«Պաշտպանական ու ղեկավար կազմը երկու տարվա ընթացքում դիտավորյալ ոչինչ չարեց, որպեսզի մեզ տանի ավելի խորացված հակամարտության մեջ». Աշոտ Սևյան
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Սահմանազատման գործընթացը երկար ժամանակ է պահանջում։
Ըստ նրա, «հաշվի առնելով Հայաստանի հետ հարաբերությունների պատմությունը՝ սահմանազատման հասնելը հեշտ չի լինի։ Սակայն գործընթացը սկսելն ինքնին արդեն լավ քայլ է»։
«Մի կետ նշեմ. մինչ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման համատեղ սահմանային հանձնաժողովի ստեղծումը, Հայաստանը պահանջել է զորքերը դուրս բերել սահմանամերձ շրջաններից։ Բայց Ադրբեջանը դրսևորել է սկզբունքային դիրքորոշում, և զորքերը մնացին իրենց տեղում»,- հայտարարել է Բայրամովը։
Հիշեցնենք, որ խոսքը 2021 թվականի մայիսի 12-ին՝ ՀՀ սուվերեն տարածք ադրբեջանական զինված ուժերի ներխուժման մասին է։
Նրանք Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային հատվածներից մի քանի կիլոմետր առաջացան և սկսեցին ամրապնդել իրենց դիրքերը։ Այդ ամենի արդյունքում թշնամին հաճախ թիրախավորում է խաղաղ գյուղերն ու բնակավայրերը՝ մշտապես կրակելով գյուղերի ուղղությամբ։
168.am-ի հետ զրույցում ազատամարտիկ, չարեքթարցի Աշոտ Սևյանը նշեց, որ Բայրամովի հայտարարությունը բոլորին էլ հասկանալի է, քանի որ ի սկզբանե պարզ էր, որ ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչները չեն լքելու ՀՀ տարածքը, քանի որ նրանց դուրս շպրտելու համար իշխանությունը որևէ քայլ չիրականացրեց։
«Պատերազմի օրենքն է՝ ով ինչ տարածք մտնում է, այլևս դուրս չի գալիս, եթե դուրս էլ գալիս է, ապա դա բուֆերային գոտի է, ինչ-որ մի բանի հետ փոխանակելու կամ մեզ խեղճացնելու համար է։ Ադրբեջանում որևէ միջազգային օրենք չի գործում, հետևաբար՝ հասկանալի էր, որ նրանք, որքան կարողացան, այնքան առաջ եկան։
Այստեղ խնդիրն այն է, որ մեր պաշտպանական ու ղեկավար կազմն այդքան ուղեղ չուներ, ավելի ճիշտ, դիտավորյալ ոչինչ չարեց երկու տարվա ընթացքում, որպեսզի մեզ տանի ավելի խորացված հակամարտության մեջ»,- նշեց Աշոտ Սևյանը։
Ըստ ազատամարտիկի, այսօր ադրբեջանցիները մշտապես սպառնում են հայկական կողմին, թե՝ այս կամ այն տարածքը տվեք, հակառակ դեպքում՝ կպատերազմենք։ Ստացվում է, որ հայ ժողովուրդը հպարտ ազգից վերածվել է ծնկաչոք վիճակի, և քանի դեռ ներկայիս իշխանությունն է երկրի ղեկավարման ղեկը պահած, վիճակն ավելի ու ավելի է բարդանալու։
«Սրանք մի օրվա կյանքով են ապրում, երկիր, բանակ հետաքրքիր չէ, կարևորը՝ շոուներ անեն, գրիչներ գողանան՝ մարդկանց շեղելու համար, ու այդ ամենի արդյունքում երկիրը տանում են կործանման»,- հավելեց Աշոտ Սևյանը։