծրագրավորման լեզվի վրա։ KTurtle-ն այն հազվադեպ ծրագրավորման լեզուներից է, որոնցում օգտագործվող հրահանգները կարող են թարգմանվել ծրագրավորողի մայրենի լեզվին, այդպիսով այն դարձնելով հատկապես օգտակար այն աշակերտներին ծրագրավորում սովորեցնելիս, ովքեր այդքան էլ հմտացած չեն անգլերենում։

Իսկ ստորև՝ հեշտ հանելուկներից մինչև լայնածավալ հարթակներ՝ մեծ քանակությամբ լեզուներով:

1. Lightbot

Տարիքը՝ 4-6 տարեկան։

Արժեքը՝ անվճար; 3 դոլարից սկսած ամբողջական տարբերակի համար:

Խաղում, որը հասանելի է սմարթֆոնի կամ պլանշետի համար, փոքրիկ ռոբոտը, ենթարկվելով հրամաններին, պետք է լամպերը լուսավորի ճիշտ տեղերում: Հիմնական խնդիրն է՝ պարզ հրամանների միջոցով ճանապարհ հարթել խաղալիքի համար: Դուք պետք է գրեք ճիշտ ալգորիթմ՝ օգտագործելով սլաքներ, լամպ և այլ բլոկներ: Այս դեպքում ծնողը պետք է երեխային բացատրի, թե ինչ են նշանակում նկարները։

Ռոբոտը բավական զվարճալի է երեխաներին գրավելու համար, և բավական լուրջ է, որպեսզի չնյարդայնացնի մեծերին: Խաղը սովորեցնում է այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են պլանավորումը, փորձարկումը, վրիպազերծումը, ընթացակարգերը և հանգույցները: Lightbot Code Hour-ի անվճար տարբերակը ավարտելու համար նախատեսված է 20 մակարդակ, մինչդեռ ամբողջական տարբերակում՝ 50 մակարդակ:

2. PictoWorld

Տարիքը՝ 4-7 տարեկան։

Արժեքը՝ անվճար:

Ծրագրում ռոբոտը նկարում է դաշտերը, իսկ երեխան սովորում է կերպարի համար գործողությունների ալգորիթմներ կազմել։ Բոլոր խորհուրդները պատրաստված են գրաֆիկայի օգնությամբ, ուստի հավելվածը կարող է տրվել այն երեխաներին, ովքեր դեռևս կարդալ չգիտեն։

Եթե ​​ծնողները չգիտեն անգլերեն, և իրենք ծրագրերից ոչինչ չեն հասկանում, բայց իսկապես ցանկանում են զարգացնել երեխայի տրամաբանական մտածողությունը, PiktoMir-ն իսկական փրկություն կլինի: Բջջային տարբերակները հասանելի են iOS-ի և Android-ի համար, իսկ Windows-ի, macOS-ի և Linux-ի տարբերակները կարող են ներբեռնվել նաև մշակողի կայքից:

3. Box Island

Տարիքը՝ 5-9 տարեկան։

Արժեքը՝ անվճար, 2 դոլարից  սկսած լրացուցիչ մակարդակների համար:

Բջջային խաղ, որը սովորեցնում է ծրագրավորման հիմունքները: Խաղացողները ճանապարհորդում են Բոքսի կղզում և օգնում կերպարին հավաքել անապատով սփռված աստղերը: Քվեստը անցնելու գործընթացում երեխան սովորում է հաջորդականությունների, ալգորիթմների և ցիկլերի հիմունքները: Խաղը զարգացնում է օրինաչափությունների ճանաչումը և սովորեցնում է ալգորիթմական մտածողություն: Ընդհանուր առմամբ, Box Island-ում կա 100 մակարդակ:

4. Tynker

Տարիքը՝ 6-12 տարեկան։

Արժեքը՝ անվճար; 60 դոլարից սկսած եռամսյակում Պրեմիում բաժանորդագրության համար:

Զվարճալի խաղային կերպարներով կրթական հարթակ: Ծրագրավորման հիմնական սկզբունքները ներկայացված են երեխաների համար մատչելի ձևով։ Ընթացքում երեխան սովորում է նկարել, ստեղծել անիմացիա և զարգացնել սեփական խաղերը:

Կան HTML&CSS, JavaScript, Python և այլ ծրագրավորման լեզուների ձեռնարկներ։ Թեմաներն աստիճանաբար բարդանում են՝ կոդավորման հիմունքներից ուսանողներն անցնում են խաղերի ձևավորման, ռոբոտաշինության և ընդլայնված իրականության: Ընդհանուր առմամբ, Tynker-ն ունի մոտ 2000 խաղ սկսնակների և առաջադեմ ծրագրավորողների համար:

5. CodinGame

Տարիքը՝ 6-12 տարեկան։

Արժեքը՝ անվճար:

CodinGame-ը առցանց հարթակ է, որը հարմար է՝ ինչպես սկսնակների, այնպես էլ՝ ավելի փորձառու ծրագրավորողների համար: Ծառայությունը մինի խաղերի և հանելուկների շարք է, որոնք պետք է լուծվեն կոդի միջոցով: Համակարգը ներառում է ավելի քան 25 համապատասխան ծրագրավորման լեզուներ, այդ թվում՝ Java, C#, C++, Python, JavaScript, Rust:

Այստեղ դուք կարող եք մրցել՝ ինչպես համակարգչի, այնպես էլ՝ այլ խաղացողների հետ: Առաջադրանքներն աստիճանաբար դժվարանում են։ Մրցակցային տարրը մոտիվացնում է՝ մասնակիցները բաժանվում են խմբերի՝ ըստ ձեռքբերումների մակարդակի, և հիմնական նպատակն այս ցուցակում առաջատար դառնալն է։

6. Code Monkey

Առաջարկվող տարիքը՝ 5-14 տարեկան։

Արժեքը՝ անվճար; ամսական 6 դոլարից սկսած՝ Պրեմիում բաժանորդագրության համար:

Խաղի միջավայր, որտեղ երեխաները պետք է օգնեն զվարճալի կապիկին հասնել բանանին: Յուրաքանչյուր նոր մակարդակ ցույց է տալիս ծրագրավորման հնարավորությունները: Նախորդ դասի գիտելիքները կօգնեն ձեզ կատարել հաջորդ առաջադրանքը։

Մեկ մակարդակը ավարտելու համար կպահանջվի մի քանի րոպե, այնպես որ, երեխան ժամանակ չի ունենա ձանձրանալու, եթե նրան չափազանց շատ առաջադրանքներով չծանրաբեռնեք: CodeMonkey-ում հրամանները պետք է ընտրվեն՝ օգտագործելով պատկերակներ, մինչդեռ կապիկի գործողությունների հաջորդականությունը գրանցվում է կոդի տողերում, որոնք կարելի է մանրամասն հասկանալ:

7. Kodu Game Lab

Տարիքը՝ 9-14 տարեկան։

Արժեքը՝ անվճար:

Kodu-ն Microsoft-ի տեսողական ծրագրավորման նախագիծն է: Երեխան ոչ միայն կսովորի կոդ գրել և աշխատել դիզայնի վրա, այլ կստեղծի լիարժեք խաղ, որը կարող է գործարկվել Windows-ով կամ XBox-ով։ Սա հատկապես գրավիչ տարբերակ է նրանց համար, ովքեր հատուկ հետաքրքրված են խաղերի մշակմամբ:

8. Code Combat

Տարիքը՝ 8-14 տարեկան:

Արժեքը՝ անվճար; ամսական 4 դոլարից սկսած՝ Պրեմիում բաժանորդագրության համար:

Այս խաղում դուք ընտրում եք ծրագրավորման լեզու, որով կարող եք հրամաններ գրել ձեր կերպարի համար, այնուհետև գնալ ճամփորդության՝ բյուրեղներ հավաքելու համար: Աջակցվող լեզուները ներառում են JavaScript, Python, Java, CoffeeScript, C++ և Lua:

9. Scratch

Տարիքը՝ 10-15 տարեկան:

Արժեքը՝ անվճար:

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտից երեխաներին կոդավորում սովորեցնելու միջավայր:

Յուրաքանչյուր նախագծում երեխան պետք է ինքնուրույն դնի նպատակը, այնպես որ, չկան ունիվերսալ լուծումներ, բայց կա ստեղծագործելու տեղ, ինչը բավարար չէ ալգորիթմացում սովորեցնող խաղերում: Scratch-ը կատարյալ է նրանց համար, ովքեր ցանկանում են ավելի բարդ բան, քան ռոբոտներին և կապիկներին ուղղորդել երթուղիներով:

10. Swift Playgrounds

Տարիքը՝ 13-16 տարեկան:

Արժեքը՝ անվճար:

Apple-ի հավելվածի օգնությամբ դեռահասը կսկսի զարգացման իր ճանապարհորդությունը Swift լեզվով, որն օգտագործվում է iOS հավելվածներում։ Այստեղ դուք պետք է կերպարներին տեղափոխեք վիրտուալ աշխարհով մեկ, կատարեք առաջադրանքներ և լուծեք գլուխկոտրուկներ: Կարող եք ոչ միայն ինտերակտիվ դասեր վերցնել, այլև իրական ծրագրեր ստեղծել iOS-ի համար։

Swift Playgrounds-ն ունի ներկառուցված ձևանմուշներ, որոնք կօգնեն երեխաներին ստեղծագործել: Դեռահասը կսովորի գրել ֆունկցիաներ, փոփոխականներ, հրամաններ գործարկել։ Ընթացքում դուք պետք է ուսումնասիրեք տեսությունը, պրակտիկան և վերլուծեք յուրաքանչյուր տարրի գործողության սկզբունքները:

Բացի Swift-ի հիմնական հնարավորություններից, օգտվողները կարող են մուտք գործել գրադարաններ և շրջանակներ՝ SpriteKit, SwiftUI, Metal: Կոդի միջոցով կարող եք օգտագործել ձեր գաջեթի տարրերը։ Օրինակ, օգտագործեք տեսախցիկը, գիրոսկոպը և այլ սենսորներ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս