Ինչո՞ւ Կենտրոնական բանկն այդքան արագ փոխեց գնահատականները

Նախորդ վերանայումից կարճ ժամանակ անց Կենտրոնական բանկը փոխել է սպասումները Հայաստանի տնտեսության այս տարվա զարգացումների վերաբերյալ։ Կրկին նույնքան կտրուկ, որքան նախորդ անգամ։

Ռուս-ուկրաինական հակամարտության մեկնարկից անմիջապես հետո ԿԲ-ն տնտեսական աճի կանխատեսումը 5,3-ից նվազեցրեց մինչև 1,6 տոկոսի, հիմա 1,6-ը դարձրել է 4,9 տոկոս։ Թեև ամբողջությամբ չի վերականգնել նախկին գնահատականը, բայց բավական մոտեցրել է դրան։

Երեք ամսվա կտրվածքով տնտեսական աճի ակնկալիքների այսպիսի կտրուկ նվազեցումն ու նույնքան կտրուկ բարձրացումը, անշուշտ, ոչ մեկին պատիվ չի բերում։ Բայց դա վկայում է մի կարևոր հանգամանքի մասին՝ անորոշություններն այսօրվա տնտեսական զարգացումների հետ կապված այնքան մեծ են, որ նույնիսկ մասնագիտացված կառույցներն են հայտնվում նման անհարմար դրության մեջ։  Թեև այնպես չէ, որ դա միայն Կենտրոնական բանկին է վերաբերում։ Նաև միջազգային ֆինանսական կառույցներն են անհարմար իրավիճակում հայտնվել՝ տնտեսական աճի իրենց չափից դուրս «շեղված» գնահատականների պատճառով։

Նախորդ կտրուկ նվազեցումից հետո, թե ինչո՞ւ է Կենտրոնական բանկը հիմա էլ որոշել բարձրացնել տնտեսական աճի սպասումները, այնքան էլ դժվար չէ հասկանալ։ Ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքների առումով հնչած գնահատականները գոնե սկզբնական շրջանում չարդարացան։ Հակամարտությունը որոշ իմաստով նույնիսկ դրական ազդեցություն ունեցավ Հայաստանի տնտեսության վրա, ինչը Ռուսաստանի տնտեսության նկատմամբ սկզբնական շրջանում կիրառված համատարած պատժամիջոցների պայմաններում քչերը կարող էին պատկերացնել։

Նախ՝ կտրուկ արժեզրկումից հետո, շատերի համար անսպասելի, նույնքան արագ արժևորվեց ռուսական ռուբլին։ Ավելի շատ, քան նախկինում էր։ Դա հնարավորություն տվեց հայաստանյան արտահանողներին շարունակել իրենց մատակարարումները ռուսական շուկայում։ Ռուբլին այնքան է արժևորվել, որ նույնիսկ դրամի բավական լուրջ ամրապնդումը խոչընդոտ չէ արտահանման համար։

Հակամարտության հետևանքով առաջացան բազմաթիվ ռիսկեր, բայց նաև հնարավորություններ բացվեցին Հայաստանի տնտեսության համար։ Պատժամիջոցների պատճառով ռուսական բիզնեսի մի հատված տեղափոխվեց Հայաստան և հիմա իր գործունեությունը շարունակում է այստեղից։ Դա էլ նպաստեց ծառայությունների աշխուժացմանը։

Բայց հնարավորոթյունները միայն դրանով չսահմանափակվեցին։ Այն կանխատեսումները, որ հակամարտության հետևանքով Հայաստանը հերթական անգամ կկանգնի դրսից ստացվող մասնավոր փոխանցումների կրճատման խնդրի առաջ, չիրականացան։ Սպասվում էր, որ մասնավոր փոխանցումները կնվազեն 19-20 տոկոսով, Ռուսաստանից՝ ընդհուպ 40 տոկոսով։ Սակայն ստացվեց այնպես, որ տրանսֆերտները ոչ միայն չնվազեցին, այլև մեծ տեմպերով ավելացան՝ հասնելով երբևէ արձանագրված ամենաբարձր ցուցանիշին։ Ու հիմնականը՝ Ռուսաստանի հաշվին։

Հայաստան տեղափոխված քաղաքացիները բերեցին լրացուցիչ տրանսֆերտային հոսքեր, ինչը խթանեց ներքին պահանջարկը։ Որքան էլ տրանսֆերտների մի մասն առևտրային բնույթի էին, դրանք, միևնույն է, նպաստեցին ներքին պահանջարկի ավելացմանը։

Հաշվի առնելով այդ գործոնները՝ Կենտրոնական բանկը գնացել է տնտեսական աճի վերանայման, թեև պահպանել է զգուշավորությունը։

Պաշտոնական տվյալներով, տնտեսական ակտիվությունը տարեսկզբի 5 ամիսներին անցնում է 10 տոկոսից։ Չնայած դրան, ԿԲ-ն կրկնակի ավելի ցածր գնահատական է տվել այս տարի սպասվող տարեկան աճին։ Հաջորդ երկու տարիների ակնկալիքներն էլ գրեթե նույնն է թողել։

Սպասումների վերագնահատումների մեջ ամենամեծ դերը հատկացվել է ծառայություններին, որը, ԿԲ մասնագետների կարծիքով, գալիս է հիմնականում դրսից։

«Ծառայությունների ճյուղը տնտեսական աճի վերանայմանը նպաստող հիմնական ոլորտն է, որի ակտիվության արագացմանը նպաստել է արտաքին պահանջարկի սպասվածից ավելի բարձր մակարդակը՝ պայմանավորված միջազգային այցելուների ներհոսքի և ռուբլու որոշակի ամրապնդման պարագայում նրանց հարաբերական գնողունակության աճով: Հարկ է նշել, որ միջազգային այցելուներն էական ազդեցություն են ունենում նաև ֆինանսական և ՏՏ ծառայությունների ճյուղերում ակտիվության աճի վրա»,- արձանագրել է Կենտրոնական բանկը։

Ոչ մեծ չափով, բայց դեպի վերև է վերանայվել նաև շինարարության ճյուղի աճը՝ պայմանավորված հիմնականում բնակարանային շինարարության ծավալների ավելացմամբ։ Ինչ վերաբերում է գյուղատնտեսությանը, ապա այստեղ «տարվա առաջին կեսին դիտարկված բացասական զարգացումների հետևանքով ճյուղի աճը փոքր-ինչ կդանդաղի, սակայն վերջիններս մեկանգամյա գործոններ են, և նպաստավոր եղանակային պայմանների պարագայում մինչև տարեվերջ ակնկալվում են որոշակի դրական միտումներ»։

Ամենատխուրն արդյունաբերության իրավիճակի գնահատականն է։ Սպասումներն այնքանով են «լավատեսական», որ անկումը նախորդ կանխատեսվածի համեմատ՝ ավելի փոքր կլինի։

Հիշեցնենք, որ նախորդ կանխատեսմամբ անկումը պիտի կազմեր 4,7 տոկոս։

«2022 թվականին սպասվում է արդյունաբերության ճյուղի անկման ավելի փոքր մակարդակ՝ հիմնականում պայմանավորված մշակող արդյունաբերության ակնկալվող ավելի դրական զարգացումներով: Ռուսական ռուբլու արժևորման պարագայում դեպի ՌԴ արտահանվող ապրանքների նկատմամբ պահանջարկը որոշակիորեն վերականգնվել է երկրորդ եռամսյակում, ինչի արդյունքում սննդամթերքի և խմիչքների արտադրությունը հիմնականում մոտ կլինի մինչ հակամարտության սրումն արձանագրվող մակարդակներին:

Արդյունաբերության ճյուղի անկմանը կնպաստեն հանքարդյունաբերության ոլորտում առկա խնդիրների պահպանման պարագայում վերջինիս շարունակվող բացասական զարգացումները»,- այսպիսին է ԿԲ գնահատականն արդյունաբերության ոլորտի սպասումների հետ կապված։

Այս փուլում, պաշտոնական տվյալներով, արդյունաբերությունը 2,7 տոկոսով աճել է։ Բայց անգամ այդ պարագայում ԿԲ-ն տարեկան կտրվածքով արդյունաբերության անկում է սպասում։

Սպասումների առումով Կենտրոնական բանկի վերջին գնահատականներում շատ բան է փոխվել։ Սակայն դրանց վրա ակնհայտ է անորոշությունների հետքը, և դա պատահական չէ։ Հայաստանի տնտեսության աճի գործում մեծ է եղել հատկապես ծառայությունների ազդեցությունը, որն արտաքին գործոնների արդյունք է։ Այդ գործոնները, որքան էլ այս փուլում նպաստել են ներքին տնտեսության առանձին հատվածների աշխուժացմանը, նույնքան արագ կարող են կորցնել իրենց ազդեցությունը։ Ռիսկերն այս առումով բավականաչափ մեծ են և անկանխատեսելի։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս