
Մեծ Բրիտանիայի նախկին ֆիննախը միանում է վարչապետի պաշտոնի համար պայքարին

Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակը, որը լքել էր իր պաշտոնը հուլիսի 5-ին՝ վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ տարաձայնությունների պատճառով, հայտարարել է, որ պայքարելու է Միացյալ Թագավորության կառավարության նոր ղեկավարի պաշտոնի համար: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով քաղաքական գործչի թվիթերյան գրառումը:
Բորիս Ջոնսոնը հայտարարել էր Մեծ Բրիտանիայի վարչապետի և Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոններից հրաժարվելու որոշման մասին հուլիսի 7-ին:
Քանի որ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունը խորհրդարանական կառավարման մոդելի երկիր է, իսկ խորհրդարանի ստորին՝ Համայնքների պալատի վերջին՝ 2019 թ. ընտրություններում հաղթել է Պահպանողականների կուսակցությունը, այդ պատճառով հաջորդ վարչապետն ընտրվելու է պահպանողականների թեկնածուներից: Ռիշի Սունակից բացի՝ հավակնորդների թվում են պաշտպանության նախարար Բեն Ուոլասը, արտգործնախարար Լիզ Թրասը, պետնախարար Փենի Մորդոնտը, առողջապահության նախկին նախարար Սաջիդ Ջավիդը և այլն: