
Ճապոնիայի կառավարող կուսակցությունը դադարեցնում է նախընտրական արշավն Աբեի դեմ մահափորձի պատճառով

Ճապոնիայի կառավարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը (ԼԴԿ) իր բոլոր թեկնածուներին խնդրել է դադարեցնել ամբողջ գործունեությունն ընտրաշավի շրջանակներում նախկին վարչապետ Սինձո Աբեի դեմ կատարված մահափորձի ֆոնին: Այդ մասն ՏԱՍՍ-ին հաղորդել է իրադրությանը ծանոթ մի աղբյուր:
Մասնավորապես, ԼԴԿ-ն իր բոլոր թեկնածուներին խնդրել է այս պահին հրաժարվել ցանկացած փողոցային ելույթներից: Աբեի դեմ մահափորձը կատարվել է հենց նման միջոցառումներից մեկի ընթացքում: Միեւնույն ժամանակ, ինչպես ՏԱՍՍ-ին հաղորդել են երկրի վարչական գործերի եւ հաղորդակցությունների նախարարությունում, որն ընտրությունների կազմակերպման եւ անցկացման պատասխանատուն է, Ճապոնիայի խորհրդարանի վերին պալատի ընտությունների անցկացման ժամկետները, որոնք պլանավորված են հուլիսի 10-ին, չեն փոխվել նախկին վարչապետ Աբերի դեմ մահափորձից հետո:
Աբեի դեմ մահափորձը տեղի է ունեցել ուրբաթ օրը տեղական ժամանակով կեսօրին մոտ, երբ նա ճառով հանդես էր գալիս Նարա քաղաքում հուլիսի 10-ին կայանալիք խորհրդարանի վերին պալատի ընտրություններից առաջ ընտրարշավի շրջանակներում: 41-ամյա ճապոնացի Տեցույա Յամագամին երկու անգամ կրակել է նրա թիկունքին:
Աբեն հոսպիտալացվել է կրծքի եւ պարանոցի վերքերով: Արտակարգ ծառայություններում ՏԱՍՍ-ին հայտնել են, որ Աբեն գտնվում է «սրտի եւ թոքերի կանգի վիճակում», բայց նրա մահը հաստատված չէ: Հարձակվողը ձերբակալված է, նրա դրդապատճառները հայտնի չեն: Հաղորդվում է, որ ավելի վաղ նա ծառայել է Ճապոնիայի ռազմածովային ուժերում: