«Փորձ է արվում 44-օրյա պատերազմի մեղավորների շրջանակը հնարավորինս մեծացնել՝ տպավորություն ստեղծելու համար, թե՝ Նիկոլն ի՞նչ մեղք ունի, շպիոններն են մեղավոր». Վիտալի Մանգասարյան

Հունիսի 27-ին առցանց ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ 50-ից ավելի զինծառայող մեղադրվում է լրտեսական գործունեության մեջ:

«Հոտընկայս բանակի կենացը խմել ենք, բայց տեսեք՝ ինչ է կատարվում: Հիմա քրեական գործեր մեկը մյուսի հետևից, այդ քրեական գործերի մանրամասները հանրությունը չգիտի և շատ դեպքերում չի էլ իմանա, որովհետև գաղտնի տեղեկություններ կան: Քրեական գործի շրջանակներում գործընկերներ կան, ովքեր ասում են, որ դռնփակ նիստեր են անում, լրատվամիջոցներին չի ուզում կառավարությունը, որ չբացահայտվի: Ի՞ նչը պետք է բացահայտվի, բան կա՞, որ պետք է բացահայտվի: Հասկանո՞ւմ եք՝ 50-ից ավելի զինծառայող մեղադրվում է լրտեսական գործունեության մեջ: Հասկանո՞ւմ ենք, սա ի՞ նչ է: Երբ մեր կոորդինատ գրողը պարզվել է, որ ադրբեջանական գործակալ է և սխալ կոորդինատ է տալիս: Սա հայրենիքի դավաճանություն անողն է»,- ասել է նա:

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը՝ նշեց, որ ՀՀ-ի և Արցախի համապատասխան ծառայությունները որոշակի պարբերականությամբ այդ մասին հաղորդագրություններ, տեսանյութեր տարածել են: Մինչդեռ օրերս հայտնի դարձավ, որ այդ գործերից առնվազն երկուսը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով:

«Ստացվում է, որ զինծառայողին մեղադրում են ամենածանր հանցագործության մեջ, հետո այդ ամենը դարձնում հանրության սեփականությունը՝ շահարկելով քաղաքական ամենաբարձր մակարդակում, իսկ վերջում պարզվում է, որ այդ զինծառայողներից առնվազն երկուսն անմեղ են: Այդ մարդկանց վարկաբեկելու, և, ինչպես ասում են՝ «փչացնելու» փորձ կատարելու համար ո՞վ պետք է պատասխան տա: Կարևոր է նաև հասկանալ, թե ի՞նչ խնդիր են լուծում այսօրինակ մեծ տեմպով լրտեսների մասին հրապարակումները, արդյո՞ք դրանք բխում են մեր երկրի շահերից: Պարզ է՝ ոչ մի օգտակար բան այդ ամենի մեջ չի կարող լինել:

Ավելին, նման կերպ վարկաբեկվում է զինծառայողի ինստիտուտը, և բանակի հանդեպ հասարակության վստահությունը նվազում է, ինչը, բնականաբար, ուղղակի և անուղակի ազդում է բանակի մարտունակության վրա:

Այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչո՞ւ է գործող իշխանությունն այդ ճանապարհն ընտրել:

Իմ կարծիքով՝ միակ տրամաբանական պատասխանն այդ հարցին սա է՝ փորձ է արվում 44-օրյա պատերազմի մեղավորների շրջանակը հնարավորինս մեծացնել, որպեսզի հանրային ընկալումներում տպավորություն ստեղծվի՝ «Նիկոլն ի՞նչ մեղք ունի, շպիոններն են մեղավոր»:

Բոլոր ժամանակներում էլ լրտեսներ եղել են և լինելու են, ամբողջ հարցն այն է, թե ինչպե՞ս է պետությունը պայքարում այդ ամենի դեմ և փորձում կանխել: Եթե պետության առաջնորդները բողոքում են լրտեսների չափից շատ լինելու հանգամանքից, ապա այդ մարդիկ առաջնորդ կոչվելու առնվազն բարոյական իրավունք չունեն:

Լրտեսների վերաբերյալ այսչափ շահարկումները, հրապարակումները բխում են միայն մեր հանդեպ թշնամական վերաբերմունք ունեցող երկրների շահերից, այնպես, ինչպես մոտ 5 ամիս ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ և հետախուզության վարչության պետ չունենալը»,- ասաց ռազմական փորձագետը՝ հավելելով, որ մասնավորապես վերջին շրջանում Հայաստանի համար կենսական և անվտանգային կարևորագույն հարցերի վերաբերյալ գործող իշխանության մոտեցումներն առնվազն ուրախացնում են Ադրբեջանին:

Տեսանյութեր

Լրահոս