Վերին Լարսի այլընտրանքին սպասելիս

Հորդառատ անձրևներից առաջացած սողանքավտանգ իրավիճակը և Թերեք գետի վարարումն անանցանելի է դարձրել Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը:

«Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը քարաթափման վտանգի պատճառով փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար»,- ասվում է ԱԻՆ հաղորդագրության մեջ։

Ստեղծված իրավիճակը ճգնաժամային է՝ հաշվի առնելով հանգամանքը, որ այժմ գյուղմթերքի և հատկապես ծիրանի արտահանման ամենաակտիվ շրջանն է, իսկ այլընտրանքային՝ լաստանավային բեռնափոխադրումների իրականացումը ձգձգվում է: Ի դեպ, դեռևս անհայտ է, թե քարաթափման հետևանքների վերականգնումն ինչքան կտևի. տարբեր շրջանակներ նշում են, որ անհրաժեշտ է 10 օրից մինչև 2 ամիս:

Նկատենք, որ տարիներ շարունակ հայ բեռնափոխադրողների համար ռիսկային դարձած եղանակային պայմաններին այս տարի ավելացել էին նաև հակառուսական պատժամիջոցների հետևանքով գոյացող բազմակիլոմետրանոց հերթերը։

ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար, գյուղոլորտի փորձագետ Աշոտ Հարությունյանը 168.am-ի հետ զրույցում նման զարգացումները կանխատեսելի համարեց:

«Ես վաղուց եմ ասել՝ Լարսը հեղեղումների, անձրևների պատճառով շատ հնարավոր է՝ անանցանելի դառնա. ամեն տարի էլ նման բան եղել է: Նախապես էր պետք այդ մասին մտածել և փորձել հարցեր լուծել:

Մինչև 2018 թ. մենք ունեինք այլընտրանքային տարբերակ. գոնե ծայրահեղ դեպքում փորձում էինք արագ փչացող մթերքները, ծիրանը լաստանավով փոխադրել: Ճիշտ է, գնային առումով մի քիչ թանկ էր ստացվում, բայց, ամեն դեպքում, բերքը չէր թափվում»,- մանրամասնեց Աշոտ Հարությունյանը՝ նկատելով, որ մինչ իշխանությունները փորձեն խնդիրը կարգավորել, ծիրանը կվերջանա:

Գյուղատնտեսին զարմացնում են նաև արտահանման մասին պաշտոնական շրջանակներից հնչող հավատիացումները. մասնավորապես, անցյալ տարի բարձրաձայնված 200 հազար տոննա արտահանված ծիրանի մասին տեղեկությունը, և այս տարի՝ 10 օրում 4400 տոննա ծիրանի արտահանումը:

«Ո՞ր ուղով է գնացել, ո՞ր անցակետով են անցել. Լարսը փակ է օրերով, ամիսներով: Սա բարձրաձայնում եմ, որ խոսելիս հասկանան՝ այնպես չէ, որ իրենք ինչ ասում են, մարդիկ հալած յուղի տեղ են ընդունում»,- հավելեց նա:

Աշոտ Հարությունյանը գյուղոլորտի առկա բոլոր խնդիրներն է պայմանավորում իշխանությունների ոչ պրոֆեսիոնալ մոտեցմամբ և ուշացած քայլերով. գյուղմթերքի թանկացումը՝ այդ թվում:

«Այն պահին, երբ բերքը հասնում է և գնում է շուկա կամ վաճառակետ, երևում է գինը, և նոր են սկսում խառնվել իրար, բայց երբ չկա էժան պարարտանյութ, կամ առհասարակ՝ պարարտանյութ, դիզվառելիքի թանկ է, թունաքիմիկատը թանկ է, աշխատուժը թանկ է, սերմացու չկա, եղածն էլ՝ շատ թանկ է. վերջնական արդյունքում ի՞նչ էր լինելու՝ դատարկ զամբյուղ, կամ եղածն էլ՝ շատ բարձր ինքնարժեքով:

Նույնը լաստանավի պատմությունն է. հետ գնանք՝ ուղիղ մեկ ամսից ավել՝ լաստանավի խնդիրը «լուծված է», «կարգավորված է», բայց այժմ՝ խնդիրը լուծվա՞ծ է. ո՛չ:

Այժմ գյուղատնտեսությունում մենք արդեն ունենք մի վիճակ, երբ օրական ամեն տեղից խնդիրներ են դուրս գալիս. մեկ ամիս առաջ ասել էի՝ լինելու է ծիրանի խնդիր, հետո՝ խաղողի և մնացյալ մթերքների: Որևէ օպերատիվ, մասնագիտական վերլուծություն չեն արել, քայլ չեն արել: Գյուղատնտեսության մեջ պետք է պատրաստ գործողություններ ունենաս, պատրաստ լինես ֆորսմաժորի՝ բնակլիմայական փոփոխություններին, աղետներին, որ երբ նման խնդիրներն ի հայտ գան, տարբերակն ունենաս՝ պահուստում նախատեսած գումար և ծրագրեր, որոնք պետք է իրականացվեն»,- նկատեց գյուղատնտեսը:

Լարսով անցնող ճանապարհը միակ գործող ցամաքային ճանապարհն էր. այլընտրանքային մյուս ճանապարհները փակ են քաղաքական կամ ենթակառուցվածքների բացակայության պատճառներով, իսկ օդային տարբերակը  թանկ է, իրականություն չի դարձել նաև մուլտիմոդալ փոխադրումների մասին կառավարության խոստումը:

Հիշեցնենք՝ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը դեռ մայիսին կառավարության նիստում լաստանավային հաղորդակցության մասին հարցը ներկայացնելիս տեղեկացրել էր, որ պայմանագիր են կնքել լաստանավային հաղորդակցություն իրականացնող ընկերության հետ, որը պայմանագիր ունի «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության հետ: Նախարարը վստահեցրել էր, որ հունիսի 15-ից Փոթի և Կովկաս նավահանգիստների միջև գործարկվելու է շաբաթական երկու անգամ ամեն ուղղությամբ կանոնավոր լաստանավային հաղորդակցություն:

Արդեն հունիսն ավարտվում է, իսկ Վահան Քերոբյանը դեռևս պարզաբանում է, որ հայկական կողմը ցայսօր սպասում է այս երթուղով բեռնափոխադրումներ իրականացնելու թույլտվության:

«Մեզ մնացել է ստանալ միայն Փոթի նավահանգստի օպերատոր APM հոլանդական ընկերության թույլտվությունները։ Գիտեք, որ եվրոպական շատ ընկերություններ սանկցիաներ են կիրառում Ռուսաստանի նկատմամբ, և APM-ը, հանդիսանալով աշխարհի խոշորագույն նավային ընկերությունը, ևս սանկցիաներ ունի կիրառած ՌԴ-ի դեմ։ Հիմա մենք բանակցում ենք, որպեսզի մեր լաստանավերի վրա այդ սանկցիաները չկիրառվեն։ Եվ, ըստ էության, իրենք իրավունք էլ չունեն կիրառելու։ Ամեն ինչ պատրաստ է, բացի վերջին թույլտվությունից»,- կառավարության վերջին նիստից հետո մանրամասնել էր Վահան Քերոբյանը։

Հիշեցնենք նաև, որ դեռևս 2018 թվականին, երբ Նիկոլ Փաշինյանը նոր էր ստանձնել վարչապետի պաշտոնը, ասուլիսի ընթացքում անդրադարձել էր Վերին Լարսի հարցին՝ նշելով.

«Արդեն իսկ նոր սխեմայի մասին կա գրավոր համաձայնագիր, որի կողմ չէ ՀՀ-ն։ Խոսքը Վրաստան, Ռուսաստան և շվեյցարական ընկերություն համաձայնության մասին է։ Շվեյցարական ընկերությունը պայմանականորեն պետք է օգնի, որ վրացական և ռուսական մաքսային ծառայությունները հնարավորություն ունենան իրենց գործառույթներն իրականացնեն։ Նրանք պետք է Վրաստանի տարածքում կապարակնքեն բեռները, Ռուսաստանի տարածքում հանեն այդ կապարակնիքները՝ վրաստանցի մաքսավորների ներկայությամբ»։

Մնում է հուսալ, որ նախարար Քերոբյանի մատնանշած հոլանդական այս ընկերությունը չի արժանանա իր թիմի ղեկավարի կողմից հիշատակված շվեյցարական ընկերության ճակատագրին:

Տեսանյութեր

Լրահոս