Կասկադի սրճարաններում նստած մարդկանց թող չթվա, թե Կասկադը շատ հեռու է Արցախից, Սյունիքից, Վարդենիսից կամ Տավուշից. Արմեն Մանվելյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն էներգետիկ և միջազգային անվտանգության հարցերի մասնագետ Արմեն Մանվելյանն է: Բանախոսը նշել է.

  • Սա զուտ Արցախի համար վտանգ չէ, սա Հայաստանի համար լրջագույն վտանգ է:
  • Ադրբեջանը չի էլ թաքցնում, որ Արցախի խնդիրը լուծելուց հետո այլ պահանջներ էլ ունի Հայաստանից, այդ պահանջներից չի էլ հրաժարվելու, խոսքը և տարածքային պահանջների մասին է, տեսնում եք՝ արդեն Կոնդի մասին են խոսում, Զանգեզուրի միջանցքի մասին բացահայտ են խոսում՝ ասելով, որ բոլոր պայմանավորվածությունները կան, և ընդամենը ժամանակի հարց է, շուտով կլուծեն… Մենք գլոբալ առումով՝ լրջագույն խնդիրների առջև ենք կանգնած: Ցավոք, բնակչության ճնշող մեծամասնությունը դա չի հասկանում:
  • Մենք գտնվում ենք լրջագույն վտանգների մեջ, և առաջին հերթին այդ վտանգը ոչ թե դրսից է գալիս, այլ ներսից՝ մեր անտարբերությունը, մեր հարմարվողական լինելու տեսակը, որը մեծամասնություն է կազմում բնակչության մեջ, իր ձևով, իր կառուցվածքով ու մտածելակերպով լուրջ վտանգ է ներկայացնում ժողովրդի մյուս մասի և պետության համար: Թվում է՝ եթե Ադրբեջանի հետ անընդհատ-անընդհատ գնան կոմպրոմիսների, որը երբեք չի դադարել, ինչ-որ էտապում կգանք խաղաղության, այնինչ դա երբեք չի լինի, որովհետև Ադրբեջանը և Թուրքիան այլ մտածելակերպի, այլ վարքականոնի տեր հանրույթ են, և անընդհատ նրանք գնալու են նվաճողականության: Նրանց նպատակն է՝ հայկական տարրն այստեղից դուրս մղելը: Սա մենք պետք է հասկանանք: Ադրբեջանի և Թուրքիայի նպատակը հայկական տարրը վերջնականապես այս տարածաշրջանից դուրս մղելն է: Թե դա ինչպես կանեն՝ պատերազմով կամ տնտեսական ներխուժման, տնտեսական քաղաքականության  միջոցով՝ ժամանակը ցույց կտա: Այս պահին նրանք դա անում են Նիկոլ Փաշինյանի իշխանության միջոցով: Իզուր չէ, որ Չավուշօղլուի մակարդակով աջակցում են Նիկոլ Փաշինյանին և հայտարարում, որ իրենց համատեղ ծրագրերին Հայաստանի ընդդիմությունն է խանգարում:
  • Լաչինի միջանցքը պարզապես սովորական միջանցք չէ: Արցախը Հայաստանին կապող գերկարևոր օղակ է, որը ձևավորվել է տասնամյակների ընթացքում:
  • Ադրբեջանի և Թուրքիայի կողմից խնդիր է դրվում Արցախի հետ Հայաստանի կապը խզելու: Վերջնական նպատակն Արցախն ամբողջությամբ հայաթափելն է: Նրանք իրենց այս նպատակները չեն էլ թաքցնում և, ցավոք սրտի, հայկական կողմը քայլ առ քայլ կատարում է նրանց հրահանգները, գնում են այս քաղաքականության հետևից:
  • Ադրբեջանը որոշ ժամանակ հետո ռուսական զորքերի դուրսբերման հարց է առաջ քաշելու:
  • Այսօրվա իշխանությունները, որոնց պայմանական անվանում ենք հայկական, երկիրը տանում է հերթական քաղաքական և մարտավարական պարտության: Այսինքն՝ բավարար չէ նոյեմբերի 9-ի խայտառակ կապիտուլյացիայի ստորագրումը, մենք գնում ենք քաղաքական և դիվանագիտական նոր պարտության:
  • Ցանկացած պատերազմ, նույնիսկ, եթե ռազմի դաշտում պարտություն ես կրում, հնարավոր է դրա արդյունքները մեղմել դիվանագիտական գրագետ ճանապարհով: Պատմական տասնյակ փորձեր կան, կարող ենք բազմաթիվ օրինակներ նշել, երբ պատերազմում տանուլ են տվել, բայց դիվանագիտության միջոցով կարողացել են այդ պարտվածության մի մասը հետ վերադարձնել: Օրինակ՝ հայտնի ռուս-թուրքական պատերազմը, երբ 1877-78 թվականներին, երբ Թուրքիան պարտություն կրեց ռազմի դաշտում, սակայն բեռլինյան վերջնական կոնֆերանսի արդյունքում կարողացան այդ տարածքների մի մասը, օրինակ՝ Էրզրումը, ռուսները վերցնել, բայց իրենք կարողացան հետ վերադարձնել դիվանագիտական ճանապարհով: Նույնը մենք կարող ենք անել, բայց հայկական կողմը ոչինչ չի անում:
  • Հայաստանի բնակիչը պետք է հասկանա, որ այս վտանգն առաջին հերթին մեզ է սպառնում: Երբ Ադրբեջանն իր համար լուծի Արցախի հարցը, Հայաստանով է զբաղվելու՝ Սյունիքով, այլ բնակավայրերով… Եվ թող Կասկադի սրճարաններում նստած մարդկանց չթվա, թե Կասկադը շատ հեռու է Արցախից, Սյունիքից, Վարդենիսից կամ Տավուշից: Շատ մոտ է, և վաղը կամ մյուս օրը կարող է իրենց այդ կաֆեներից հանեն և թուրքերին վաճառեն…
  • Վիճակն իսկապես ողբալի է, և հայկական կողմ կոչվածը ոչ միայն ոչինչ չի անում, այլև փորձում է համաձայնության գալ Ադրբեջանի հետ:
  • Սահմանազատումից և սահմանագծումից հետո Ադրբեջանը զորքը չի հանելու Հայաստանից. զորքը կբերի, կկանգնեցնի այդտեղ և կպահանջի, որ սահմանագծումն ու սահմանազատումն անցնի այնտեղով, որտեղ կանգնած են իր զորքերը:
  • Փորձ է արվում ասել, որ հայկական կողմը դրանից ինչ-որ շահ ունի Երասխ, Ջուլֆայով կամ էլ Մեղրիով դեպի իրանական կողմ: Սա, թերևս, միակ երկաթգիծն է, որն Ադրբեջանը կաշխատեցնի: Այնպես չէ, որ դա իր համար ստրատեգիկ է, որովհետև նա կառուցել է Կարս-Ջավախք ճանապարհը, բայց այս երկաթգիծն ունենալը նրա համար կարևոր է: Եվ ստեղծվում է այն կեղծ միֆը, թե այդ ճանապարհով մենք կարող ենք դուրս գալ դեպի Ռուսաստան: Սա չաշխատող ճանապարհ է, որովհետև նախ ահռելի երկար է, երկրորդը՝ այս ճանապարհը, չեմ կարծում, որ երկար կյանք կունենա, որովհետև հենց հիմա Թուրքիան նոր երկաթգիծ է կառուցում դեպի Իգդիր ու նրանով մտնելու է Նախիջևան: Այդ 40 կիլոմետրանոց հատվածը մեզ ոչ մի օգուտ չի տա: Սա նաև Ադրբեջանին Հայաստանի ներքին գործերին, այդ թվում՝ նաև ռազմական միջամտության օրինական հիմք է տալիս:
  • Եթե թուրքական գյուղատնտեսական ապրանքը լցվի Հայաստան, ապա հայկական գյուղատնտեսական ապրանքը մի տարի էլ չի դիմանա:
  • Վերականգնողական էներգետիկան գերագնահատված ծրագիր է, որն ընդամենը որոշ բիզնես կառույցների պետք է փողեր լվանալու համար:
  • Մենք այսօր չունենք էներգետիկ անվտանգություն, և գործող իշխանությունների մոտ չկա անգամ պատկերացում, թե դա ինչպես պետք է արվի:
  • Մենք նախկինում միշտ եղել ենք էներգիա արտահանող պետություն, իսկ հիմա ներմուծում ենք Վրաստանից: Սա արդեն նոր երևույթ է:
  • Հայաստանի իշխանությունները զիջումների նախապատրաստելու քարոզարշավ է վարում, և դա ֆինանսավորվում է միջազգային տարբեր ֆինանսական կառույցների կողմից:
  • Մենք դե ֆակտո մեր ազդեցությունը տարածաշրջանային գործընթացների վրա մեր ձեռքով զրոյացրել ենք:
  • Հայաստանի նկատմամբ Արևմուտքի հետաքրքրությունը պայմանավորված է ՀՀ-ում Ռուսաստանի ազդեցության չեզոքացմամբ, և դրա համար էլ ուժեղ հակառուսական քարոզարշավ է ընթանում:
  • Խաղաղության պայմանագրի կնքումից հետո հաջորդ քայլով Արևմուտքը կպահանջի Արցախից ռուս խաղաղապահների և Գյումրիից 102-րդ ռազմաբազայի դուրսբերումը:
  • Ազգային ինքնության լղոզման քաղաքականությունը, ցավոք, վաղուց էր տարվում. գնում է հայկական ինքնության ոչնչացման գործընթաց:
  • Շատերը խոսում են Հայաստանում երրորդ ուժի ստեղծման մասին՝ ի հակադրություն այսօրվա ընդդիմադիր ուժերի: Պատմությունը ցույց է տվել, որ երրորդ ուժի գաղափարը կեղծ է, չի աշխատել ու չի էլ աշխատի:
  • Նիկոլին պաշտպանողներից բացի, կա անտարբերների մի հսկայական զանգված, որը թքած ունի, թե Հայաստանում ինչ է տեղի ունենում: Կասկադում նստում ու հեռվից նայում են, թե ինչ է տեղի ունենում…
  • Իրականում մենք 119 գերի ունենք, որոնց վերաբերյալ ընդհանրապես ոչ մի քայլ չի արվում. միայն ԱԳՆ-ն է ժամանակ առ ժամանակ ինչ-որ հայտարարություն տարածում, որով բավարարվում են:
  • Իշխանությունների կողմից փորձ է արվում լղոզել նաև քաղաքական դաշտը. այս առումով ոչ միայն Նիկոլի աջակիցներն են ակտիվ աշխատում, այլև անտարբեր մասսան և իրեն «ընդդիմության ընդդիմություն» հռչակած մի հսկայական զանգված, որն ամբողջ օրը հայհոյում է ընդդիմությանը:
  • Ցավոք սրտի, հակահայաստան ստեղծվել է հենց Հայաստանի մեջ, և դա արվել է հավաքական Արևմուտքի ջանքերի արդյունքում:
  • Ներկա Խորհրդարանը ժամանակավոր մի մարմին է, որը, պարզ չէ՝ ինչ շահերով է առաջնորդվում:
  • Հույս ունեմ՝ ընդդիմությունը գոնե աշնանը կակտիվանա:
  • Ընդդիմությանը սիրենք-չսիրենք, ընդդիմությանն այսօր այլընտրանք չկա: Միայն այսօրվա ընդդիմությունն է, որ կարող է օրակարգ թելադրել:

Տեսանյութեր

Լրահոս