«Լեդ Զեփելին սիմֆոնիկ» նվագախումբը յուրովի մեկնաբանությամբ Երևանում կկատարի հայտնի ռոք խմբի լավագույն հիթերը
«Հայա» փառատոնի շրջանակում «Լեդ Զեփելին սիմֆոնիկ» նվագախումբը հուլիսի 9-ին «Հրազդան» մարզադաշտում կկատարի «Լեդ Զեփելին» ճանաչված ռոք խմբի ամենահայտնի հիթերը, որոնցից են Whole Lotta Love, Black Dog, Kashmir, Rock & Roll, Dazed & Confused, Stairway to Heaven երգերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուլիսի 8-ին լրագրողների հետ հանդիպմանը նախագծի անդամներն ասացին, որ անհամբերությամբ են սպասում համերգին ու խոստանում են երաժշտական հրաշալի երեկո նվիրել հանդիսատեսին:
Նախագիծը ստեղծվել է լեգենդար խմբի անդամների աջակցությամբ: Երգիչներն են Ջեսսի Սմիթը, Մոլլի Մարիոթը և Փիթեր Էլդրիջ Բայոգը:
Մոլլի Մարիոթը հանդես է եկել մի շարք աշխարհահռչակ կատարողներ Ռոբերտ Փլանթի, Վան Մորիսոնի, Մարկ Նոպֆլերի և Իմելդա Մեյի և այլոց հետ: Մարիոթի դեբյուտային Truth is a Wolf սկավառակը ներառված է բլյուզի թոփ տասնյակում, իսկ երկրորդ սկավառակը թողարկվելու է 2022 թվականին:
«Առաջին անգամ ենք Հայաստանում, չենք հասցրել լինել տեսարժան վայրերում, սակայն ջերմ զգացողություն ունենք: Մարզադաշտը, որտեղ ելույթ ենք ունենալու, լավն է»,-նշեց Մարիոթն ու հավելեց՝ «Լեդ Զեփելին» խմբի երաժշտությունը շատ ֆիլմային է, դուրեկան, դրամատիկ և ռոմանտիկ: Դա է պատճառը, որ սիրով են մատուցում խմբի երգերը:
Նա պատմեց, որ իր մայրը «Լեդ Զեփելին» խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթի մեծ երկրպագու է: «Ամեն անգամ լսում էի նրանց երաժշտությունն ու նոր երանգներ բացահայտում: Կարծում եմ՝ եթե սիրում ես ռոք երաժշտություն և մուտք ես գործում այս բնագավառ, պարտավոր ես իմանալ «Լեդ Զեփելին» խմբին»,-շեշտեց երգչուհին:
Ծագումով Մեծ Բրիտանիայի Ռեդինգ քաղաքից՝ Ջեսսի Սմիթը երգիչ, երգահան և երաժիշտ է։ Նա ճանաչվել է տասնյակ նախագծերի հաղթող՝ ներկայանալով թե´ կենդանի կատարումներով, թե´ ստուդիաներում:
Սմիթը խոստովանեց, որ երազում է՝ իրենց նախագիծը մի օր սկսի կատարել «Բիթլզ»-ի ստեղծագործությունները: «Ըստ իս՝ պարտավոր ենք վերականգնել 1960-1970-ական թվականների ռոք երաժշտությունն ու այն փոխանցել գալիք սերնդին: Մեր նախագիծը դա անելու հնարավորություն է ընձեռում»,-շեշտեց նա:
Փիթեր Էլդրիջ Բայոգը «The Phil Hilborne Band»-ի գլխավոր վոկալիստն է և տարիներ շարունակ աշխատել է ռոք լեգենդների հետ, ինչպիսիք են՝ Նիլ Մյուրեյը և Բերնի Մարսդենը (Whitesnake), Ջեֆ Ուայթհորնը (Procol Harem), Սթիվ Վայը և Բրյուս Դիկինսոնը (Iron Maiden):
Վերջին 6 տարիների ընթացքում նա նաև եղել է Hats Off To Led Zeppelin խմբի մենակատարը:
Երեք ֆենոմենալ կատարողներին բեմում միանում է ռոք խումբը, որը բաղկացած է Մեծ Բրիտանիայի լավագույն երաժիշտներից՝ Ռիչարդ Սիդվելի երաժշտական ղեկավարությամբ: Ռիչարդ Սիդվելը ձայնագրվել և ելույթ է ունեցել բազմաթիվ աշխարհահռչակ արտիստների հետ, հանդես է եկել տարբեր հեռուստատեսային և ռադիո հաղորդումներում, մասնակցել է Եվրոպայի բոլոր խոշոր փառատոններում որպես հյուր, ներառյալ Գլաստոնբերիում, Ռոսկիլայում, Բենիկասիմում և այլն:
Սիդվելն ասաց՝ իրենք նպատակ չունեն կրկնօրինակելու «Լեդ Զեփելին» խմբին, այլ ցանկանում են խմբի գործերը նորովի մատուցել ու նոր զգացողություններ արթնացնել:
«Հայա» փառատոնի առաքելությունն է Հայաստանում ստեղծել համերգային գործունեության նոր ձևաչափ և ստանդարտներ: Այն նախատեսված է տասնյակ հազարավոր հանդիսատես ունեցող լայնածավալ միջոցառումների համար: Փառատոնը միտված է նոր էջ բացել Հայաստանի զբոսաշրջության ոլորտի համար և տնտեսական զարգացման նոր խթաններ ստեղծել:
«Հայա» փառատոնի հիմնադիրն է «Երևանյան հեռանկարներ» 23-րդ միջազգային երաժշտական փառատոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը: Ստեղծագործական թիմը բաղկացած է Հայաստանի լավագույն մասնագետներից և միջազգային փորձագետներից: