Չկա վստահություն, որ աճի տեմպը կպահպանվի

Որքան էլ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի տնտեսության վիճակը լավատեսական է գնահատում և խոսում է 7 տոկոս աճի հավանականության մասին՝ հիմնվելով տարեսկզբի առաջին 4 ամիսների ցուցանիշների վրա, միջազգային կառույցները շարունակում են անհամեմատ ավելի զգուշավոր լինել տնտեսության այս տարվա սպասումների վերաբերյալ։ Բազմաթիվ ֆինանսական կառույցներ առայժմ անփոփոխ են պահում ռուս-ուկրաինական հակամարտությունից հետո հնչեցրած գնահատականները, որոնք շատ հեռու են կառավարության լավատեսությունից։

Օրերս իր նախկին կանխատեսումը վերանայեց Համաշխարհային բանկը, բայց վերանայված գնահատականը շարունակում է անհամեմատ ավելի ցածր լինել կառավարության հայտարարած 7 տոկոս տնտեսական աճից։

Վերջին՝ հունիսյան կանխատեսումներով, ՀԲ-ն Հայաստանի այս տարվա աճը գնահատել է 3,5 տոկոս։

Սա բարձր է նախորդ գնահատականից, բայց կրկնակի ցածր է կառավարության նախատեսած 7 տոկոսից։

Ռուս-ուկրաինական հակամարտության մեկնարկին ՀԲ-ն Հայաստանի տնտեսության աճի հավանականությունը գնահատել էր ընդամենը 1,2 տոկոս։ Նախորդ նվազեցումից հետո՝ այս անգամ բարձրացրել է, բայց պահպանել է զգուշավորությունը։

Հաջորդ տարվա համար էլ ՀԲ ակնկալիքները բարձր չեն. 2023թ. սպասումը 4,6 տոկոս է։

Տարեսկզբի կանխատեսումների համեմատ՝ այս տարվա տնտեսական աճի ՀԲ գնահատականի բարելավումը, բնականաբար, կապված է առաջին 4 ամիսներին պաշտոնական վիճակագրության արձանագրած ցուցանիշների հետ։

Դրանց համաձայն՝ առաջին եռամսյակում Հայաստանի տնտեսական աճը կազմել է 8,6 տոկոս, իսկ 4 ամիսների տնտեսական ակտիվությունը՝ 9,4 տոկոս։ Չորս ամիսների տնտեսական արդյունքները, ըստ պաշտոնական վիճակագրության, բավական բարձր են, բայց Համաշխարհային բանկը վստահություն չունի, որ այդ միտումը կպահպանվի մինչև տարեվերջ։ Ընդհակառակը՝ դատելով ՀԲ գնահատականից, տարեսկզբին Հայաստանի տնտեսության մեջ արձանագրված աճի բարձր ցուցանիշներն առաջիկայում կսեղմվեն ու կփոքրանան։

Այդպես մտածելու համար ՀԲ-ն հավանաբար պատճառներ ունեցել է։ Պատճառներից մեկն էլ կարող է լինել այն, որ տարեսկզբի բարձր աճի գործում էական դեր է ունեցել ռուս-ուկրաինական հակամարտությունը։ Հակամարտության սկզբնական շրջանում դրա ազդեցությունները Հայաստանի տնտեսության վրա խիստ բացասական էին գնահատվում։ Բայց ի հայտ եկան նաև գործոններ, որոնք նպաստավոր ազդեցություն թողեցին մեր տնտեսության վրա։ Այդ ազդեցությունն արտահայտվեց մասնավորապես բիզնեսի ու այլ նպատակներով սկսված քաղաքացիների տեղաշարժով։

Միայն Ռուսաստանից մի քանի տասնյակ հազար քաղաքացի, հատուկ գործողության մեկնարկից հետո, տեղափոխվեց Հայաստան։ Տեղափոխվեցին նաև բիզնես ոլորտի մասնակիցներ, որոնք սկսեցին իրենց գործունեությունը ծավալել Հայաստանում։

Սա նպաստեց սպառողական պահանջարկի ավելացմանը, որը նկատվեց հատկապես ծառայությունների ոլորտում։ Որոշակի ազդեցություն ունեցավ նաև առևտրի վրա։ Այս 2 ոլորտներն են, որոնք տարեսկզբին առավելապես օժանդակել են Հայաստանի տնտեսական ցուցանիշների բարելավմանը։

Չորս ամիսների տվյալներով, ծառայությունների աճը հասել է 23,5 տոկոսի։

Առաջին եռամսյակում արձանագրված 8,6 տոկոս տնտեսական աճի մեջ էլ ծառայությունների և առևտրի բաժինը կազմեց ընդհուպ 6,3 տոկոս։ Այնինչ՝ տնտեսության իրական հատվածում աճի միտումները շատ ցածր են։ Արդյունաբերության, էներգետիկայի, շինարարության և գյուղատնտեության նպաստումը տնտեսական աճին ցածր է նույնիսկ 1 տոկոսից։

Արդյունաբերության 4 ամսվա աճը կազմել է հազիվ 2,6 տոկոս։ Գյուղատնտեսության մեջ անգամ այդ աճը չկա։ Այն շարունակել է մնալ անկումային։

Մեր տնտեսական իրական հատվածի զարգացումները չափազանց թույլ են։ Տնտեսության աճի հիմնական բաղադրիչը առևտուրն ու ծառայություններն են, որոնք շատ բանով պայմանավորված են ոչ թե ներսի, այլ դրսի գործոններով։

Դա երևում է նաև մասնավոր փոխանցումների տեսքով։ Տեղափոխվելով Հայաստան՝ Ռուսաստանի քաղաքացիները բավական մեծ ֆինանսական հոսքեր են ապահովել մեր երկիր։ Դրա շնորհիվ Ռուսաստանից ստացվող մասնավոր տրանսֆերտներն առաձին ամիսներին մինչև 3-4 անգամ աճ են արձանագրել՝ նախորդ տարվա համեմատ։

Բայց սրանք ժամանակավոր գործոններ են մեր տնտեսության, առավելապես՝ ծառայությունների ոլորտի ակտիվության համար։ Այդ գործոններն ամեն պահի կարող են դադարել՝ կորցնելով իրենց ազդեցությունը։

Դա կարող է շատ ավելի շուտ լինել, քան կարելի է պատկերացնել։ Վերջին շրջանում փոխարժեքի շուկայում տեղի ունեցող երևույթները կարող են բերել նրան, որ Ռուսաստանից Հայաստան տեղափոխված և ՏՏ ոլորտում գործունեություն ծավալող բիզնեսը որոշի հեռանալ։ Արժութային շուկան այս պահին նպաստավոր չէ այդ բիզնեսի և դրանում ընդգրկվածների համար։ Նրանք կորուստներ են կրում փոխարժեքի շուկայում։

Դրամի ուժեղացման հետևանքով տուժում է տնտեսության արտահանելի հատվածը։

Դա հավասարապես վերաբերում է՝ ինչպես ապրանքների, այնպես էլ՝ ծառայությունների արտահանմանը։

Ի տարբերություն ծառայությունների, ապրանքների արտահանումն այլ խնդիրներ ևս ունի՝ կապված փոխադրումների հետ։ Ռիսկերն այս առումով ավելացել են հատկապես այն պատճառով, որ մեկնարկել է գյուղմթերքների արտահանման սեզոնը։ Ու եթե չլուծվեն բերքի տեղափոխման ժամանակ առաջացող բարդությունները՝ մեր տնտեսության վնասներն էլ ավելի մեծ կլինեն։

Սրան գումարվել է նաև Վրաստանի տարածքով բեռների տեղափոխման վճարի կտրուկ բարձրացումը։

Հավանաբար այս բոլոր գործոնները հաշվի առնելով էլ Համաշխարհային բանկը շարունակում է պահպանել զգուշավորությունը՝ Հայաստանի այս տարվա տնտեսական զարգացումների վերաբերյալ իր գնահատականներում։ Սպասենք, թե առաջիկայում ինչպիսի՞ն կլինեն մյուս միջազգային կառույցների կանխատեսումները։

Մինչ այդ արդեն հայտնի է, որ իր նախորդ գնահատականը վերանայել է նաև Հայաստանի գլխավոր դրամատունը. 1,6-ի փոխարեն՝ հիմա արդեն ԿԲ տնտեսական աճի սպասումը 4,9 տոկոս է։ Հիմնական ակնկալիքը կապված է դրսից թելադրված պահանջարկի հետ, որը ձևավորվել է ռուս-ուկրաինական պատերազմից հետո սկսված մարդկային ու կապիտալի հոսքերի արդյունքում։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս