Ինչո՞ւ են օտարերկրյա ներդրողները խուսափում ներդրումներ անել շինարարության մեջ
Օտարերկրյա ներդրողների կողմից շինարարության ոլորտում իրականացված ներդրումների առումով այս տարի ունենք խայտառակ վատ պատկեր։ Այդ ոլորտում օտարերկրացիների կատարած ներդրումներն ամենացածրն են վերջին 6 տարվա կտրվածքով։
Դրանք էապես զիջում են իշխանափոխությունից առաջ եղած ծավալներին։
Այս տարվա առաջին 4 ամիսներին օտարերկրյա ներդրողները Հայաստանում իրականացրել են ընդամենը 2,2 մլրդ դրամի շինարարություն։
Սա վերջին տարիների ամենավատ ցուցանիշն է. նախորդ տարվա համեմատ՝ այն կրճատվել է ավելի քան 65 տոկոսով։ 2018թ. ցուցանիշին էլ զիջում է 3,2 միլիարդով։
Այն ժամանակ օտարերկրյա ներդրողների կողմից տարեսկզբի 4 ամիսներին Հայաստանում կատարվել էր 5,4 մլրդ դրամի շինարարություն՝ գրեթե 2,5 անգամ ավելի շատ, քան կատարվել է այս տարի։
Թե ի՞նչն է ստիպել օտարերկրյա ներդրողներին խուսափել ներդրումներ իրականացնել շինարարության ոլորտում, հայտնի չէ։ Բայց պարզ է, որ այդպես առանց պատճառի չի լինում։ Հատկապես որ, ոլորտում այս տարի որոշակի ակտիվություն այնուհանդերձ կա։ Ճիշտ է, իշխանություններն առաջվա նման բումերից ու երկիրը մեծ շինհրապարակի վերածվելուց չեն խոսում, սակայն նաև ջանք ու եռանդ չեն խնայում տպավորություն ստեղծելու, որ շինարարության ոլորտը ծաղկում է։
Պաշտոնական տվյալներով՝ այս տարվա առաջին 4 ամսում Հայաստանում իրականացվել է 81 մլրդ դրամի շինարարություն։ Գումարի գրեթե 40 տոկոսը գնացել է անշարժ գույքի, ենթադրաբար՝ բնակարանային շուկա, որն ակտիվացավ այն բանից հետո, երբ իշխանությունները հայտարարեցին եկամտային հարկի վերադարձից աստիճանաբար հրաժարվելու մասին։ Մինչ այդ՝ շատերը շտապում են օգտվել դեռևս գործող հնարավորությունից։ Մի բան, ինչը նպաստել է անշարժ գույքի ոլորտում շինարարության ակտիվացմանը։ Շինարարության ծավալներն ավելացել են բացառապես այդ հատվածում ու այդ գործոնի շնորհիվ։ Այնինչ՝ մի շարք ուղղություններով ունենք մտահոգիչ իրավիճակ։
Նվազել է ոչ միայն օտարերկրյա ներդրողների, այլև բնակչության կողմից իրականացվող շինարարությունը. 4 ամսում բնակչությունը կատարել է 19 մլրդ դրամի շինարարական աշխատանք, ինչը 8,4 տոկոսով պակաս է նախորդ տարվանից։
Սա ևս բնակչության սոցիալական վիճակի կարևոր ցուցանիշներից մեկն է։
Շինարարությունն այն հիմնական ոլորտներից մեկն է, որն արագ արձագանում է բնակչության սոցիալական վիճակի վատացմանը։ Երբ նվազում են մարդկանց եկամուտները՝ դա ուղղակիորեն արտահայտվում է բնակչության կողմից իրականացվող շինարարության ծավալների վրա։ Դրանք ևս կրճատվում են։
Իհարկե, սոցիալական վիճակի վատացումից բացի, կան նաև այլ գործոններ, որոնք ազդել են դրա վրա։ Խոսքը, մասնավորապես, գնաճի մասին է։ Թանկացել են ոչ միայն պարենային, այլև ոչ պարենային ապրանքները, այդ թվում՝ նաև շինանյութն ու շինարարական աշխատանքները։
Պաշտոնական վիճակագրությունը շինանյութերի առանձին տեսակների գնաճի վերաբերյալ տվյալներ չի տալիս, բայց ընդհանուր գնաճը ոլորտում գնահատել է 9-10 տոկոսի շրջանակներում։ Դա, բնականաբար, չէր կարող չանդրադառնալ բնակչության կողմից իրականացվող շինարարական աշխատանքների ծավալների վրա, հատկապես, երբ սրվել են այլ հատվածներից թելադրված ազդեցությունները։
Ի դեպ՝ շինարարության ոլորտում գնաճին, իրականացվող հարկային քաղաքականությամբ, ուղղակիորեն նպաստում է նաև կառավարությունը. դեռևս 2019թ. պետտուրք է սահմանվել ներկրվող ցեմենտի վրա, ինչը ներքին շուկայում հանգեցրել է գների արհեստական բարձրացման։
Անունը դրել են տեղական արտադրողին օժանդակություն ու խփում են սպառողի գրպանին։ Սպառողի հաշվին օժանդակում են տեղական արտադրողին։
Անգամ այն բանից հետո, երբ պարզվեց, որ վերջին շրջանում ներմուծվող ու ներքին արտադրության ցեմենտի ինքնարժեքների միջև եղած գնային տարբերությունն էապես նվազել է, կառավարությունը չգնաց կիրառվող պետտուրքերի չափերի վերանայման։
Օրերս հերթական անգամ որոշեց դրանք նույնությամբ վերանայել և երկարացնել ևս 6 ամսով։
Այսինքն՝ ևս առնվազն 6 ամիս սպառողները ստիպված կլինեն իրենց գրպանի հաշվին ֆինանսավորել տեղական արտադրողի, այդ թվում՝ հայտնի օլիգարխներից մեկի բիզնեսը։
Թեև խնդիրը միայն ցեմենտը չէ, թանկացել են, երբեմն՝ նաև բավական կտրուկ, բազմաթիվ շինարարական ապրանքներ։ Եթե հաշվի առնենք գնաճի ազդեցությունը, գուցե պարզվի, որ այս տարվա 81 մլրդ դրամի շրջանակներում անհամեմատ ավելի քիչ շինարարական աշխատանքներ են կատարվել, քան կատարվում էին մի քանի տարի առաջ։
Այդքան խոսվում է պետական միջոցներով իրականացվող կապիտալ ծախսերի ավելացումների մասին, բայց պաշտոնական վիճակագրությունը կրկին բյուջեի միջոցներով կատարվող շինարարական աշխատանքների անկում է գրանցել։ Տարեսկզբի առաջին 4 ամիսներին դրանք կազմել են նախորդ տարվա 89,7 տոկոսը։ Այլ կերպ, կրճատվել են 10,3 տոկոսով։
Բյուջեի հաշվին իրականացվել է շուրջ 18,6 մլրդ դրամի շինարարություն։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կատարվել էր 20,3 միլիարդից ավելի շինարարություն։ Այս տարի 1,7 միլիարդով պակաս է եղել։
Չորս ամսում բյուջեի հաշվին կատարված 18,6 մլրդ դրամ շինարարական աշխատանքներից 7,6 միլիարդը վարկային միջոցներով իրականացվող ծրագրերին են վերաբերում։ Դրանք այս տարի էապես կրճատվել են։
Միջազգային տարբեր ֆինանսական կառույցներից ներգրավված գումարներով կատարված շինարարական աշխատանքները կազմել են նախորդ տարի կատարվածի հազիվ 57 տոկոսը։ 2021թ. վարկային միջոցներով իրականացվել էր 13 միլիարդից ավելի շինարարություն՝ 5,4 միլիարդով շատ, քան այս տարի։
Թե այսպիսի կտրուկ նվազումն ինչո՞վ է պայմանավորված, վիճակագրությունը չի բացում փակագծերը։ Բայց վաղուց հայտնի փաստ է, որ վարկային միջոցներով նախատեսված ծրագրերը մշտապես թերակատարվում են։ Կառավարությունն այդպես էլ չի կարողանում ժամանակին ապահովել դրանց կատարողականը։ Այդ պատճառով էլ վարկային ծրագրերի ժամկետները ժամանակ առ ժամանակ տեղափոխվում են, ու դրա պատճառով Հայաստանը երբեմն նաև տույժերի տակ է ընկնում։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ