Պաղեստինի նախագահն Իսրայելի պաշտպանության նախարարի հետ քննարկել է անվտանգության հարցեր
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը հուլիսի լույս 8-ի գիշերը հանդիպել է Իսրայելի պատշտպանության նախարար Բենի Գանցի հետ՝ քննարկելով անվտանգության բնագավառի համակարգման հարցեր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի մերձավորարեւելյան շրջագայության նախօրեին: Այդ մասին հայտնել է Պաղեստինի ազատագրման կազմակերպության (ՊԱԿ) գործկոմի քարտուղար Հուսեյն աշ Շեյխը:
«Հանդիպման ընթացքում նախագահն ընդգծել է քաղաքական հորիզոնի ստեղծման, ստորագրված համաձայանագրերի կատարման եւ այն բոլոր գործողությունների դադարեցման կարեւորությունը, որոնք հանգեցնում են իրադրության վատթարացման ,- գրել է աշ Շեյխը Twitter-ում:- Աբասը նաեւ նշել է բարենպաստ մթնոլորտի ստեղծման կարեւորությունը նախագահ Բայդենի այցից առաջ, որը մենք ողջունում ենք»:
Հանդիպումը կայացել է Աբասի պաշտոնական նստավայրում՝ Հորդանան գետի արեւմտյան ափի Ռամալլա քաղաքում: Բայդենը հուլսի 13-ից մինչեւ 16-ը կայցելի Իսրայել, Արեւմտյան ափ եւ Սաուդյան Արաբիա: ԱՄՆ-ի վարչակազմի տվյալներով՝ նախագահը պլանավորում է հանդիպել մոտավորապես «մեկ տասնյակ պաշտոնակիցների» հետ տարածաշրջանում եւ դրա սահմաններից դուրս գտնվող երկրներից, այդ թվում Պաղեստինի նախագահի հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: