«Աննա Հակոբյանի հետ չեմ հանդիպել, առողջական խնդիրներ ունեմ, տեղյակ չեմ՝ նրա հետ ինչ հարցեր են քննարկել». Ներքին Հանդի վարչական ղեկավար
Հուլիսի 7-ին Աննա Հակոբյանի պաշտոնական կայքում տեղեկատվություն տարածվեց, որ նա այցելել է Սյունիքի մարզի սահմանամերձ Ներքին Հանդ գյուղ։
«Ներքին Հանդում վարչապետի տիկինը հանդիպեց գյուղի բնակիչների հետ, լուսանկարվեց նրանց հետ և հետաքրքրվեց նրանց կենցաղով: Աննա Հակոբյանին գյուղի բնակիչները հայտնեցին իրենց մտահոգությունները։ Վարչապետի տիկինը ասաց, որ կառավարությունն ամեն բան անում է խաղաղության օրակարգի հաստատման համար»,- նշված էր կայքում։
168.am–ը Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանից հետաքրքրվեց՝ հանդիպե՞լ է Աննա Հակոբյանի հետ, ներկայացրե՞լ է, թե ինչ անվտանգային խնդիրների առջև է կանգնել գյուղը, և ոչ միայն, Արցախի 44-օրյա պատերազմից հետո, երբ Սյունիքի բոլոր շահեկան դիրքերը Նիկոլ Փաշինյանի հրահանգով հանձնվեցին թշնամուն։
«Ես Աննա Հակոբյանի հետ չեմ հանդիպել, առողջական խնդիրներ ունեմ, պառկած եմ, խնդիրը ոտքիս հետ է կապված»,- նշեց Ներքին հանդի վարչական ղեկավարը։
Նա նշեց, սակայն, որ տեղյակ է՝ որոշ մարդիկ գնացել են նրա հետ հանդիպման։
«Ինքս տեղյակ չեմ, թե ինչ հարցեր են քննարկել Աննա Հակոբյանի հետ, դրա վերաբերյալ որևէ տեղեկություն չունեմ, չեմ հետաքրքրվել»,- եզրափակեց Խաչատուր Բաղդասարյանը։
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմից հետո, Նիկոլ Փաշինյանի հրամանով, երբ հայկական զորքը հետ քաշվեց զբաղեցրած դիրքերից, 4 տասնյակի հասնող համայնքներ, այդ թվում՝ Ներքին Հանդ գյուղը, դարձան սահմանամերձ, թշնամու դիրքերն այդ բնավայրերից գտնվում են՝ 150, լավագույն դեպքում՝ 300 մետր հեռավորության վրա։
Հիշեցնենք նաև, որ մարտի սկզբին թշնամին Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ կրկին առաջ էր եկել և դիրքավորվել, թշնամին գյուղից 1,5-2 կմ հեռավորության վրա է։