Հանգստի մեկնելիս որքանո՞վ է բարձր ռիսկը՝ վարակվել Կապիկի ծաղիկով
ԱՀԿ-ի վերջին տվյալներով՝ տարեսկզբից աշխարհի 48 ոչ էնդեմիկ երկրներում մարդկանց շրջանում կապիկի ծաղիկով վարակվելու ավելի քան 3200 դեպք է հայտնաբերվել: Հիվանդության դեպքեր են արձանագրվել 48 երկրներում: Առ այսօր հայտնի է այս հիվանդությունից մահվան մեկ դեպքի մասին:
ԱՀԿ ղեկավարի խոսքով՝ այն երկրներում, որտեղ հիվանդությունը հայտնաբերվել է վերջերս, վարակման դեպքերը նկատվում են հիմնականում հոմոսեքսուալ կապեր ունեցող տղամարդկանց շրջանում:
Հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանի փոխանցմամբ՝ իրավիճակը կառավարելի է, և մի քանի օր առաջ եվրոպական տարածաշրջանի հրապարակած տվյալները վկայում են այն մասին, որ ընդհանուր բնակչության համար ռիսկը բարձր չէ:
«Սակայն բնակչության որոշ խմբերի համար ռիսկը մնում է բարձր: ԵՄ-ում հետազոտություն է արվե,լ և ճնշող մեծամասնությունը 30-41 տարեկան տղամարդիկ են, ովքեր սեռական հարաբերություն են ունեցել տղամարդկանց հետ: Տվյալ հիվանդության համաճարակային պոտենցիալը գոնե առայժմ անհամեմատ ավելի թույլ է, քան բնական ծաղիկինն է կամ այլ մեզ ծանոթ հիվանդությունները, օրինակ մեզ ծանոթ կորոնավիրուսը: Կապիկի ծաղիկը փոխանցվում է սերտ շփման կամ ֆիզիկական կոնտակտի ժամանակ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Մելիք-Նուբարյանը:
Ինչ վերաբերում է պատվաստանյութին, Հանրային առողջության մասնագետը նշեց, որ բնական ծաղիկի դեմ կա պատվաստանյութ, որն արդյունավետ է Կապիկի ծաղիկի վիրուսի դեպքում:
«Բնական ծաղիկը գրեթե վերացել է, իսկ Կապիկի ծաղիկն էլ մինչև վերջերս ուշադրության արժանի բռնկումներ չէր հարուցում Եվրոպայում, ինչը չենք կարող ասել Աֆրիկայի դեպքում (այնտեղ միշտ Կապիկի ծաղիկով վարակվելու դեպքեր եղել են): 2-3 տարի առաջ մի քանի հազար մարդ Նիգերիայում հիվանդացել է, մի քանի հարյուրը մահացել է: Ու եթե հիվանդությունը սկսի լայն տարածվել նաև միջին վիճակագրական մարդկանց շրջանում, ապա տեխնիկապես արդյունաբերության հարց է, որն արագ կլուծեն և հնարավոր կլինի արտադրել բավական քանակությամբ և տրամադրել մարդկանց»,- մանրամասնեց Դավիթ Մելիք-Նուբարյանը:
Հարցին՝ արդյո՞ք Կապիկի ծաղիկը օդակաթիլային եղանակով չի տարածվում, հանրային առողջության մասնագետը պատասխանեց.
«Օդակաթիլային եղանակով փոխանցվում է, սակայն շատ սերտ ու երկարատև շփման դեպքում: Շատ փոքր տարածության վրա պետք է իրար դեմ դիմաց նստել տևական ժամանակ խոսել, փռշտալ, հազալ, որպեսզի մասնիկների մեջ տեղակայված վիրուսն անցնի մարդուն: Եվրոպայում 2-3 մեծ միջոցառում է եղել, մասնակցել են, տղամարդկանց միջև եղել են անկանոն հարաբերություններ, ու դրա արդյունքում վիրուսը տարածվել է»:
Ինչ վերաբերում է ամառային հանգիստն այս կամ այն երկրում անցկացնելուն ու վարակվելու վտանգին՝ Դավիթ Մելիք-Նուբարյանը նշեց, որ կենցաղային իրերի միջոցով ևս վարակը փոխանցվում է, սակայն հավանականությունը քիչ է:
«Օրինակ, տվյալ բարձին պետք է պառկած լինի Կապիկի ծաղիկով հիվանդ մարդ, որի մարմնին ցանց կա, որից հեղուկ է արտադրվում, սպիտակեղենը պետք է լվացված չլինի և այլն: Միջին մարդու համար ռիսկը բարձր չէ՝ անգամ հանգստի մեկնելու դեպքում: Եթե ընտանիքով է գնում, կողմնակի շփումներ չեն նախատեսվում, վարակվելու ռիսկը բարձր չէ»,- եզրափակեց մեր զրուցակիցը: