Վերջին անգամ 1918 թվականին են Թուրքիայի իշխանությունները նման կերպ պաշտպանել ՀՀ որևէ ղեկավարի. Հայկ Դեմոյան
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման ճանապարհին գլխավոր խնդիրը Երևանի իշխանությունների վրա ճնշումներն են։ Այս մասին Թուրքիայի արտգործնախարարն ասել է Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ հանդիպման ժամանակ։
«Ճնշումները Երևանին թույլ չեն տալիս համարձակ քայլեր ձեռնարկել կարգավորման ուղղությամբ: Մենք պատրաստ ենք կառուցողական երկխոսության: Տարածաշրջանը երկարաժամկետ խաղաղության կարիք ունի։
Ինչո՞ւ կարգավորման բանակցությունների հերթական փուլը չանցկացնել Թուրքիայում կամ Հայաստանում: Երևանը դեռ պատրաստ չէ սրան։ Նմանատիպ հանդիպումներ հնարավոր են ապագայում»,- ասել է նա։
Դրան զուգահեռ՝ Չավուշօղլուն բողոքել է, թե «Հայաստանում որոշ ուժեր հարձակվում են վարչապետի տան վրա, փողոցային գործողություններ են իրականացնում, լուրջ ճնշումներ են գործադրում»։
168.am-ի հետ զրույցում պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանն անդրադառնալով Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությանը, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանին պաշտպանելուն, նշեց, որ վերջին անգամ 1918 թվականին են Թուրքիայի իշխանությունները նման կերպ պաշտպանել ՀՀ որևէ ղեկավարի։
«1918 թվականի հունիսին, երբ կնքվեց Բաթումի հաշտության և բարեկամության պայմանագիրը, նման կեղծ ու «սիրալիր» տեսարաններ կային։ Իհարկե, այն Սարդարապատի հետևանքն էր, որ թուրքերը համաձայնեցին ժամանակավորապես այդպիսի լուծում, որպեսզի Բաքուն գրավելու համար Հայաստանով անցնող երկաթուղին օգտագործեն։
Սակայն այստեղ հարցը սա չէ, այլ շատ ավելի խորքային է խնդիրը։
Գիտությունների ազգային ակադեմիան այսօր լռում է, չի ասում, թե ինչ է տեղի ունենում, նա իրեն խաղից դուրս է դրել, չի քննարկում ու քննադատում, չի բարձրաձայնում այն վտանգների մասին, որոնք թաքնված են այս ամենի հետևում։
Նիկոլ Փաշինյանն իր թիմով հանդերձ կոնսենսուսային պատրաստված կերպար է, նա քաղաքական գործիչ չէ։ Հետևաբար՝ թուրքական կողմի այդ հայտարարությունները պետք է լրիվ այլ հարթությունում դիտարկել»,- նշեց Հայկ Դեմոյանը։
Նրա խոսքով՝ այս ամենը պետք է դիտարկել ոչ թե ուղղակի հայ-թուրքական հարաբերությունների, այլ ռուս-թուրքական հարաբերությունների կոնտեքստում։
«Փաշինյանի և իր նեղ մերձավորների կերպարների ձևավորումն ու ձևակերպումը տրվել է ռուս-թուրքական հարաբերությունների ծիրից ներս, և այն, ինչ տեղի ունեցավ 2018 թվականի ապրիլ-մայիսին, ծրագրված էր հենց այդ հարաբերությունների համատեքստում։ Հետևաբար՝ Թուրքիայից եկող ցանկացած հայտարարություն, Նիկոլ Փաշինյանի գործողությունները բխելու են ոչ թե հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու տրամաբանությունից, այլ այստեղ կա երկու հարաբերություն, որտեղ միայն Ռուսաստանն է ու Թուրքիան, իրենք են որոշում, թե Հայաստանի պարագայում ինչպես պետք է լինի: Ուստի «Փաշինյան և ընկերություն» կազմակերպությունը գործելու է այդ ուղեծրից ներս»,- հավելեց Հայկ Դեմոյանը։
Միաժամանակ նա ընդգծեց, որ այսօր ԳԱԱ-ն լռում է, քանի որ նրան հրամայված է լռել։
«Ով ակադեմիայից աշխատավարձ է ստանում, մի կողմ է դրել մի շատ կարևոր բան՝ սկզբունքայնությունը, պատվախնդրությունը, որը պետք է ունենա գիտնականը»,- եզրափակեց Հայկ Դեմոյանը։