
Ասամում հեղեղումների զոհերի թիվը հասել է 135-ի. Hindustan Times

Հնդկաստանի Ասամի նահանգում վերջին օրը հեղեղումների զոհերի թիվն ավելացել է ութով եւ հասել 135-ի: Հունիսի 28-ին այդ մասին հաղորդում է Hindustan Times թերթը։ Ասամում հորդացման հետ կապված իրադրությունը բարելավվում է, ջուրն իջնում է, սակայն Քոփիլի, Բարաք եւ Քուշիարա գետերի մակարդակը շարունակում է մնալ բարձր:
Նախկինի նման հեղեղման գոտում է մնում 2,2 միլիոն մարդ: Առանձնապես լարված իրավիճակ է ստեղծվել Նագաոնի շրջանում, որտեղ գետի պատնեշի ճեղքման հետեւանքով Սինչար քաղաքը լիովին հեղեղվել է ջրով: Ասամի կառավարության տվյալներով՝ նահանգում տարերքից տուժել է 2 254 գյուղ, շուրջ 200 հազար բնակիչներ տարհանվել են վտանգավոր շրջաններից եւ տեղավորվել 538 ժամանակավոր ճամբարներում:
Վարարումը վնասել է առնվազն 218 ճանապարհ եւ 20 կամուրջ: Հեղեղումն առաջացել է սաստիկ մուսոնային տեղատարափ անձրեւներից, որոնց պատճառով ափերից դուրս է եկել Բրահմափութրա գետն իր վտակներով: Իշխանություններն օգտագործում են անօդաչու թռչող ապարատներ հորդացումից տուժած տարածաշրջաններում իրադրության վերլուծության համար: Բնակչությանն օգնություն ցույց տալու նպատակով ներգրավվել են Հնդկաստանի բանակի զինծառայողները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: