Սերգեյ Լավրովը ժամանակից շուտ լքել է G20-ի գագաթնաժողովը
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր ելույթից անմիջապես հետո լքել է G20-ի նիստերի դահլիճը՝ նույնիսկ չսպասելով Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքի ելույթին, որը պատրաստվում էր խստորեն դատապարտել Ռուսաստանի ռազմական գործողություններն Ուկրաինայում:
Անալենա Բերբոքը ռոտացիոն կարգով նախագահում է G7 երկրների կազմակերպությունը: Նա դեռևս համաժողովից առաջ ասել էր, որ ձգտելու է հասնել Լավրովի մեկուսացմանը Ինդոնեզիայի գագաթնաժողովում:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան dpa-ին տված հարցազրույցում ասել էր, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանակից շուտ կլքի G20-ի երկրների արտգործնախարարների համաժողովը։ «Երկկողմ բանակցություններ վարելուց և մամուլի առաջ ելույթ ունենալուց հետո նա կհեռանա»,- ասել էր Զախարովան, ինչը նշանակում էր, որ Լավրովը կեսօրին չի մասնակցի պաշտոնական ընթրիքին և G20-ի նիստերին։