«Ո՞ւմ է պետք քո ապրելը, երբ դպրոցական երեխեքն անգամ քայլում ու գոռում են՝ Նիկո’լ, դավաճան». Հայկ Մամիջանյան

«Արդեն շատ բարդ է դարձել այստեղից ելույթ ունենալը, որովհետև ասելիքը պակասում է, անելիքը՝ շատանում։ Բայց կան մարդիկ, որոնք դեռ այստեղ չեն, ու շատ կուզեմ, որ առնվազն այս մեկ նախադասությունը լսեն՝ Փաշինյանի խոստացած խաղաղությունը հասել է Երևան քաղաքից 100 կմ հեռավորության վրա՝ Ելփին գյուղ»,- այս մասին Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրություն» շարժման հանրահավաքին հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։

Նրա խոսքով՝ Երևանից մինչև Ելփին գյուղ մեքենայով 1,5 ժամվա ճանապարհ է, որտեղ թշնամին կրակում է։ Այդպիսի խաղաղություն է ժողովրդին խոստացել Նիկոլ Փաշինյանը և նման խաղաղություն է բերում։

«Այ, հիմա կարող եք համարել, որ մենք բոլորս ծախված ենք։ Բացի դրանից, հուլիսի 18-ին ԵՄ-ի և Ադրբեջանի միջև կնքվելու է էներգետիկ հուշագիր։ Նիկոլն իր խունտայի հետ չկարողացավ այս առիթն օգտագործել՝ Ադրբեջանի վրա ճնշումներ գործադրելու, առնվազն մեր գերի տղաներին վերադարձնելու համար։ Չնայած, Եվրոպայի խորհրդարանը չորս փաստաթուղթ էր հրապարակել, որտեղ հստակ Ադրբեջանի մեղքերը թվարկում էր։ Չնայած ինչի՞ վրա ենք զարմանում, ինչո՞ւ ենք զարմանում, որ ինքը կորցնում է, հանձնում է  գյուղեր, ախր նա այդ գյուղերի գոյության մասին չգիտի, եթերում իր «սուսուլիսի» ժամանակ իմացավ, որ Սուս գյուղ գոյություն ունի»,- հավելեց Հայկ Մամիջանյանը։

Ընդդիմադիր պատգամավորը նաև շեշտեց, որ նույն իրավիճակն է  հայ-թուրքական հարաբերություններում, և օրերս ձեռք բերված պայմանավորվածությունը միանշանակ ենթադրում է որևէ այլ բանակցային հարթակում զիջում։ Ըստ նրա, սա էլ զարմանալի չէ, քանի որ Չավուշօղլուն Նիկոլ Փաշինյանի պաշտպանն է։

«Նիկոլն ու իր ուսապարկերը, Թուրքիայի ու Ադրբեջանի ղեկավարները մեզ բոլորիս անվանում են ռևանշիստներ, ուրիշ որևէ մեկը նման բան չի ասում։ Իրենք են պահանջում, որ Նիկոլը մնա իշխանության։ Ախր Նիկոլի ու Ալիևի միջև էլ են շատ համեմատականություններն ու նույնությունները՝ երկուսն էլ նույն ձևով են հանգստանում, երկուսն էլ նույն հանգստից նկարներն են տեղադրում, բոլորը մեզ նույն կերպ են վերաբերվում՝ ատում են։ Բոլորն ուզում են, որ Արցախն Ադրբեջանի կազմում լինի, և երկուսն էլ ամեն ինչ անում են դրա համար, բայց դա չի ստացվելու։ Լավ, ախր ո՞ւմ է պետք այսպես ապրելը, երբ դու քո իշխանական խունտայով վախեցնելով, վարչական ռեսուրսով մարդ ես հրավիրում ու բերում ու դպրոցական երեխաներին, որոնց դու զոռով ես բերել, քայլելով գոռում են՝ Նիկոլ դավաճան, ո՞ւմ է պետք քո ապրելը»,– ընդգծեց Հայկ Մամիջանյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս