Ինչպե՞ս Վազգեն Ա-ի միջնորդությամբ և ադրբեջանցի սահմանապահների կաշառվածությամբ փրկվեցին Ջուղայի մի քանի խաչքարերը
Հայկական մշակույթի գլուխգործոցներից էր Ջուղայի խաչքարերը։ Տարբեր ժամանակներում օտարերկրացի մի շարք ճանապարհորդներ այցելել են Ջուղա, կատարել ուսումնասիրություններ և տվյալներ հայտնել խաչքարերի թվաքանակի մասին։ Աղբյուրների հայտնած թվերը համադրելով՝ տեսնում ենք, որ Ջուղայի հայկական խաչքարերի թվաքանակը տատանվում է 6000-10000-ի միջև։ 1648 թվականին Ջուղա այցելած ճանապարհորդ Ալեքսանդր Ռոդեսն իր հուշագրությունում նշում է, որ խաչքարերի թիվը հասնում էր 10 հազարի։
Արդեն իսկ 20-րդ դարում ուսումնասիրությունները ու ճանապարհորդների հուշերը ցույց են տալիս, որ դարասկզբին մնացել էր 6000 խաչքար, իսկ 1915 թվականին արդեն կար 3000 խաչքար։ 1970-ականներին պատմաբան Արգամ Այվազյանն ուսումնասիրում է Ջուղայի հայկական գերեզմանոցը և նշում, որ այնտեղ մնացել է 2707 խաչքար։
Թվերն ու ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ խաչքարերի կյանքը վտանգված է, և կարիք է ստեղծվում, որպեսզի մի քանիսը փրկվեն։ Այդ շրջանում Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ն որոշում է իր ուժերով և միջոցներով մի շարք խաչքարեր փրկել և բերել Հայաստան։ Այդ օրերի մասին իր հուշերում գրում է Խորհրդային պետական և կուսակցական գործիչ Կարլեն Դալլաքյանը։
«Խորհրդային սահմանապահ զորքերի ընդհանուր հրամանատարը Հայաստան ժամանելով, այցելել էր վեհափառին։ Կաթողիկոսը խնդիր էր դրել սահմանային գոտու մեջ գտնվող Հին Ջուղայի գերեզմանատներից որոշ քանակությամբ խաչքարեր Էջմիածին տեղափոխելու մասին։ Հրամանատարը համաձայնություն էր տվել։ Մեծ ոգևորությամբ գնացինք Նախիջևան, անցանք հին Ջուղայի գերեզմանատուն, որը հենց սահմանային փշալարի հետևում էր, Արաքսի ափին։ Գետի մյուս կողմում, մեզնից մի քսան-երեսուն մետր հեռավորության վրա Պարսկաստանն էր։ Սահմանապահները տեղյակ էին։ Իրենք առաջնորդեցին միայն իրենց հայտնի կածաններով, որոնք ականներից զերծ էին։
Գրիգոր Խանջյանը ջանադրությամբ գործի անցավ։ Ընտրեց շուրջ քսան լավագույնները, ետևի կողմից սպիտակ ներկով շրջանագծեր քաշեց։ Նկատի ունեինք, երբ բեռնատար ավտոմեքենաներով ներկայանայինք, այլևս ամեն ինչ պատրաստ կլիներ, ժամանակ չէինք կորցնի ընտրության վրա։
Ջուլֆա (Ջուղա) քաղաքում Ադրբեջանի տեղական իշխանությունները մեզ լավ ընդունեցին, հյուրասիրեցին և ճանապարհ դրին։ Ամեն ինչ այնքան դյուրին էր ստացվում, որ չէինք հավատում մեր հաջողությանը։
Սկսեցին բանակցությունները ավտոշարասյուն ճամփելու վերաբերյալ։ Պետք էր ուղարկել քսան մեքենայից ոչ պակաս (Քարերը շատ ծանր էին, յուրաքանչյուրը՝ մեկ տոննից ավելի։ Հույս ունեինք նաև որոշ քանակությամբ խոյեր վերցնել)։
Պահանջվեցին համարանիշները, վարորդների անձնական տվյալները։ Ուղարկեցինք։ Այդ ամենը Պետական Անվտանգության մարմինների միջոցով։ Արտոնության համար երկար սպասեցինք։ Վերջապես Հայաստանի ՊԱԿ-ից ինձ հայտնեցին, որ ըստ Ջուլֆայի կուսակցական իշխանությունների հաղորդման, առանց Բաքվի իշխանությունների կարգադրության հարցը լուծել հնարավոր չէր»։ (Հատվածը վերցված է Կարլեն Դալլաքյանի «Հուշապատում․ դեմքեր, իրողություններ, մտորումներ» գրքից։ Երևան, 1998 թվական, էջ 138)։
Բնականաբար, խաչքարերի փրկության գործը հեշտ ընթացք չէր ունենալու։ Դա արդեն իսկ երևում էր Բաքվի իշխանությունների ուղարկած նամակից, որով փորձում էին քաղաքակիրթ ձևով կանխել այդ ամենը։ Արդյունքում՝ գործի են դրվում նոր միջոցներ, ու անհնարինը դառնում է հնարավոր․
«Անմիջապես այցելեցի փոխվարչապետ Սուրեն Մովսիսյանին։ Գործի մեջ քաջահմուտ մարդ էր, մեծ փորձառության տեր։
– Անիմաստ է, Կարլեն։ Ոչինչ չի ստացվի։ Բայց քանի որ կաթողիկոսն է մեջը, եկ փորձենք։
Նա համապատասխան հեռագիր տվեց Բաքվի կառավարությանը:
Սպասեցինք։ Դարձյալ երկար։
Վերջապես մի օր զանգ հնչեց։ Ադրբեջանում Մոսկվայի Կրոնի Գործերի լիազորն էր։ Հայտնեց, թե Ադրբեջանի կառավարությունը չի կարող ընդունել կաթողիկոսի խնդրանքը, քանի որ իրենց Գիտությունների Ակադեմիան հնագիտական լայն ուսումնասիրություններ է կատարում հենց Ջուղայի գերեզմանատանը և բոլոր հուշարձանների ներկայությունը պարտադիր է։ Կարծեմ նույն այս բովանդակությամբ գրություն հղվել էր նաև Վազգեն Ա-ին։
Մի քանի քարեր, սակայն, եկան Երևան։ Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդ Վահան եպիսկոպոս Տերյանը, որը շատ ճարպիկ ու լեզու գտնող մարդ էր, դրամով թե կոնյակով կարողացել էր լեզու գտնել Ջուղայի սահմանապահների հետ, առանց տեղի ադրբեջանական իշխանություններին որևէ բառ ասելու։ Այդ խաչքարերը այժմ գտնվում են վեհարանի առջև»։ (Նույն տեղում՝ էջ 139):
1998 թվականին Ադրբեջանը իրականացրեց խաչքարերի ոչնչացման գործընթաց։ 2003 թվականին Ադրբեջանը վերսկսեց խաչքարերի ավերածությունների նոր ընթացք։ 2 դեպքում էլ Հայաստանի կողմից բողոք ներկայացվեց, սակայն դա տեսականորեն ոչինչ չտվեց։ Նշվում է, որ այդ ավերածություններից հետո մոտ 2000 խաչքար դեռ կա պահպանված։ Ադրբեջանը յուրաքանչյուր հարմար առիթ նորից օգտագործելու է, որպեսզի ոչնչացնի Ջուղայի հայկական գերեզմանատան խաչքարերը։
Զ․ Շուշեցի