«Վան Քարտ» ընկերության նկատմամբ հասարակության մոլորեցմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշներով ՄՊՀ-ն հարուցել է վարույթ
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2022 թվականի հուլիսի 6-ի թիվ 246-Ա որոշմամբ «Վան Քարտ» ՍՊ ընկերության նկատմամբ հարուցել է վարույթ առերևույթ հասարակության մոլորեցման դրսևորմամբ և անտեղի համեմատության կատարմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշներով իրավախախտումների վերաբերյալ։ Մասնավորապես որոշման համաձայն՝ անբարեխիղճ մրցակցությունը, ի թիվս այլնի, առերևույթ դրսևորվել է ընկերության հետևյալ վարքագծով.
1. «OneCard» բջջային հավելվածում լիցքավորվող միավորներն անվանվել է կրիպտոուան («CryptoOne»), այնինչ այն կրիպտոարժույթ չէ:
2. Հայտարարվել է, որ սպառողը կարող է իր հաշվի դրական մնացորդն ավելացնել օրական 1%-ով, այնինչ հաշվի դրական մնացորդն ավելանում է ոչ թե 1%, այլ մինչև 1%-ով՝ մինչև 29-րդ օրը ներառյալ, որից հետո միավորների կուտակումը հնարավոր է միայն օգտատիրոջ կողմից դրական շարժն ապահովելու դեպքում:
3. Հայտարարվել է, որ «OneCard» հաշվում կուտակված գումարը հնարավոր է կանխիկացնել, այնինչ կանխիկացնել հնարավոր է միայն օգտատիրոջ կողմից ձեռք բերված էլեկտրոնային միավորները և իր ստացած «Сash Back» միավորները:
4. Մեկ «CryptoOne»-ի իրացման գինը սահմանվել է 2-3 ՀՀ դրամ, այնինչ կանխիկացման դեպքում մեկ «CryptoOne»-ը համարժեք է մեկ ՀՀ դրամի, իսկ դրանց կանխիկացումը զուգակցվում է բարձր միջնորդավճարների գանձումով:
5. Հրապարակվել է, որ «OneCard» բջջային հավելվածում կուտակված միավորներով օգտատերերը կարող են կատարել գնումներ ընկերության գործընկերներից, այնինչ գործնականում «OneCard» հաշվում կուտակված միավորներով գործընկերներից գնում կատարել հնարավոր չէ։
Որոշումը հասանելի է այստեղ․
Մրցակցության պաշտպանության հանձնաժողով