ԵԽԽՎ-ն վերածվել է քաղաքականացված կառույցի, որն առաջնորդվում է իր քաղաքական նպատակահարմարություններով. հայկական պատվիրակությունում պետք է համաձայնեցված աշխատենք. Արմեն Ռուստամյան

Կքննարկվի՞ Արցախի հարցը սեպտեմբերի 1-ին Եվրախորհրդի անդամ երկրների առաջնորդների՝ Գալվեյում կայանալիք համաժողովում: ԵԽԽՎ հայկական պատվիրակության ընդդիմադիր ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը մեծ հույսեր չունի, որ արցախյան հարցը կհասնի այդ համաժողովի սեղանին:

Հիշեցնենք, Գալվեյի համաժողովի առաջարկը ԵԽԽՎ ամառային նստաշրջանի մեկնարկին ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահ, Իռլանդիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարար Սայմոն Քովնին հնչեցրեց՝ ամառային նստաշրջանի մեկնարկին, Վեհաժողովի ամբիոնից: Իսկ քննարկման առանցքում «գորշ գոտիներում» Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշումների արդյունավետ կիրառման հարցն են նախատեսում: Բայց Քովնին չբացառեց Արցախի վերաբերյալ քննարկումը, որովհետև, ըստ նրա, Լեռնային Ղարաբաղը բարդ և «քննարկման համար ակնառու տարածք է»:

Արմեն Ռուստամյանն ասում է ՝ չի կարծում, թե այստեղ ցանկություն ունեն զբաղվել Արցախի հարցով: Բայց, նրա համոզմամբ, օրինակ, ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահը չի կարող անտեսել որևէ տարածք, որտեղ հումանիտար, մարդու իրավունքների հետ կապված խնդիրներ կան, անկախ այն փաստից, թե այդ տարածքներն ինչ կարգավիճակ ունեն: «Անդրադարձն այդ խնդիրներին ուղղակիորեն ԵԽԽՎ մանդատի շրանակում է»,- ասում է Ռուստամյանը, Արցախի վերաբերյալ Սայմոն Քովնիի դիտարկումները պայմանավորելով ԵԽԽՎ պարտավորություններով:

Ընդդիմադիր պատգամավոր Արմեն Ռուստամյանը կարծում է, որ ԵԽԽՎ-ն հետզհետե հեռանում է իր դերակատարությունից՝ դառնալով առավել քաղաքականացված կառույց:

«Մենք այս կազմակերպությունը համարում էինք տաճար, որտեղ պաշպանվում են մարդու իրավունքների, մարդասիրության, ժողովրդավարության հետ կապված սկզբունքները: Այդ արժեքների պահապան կառույց է սա համարվում, բայց երկակի ստանդարտների բազմակի կիրառումը, դժբախտաբար, հանգեցրեց նրան, որ այս կառույցը կամաց-կամաց վերածվեց ավելի շատ քաղաքականացված կառույցի, որն առաջնորդվում է իր քաղաքական նպատակահարմարություններով և, բնականաբար, մի տեղ կարող է նկատել ինչ-որ խախտումներ, մի տեղ կարող է չնկատել՝ կախված նրանից, թե տվյալ պահին այս կառույցի քաղաքական շահն ինչն է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Ռուստամյանը՝ հիշեցնելով, որ հայկական պատվիրակության ընդդիմադիր ներկայացուցիչները բոլոր խնդիրները մանրամասնորեն ներկայացրել են Հայաստանի հարցով համազեկուցողներին ու Մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի ղեկավարին. Հայաստանում քաղբանտարկյալների առկայության մասին ոստիկանության անիրավաչափ պահվածքի մասին, որ խափանման միջոցը, ըստ էության, այսօր դարձել է պատժամիջոց, և այլն:

Իսկ ինչպե՞ս են արձագանքել եվրոպացի պաշտոնյաները, մեր հարցին Ա. Ռուստամյանը պատասխանեց.

«Իրենք գրանցել են ամեն ինչ: Ասում են՝ կզբաղվենք, կվերլուծենք, այդ ձեր բոլոր ահազանգերը մենք կուսումնասիրենք… Բնականաբար, պետք է արձագանքեն, ի վերջո, պիտի արձագանքեն: Մենք հետևողական ենք լինելու: Ես չգիտեմ, թե իրենք որքան հետևողական կլինեն, բայց մենք հաստատ հետևողական ենք լինելու, և չեն կարող, ի վերջո, այսպես անընդհատ անտեսել և աչքերը փակած շարունակել, այդպես հնարավոր չի լինելու, և իրենք էլ են լավ հասկանում: Մենք իսկապես այստեղ բավականին լուրջ անելիք ունենք ՝ իրերը իրենց անուններով կոչելու իմաստով: Շատ բաներ մենք հենց այս կառույցից ենք սովորել՝ իրավական պետության կայացում, հարգանք ժողովրդավարության սկզբունքների նկատմամբ, և այլն»:

ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավորը համարում է, որ ԵԽԽՎ-ում շատ անելիք կա հիմա, երկու տարի չի եղել պատվիրակության կազմում, չի եկել ստրասբուրգյան նիստերին, ու հիմա, ասում է, շատ բան է փոխված տեսել: Համարում է, որ այս կառույցին պետք է վերադարձնել իր սկզբունքների հիմնական հունը, ոչ միայն Հայաստանի ներքին կյանքի նկատմամբ վերաբերմունքի առումով, այլ նաև արտաքին հարցերի, Արցախի խնդրի հետ կապված: Ընդդիմադիր պատգամավորը համոզված է, որ դրան հնարավոր է հասնել հայկական պատվիրակությունում համաձայնեցված աշխատելով.

«Կարծում եմ՝ հայկական պատվիրակությունում մենք բոլորս տեսնելով այդ խնդիրների ընդհանուր դաշտը, պետք է համաձայնեցված աշխատենք, որովհետև դրսում այլ կերպ հնարավոր չէ հաջողության հասնել: Ճիշտ է, մենք ունենք բավականին լուրջ տարաձայնություններ շատ հարցերի հետ կապված, բայց պետք է կարողանալ այդուամենայնիվ գտնել այն ընդհանուրը, որը մեզ արտաքին աշխարհում առնվազն մեր շահերի պաշտպանության հետ կապված կարող է գործունեության նույն դաշտն ապահովել: Սա մի քիչ դժվար խնդիր է, ճիշտն ասած, բայց պետք է լուծել»:

Հայկական պատվիրակությունը, ի դեպ, թերևս համաձայնեցված աշխատելով, այս նստաշրջանի ժամանակ հընթացս փորձում էր կանխել թուրք-ադրբեջանական լոբբինգից սպասվող մեկ այլ վերահաս վտանգ: Մշակում էին առաջարկներ՝ առաջիկայում սպասվող, շրջակա միջավայրին վերաբերող մի զեկույցի վերաբերյալ, որտեղ հեղինակը՝ բրիտանացի պատվիրակ Ջոն Հաուելը, հակահայկական ձևակերպումներ է արել՝ հղումներ անելով՝ Սարսանգի ջրամբարին վերաբերող, 2016 թվականին ընդունված «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» ձևակերպումով բանաձևին:

Վերջինս, հիշեցնենք, հեղինակել էր Բոսնիան և Հերցեգովինան ներկայացնող Միլիսա Մարկովիչը, որը Բաքվի եվրոպական խավիարադոլարային սկանդալի դերակատարներից էր, և հետագայում, իր շատ գործընկերների պես, սեփական երկրի իրավապահների տեսադաշտ էր եկել:

Եվրոպայի խորհրդում թուրք-ադրբեջանական տանդեմի հիմնական «հույսը», հայտնի է, որ բրիտանացիներն են: Սարսանգին վերաբերող զեկույցի քննարկման օրերին մեկ այլ բրիտանացի էլ հեղինակել էր «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի գրավյալ այլ տարածքներում» վերնագրով զեկույցը, որը հայկական պատվիրակության ջանքերով տապալվեց:

Հեղինակը հայտնի Ռոբերտ Ուոլթերն էր, որի կինը թրքուհի էր (Ֆերդա Ալպ Ուոլթեր): Ուոլթերը հպարտորեն հայտարարում էր, որ իր թուրքական անձնագիրը Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի ձեռքից է ստացել, և ինքը «բրիտանացի թուրք է»: Արդյո՞ք բրիտանացի Ջոն Հաուելը կդառնա Ռոբերտ Ուոլթեր-2… թերևս, կերևա առաջիկայում:

Սիրանույշ Մուրադյան
Ստրասբուրգ, Ֆրանսիա

 

Տեսանյութեր

Լրահոս