Բաց նամակ Երևանի քաղաքապետարանի վարչակազմին
Ես, որպես ՀՀ հարկատու քաղաքացի, չլինելով որևէ քաղաքական ուժի հետևորդ, համարում եմ, որ իմ և իմ ընտանիքի տված հարկերը չեն ծառայում իրենց նպատակին, վատնվում են ոչ խելամիտ, և հետևողական կոպտորեն խախտվում են իմ սահմանադրական իրավունքները: Օգտվելով իմ սահմանադրական իրավունքից (ՀՀ Սահմանադրություն, Հոդված 3)՝ խստորեն պահանջում եմ առաջնահերթ ապահովել քաղաքային և մարզային տրանսպորտի արժանապատիվ համակարգ և պատշաճ սպասարկում, մասնավորապես.
ա/ կարգավորել երթուղիներն ու չվացուցակները ռացիոնալ և կանգառենրում իրազեկող ժամային գրաֆիկով, որպեսզի քաղաքացին գուշակություններով չզբաղվի, սա անընդունելի և անհանդուրժելի երևույթ է բոլորիս կողմից,
բ/ վերացնել նախորդ դարին հատկանշական մանրադրամ հավաքելու նսեմացնող պրակտիկան և, ելնելով արդի ժամանակների պահանջներից ու հաշվի առնելով ՏՏ ոլորտում Հայաստանի՝ իբրև առաջատար լինելու պնդումները, պահանջում եմ համապատասխանեցնել հռետորական մտքերն ու իրականությունը, այսինքն՝ հիմնել քաղաքակիրթ միջավայրին հարիր համակարգ, ըստ որի վարորդը պարտավորված չի լինի մանրադրամ հավաքելը համակարգել, այլ կկատարի իր բուն գործառույթը,
գ/ վերացնել մասնավոր տաքսիների ներխուժումը կանգառների տիրույթ
դ/ վերջ դնել ուղևորներով լեցուն տրանսպորտային միջոցների երթևեկմանը. ՀՀ քաղաքացին պետք է երթևեկի հանգիստ, առանց սթրեսների ու չնսեմացնող պայմաններում, սույն կետի պահանջի բավարարումը կախված է առաջին պահանջի կատարումից,
ե/ ապահովել հայ ազգին և հայ մարդուն հարիր մշակույթի տարածում և սերմանում երիտասարդության միջավայրում, որպեսզի ՀՀ երիտասարդ քաղաքացիները պահպանեն տրանսպորտից օգտվելու տարրական քաղաքավարական կանոնները՝ զիջելով նստատեղերն այն ուղևորներին, ում համար դրանք նախատեսված են… դրա իրականացման համար կան պարզունակ մեխանիզմներ և մեծ ծախսեր չեն պահանջում,
զ/ պատրաստել սպասարկող անձնակազմի՝ վարորդների, այնպիսի թիմ, ովքեր կդրսևորեն իրենց որպես պրոֆեսիոնալ, կվարեն մեքենան համապատասխան կերպով, պատասխանատվության բարձր զգացումով ամեն ուղևորի կյանքի և առողջության համար, ինչպես նաև, հաղորդակցման էթիկա պահպանելով,
է/ տրանսպորտային միջոցների վրա տեղադրել անհրաժեշտ լեզուներով (եթե իսկապես ուզում ենք, որ արտերկրից այցելուներ գան) երթուղիների ընթեռնելի և ընկալելի անվանումները՝ հավելելով այնպիսի կայք, որով մարդիկ առցանց կհետևեն իրենց նախընտրած համարների չվացուցակներին,
ը/ մոնիտորինգ անել կանգառներում սպասելու համար նախատեսված պայմանները, անընդունելի է, երբ բացահայտ նսեմացվում է քաղաքացու իրավունքները, որպես օրինակ, կարող եք տեսնել Մալաթիայի թաղապետարանի շուրջը տարածված նստարանները և նույն այդ համայնքի կանգառներում նստարանների իսպառ բացակայությունը, սա մեծագույն թերացում է, ինչի համար պետք է պատասխանատուները պատժվեն,
թ/ ապահովել գիշերային ժամերին հերթապահող փոխադրամիջոցներ Երևան քաղաքի բոլոր վարչական տարածքների համար, ինչպես նաև ապահովել հարմարավետություն մարզերի բնակիչների երթևեկման համար,
Թվարկված պահանջներիս համար ակնկալում եմ անհապաղ փոփոխություններ, քանզի համարում եմ, որ բոլոր հարցերն առավելագույնը մեկ ամսում հնարավոր է կարգավորել առանց շինծու պատճառաբանությունների կամ հռետորական հնարքների, դրանք պարզապես զավեշտալի են դիտվում բոլորիս կողմից…
Պահանջու՛մ եմ, որ քաղաքային և մարզային տրանսպորտը լինի միմիայն և բացառապես պետական ենթկայության ու համակարգման ներքո:
Պահանջու՛մ եմ պետական համակարգի գործունեության կատարելագործում և արդիականացում, ողջամիտ, տրամաբանական կողմնորոշումներով:
Այս ուղերձ-պահանջները լինելու են շարունակական, ունենալու են հանրային հետևողական վերհսկողություն, հրապարակայնացվելու են մեր իրավունքները ոտնահարող հնարավոր բոլոր թեմաները և թիրախավորվելու են միտումնավոր անտեսված ոլորտները, դրանց շուրջ քննարկումներն ընթանալու են հայ հասարակության լայն խավերի և ԶԼՄ-ների ընդգրկմամբ:
Մաղթում եմ բարի աշխատանք մեր բոլորիս հարկերի հիման վրա վարձատրվող պետական պատասխանատուներին և ակնկալում եմ հարցերի շուտափույթ կարգավորում:
ՀՀ քաղաքացի
Ալվարդ Սոլոմոնյան