Ինչո՞ւ գերթանկարժեք ու գերժամանակակից Սու-30-ները պատերազմի օրերին այդպես էլ օդ չբարձրացան

Իշխանափոխության օրերին Ադրբեջանի հետ ռազմական բալանսը տանուլ տալու և Ադրբեջանի ժամանակակից զինտեխնիկային 80-ականների 4-րդ ռեմոնտած կալաշնիկովներ համադրելու համար Սերժ Սարգսյանին մեղադրող Նիկոլ Փաշինյանը 2019-ի դեկտեմբերին մեծ հանդիսավորությամբ ցուցադրեց Ռուսաստանից գնած նոր սպառազինությունները՝ Սու-30-ՍՄ ինքնաթիռները:

Հայաստանի Հանրապետության կողմից գերժամանակակից ՍՈՒ 30-ՍՄ ինքնաթիռների և ռազմական նշանակության այլ միջոցների ձեռքբերումը քննադատության ենթարկեց ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը: Պայմանագիրը ստորագրելուց առաջ վերջինս անձամբ է Փաշինյանին ասել, որ դա սխալ որոշում է, սակայն որոշումն արդեն կայացված էր:

Ցավոք, 44-օրյա պատերազմի ժամանակ գերժամանակակից այդ սպառազինությունը նպատակին չծառայեց, չկատարեց իր առջև դրված խնդիրը, օդ չբարձրացավ, որովհետև, ինչպես հետո պարզվեց, Սու-30-ՍՄ կործանիչները գնվել էին առանց համապատասխան հրթիռների:

44-օրյա պատերազմի ավարտից 15 ամիս անց՝ այս տարվա փետրվարի 10-ին ստեղծվեց  44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով: Թե բացառապես իշխանության ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովը որքանով կարդարացնի իրեն և կբացահայտի մի շարք կասկածելի դեպքեր, ցույց կտա ժամանակը:

Կքննի՞ արդյոք հանձնաժողովը պատերազմից առաջ ձեռք բերված և մեծ շուքով հանրությանը ներկայացված Սու-30-ՍՄ ինքնաթիռների գնման նպատակահարմարությունն ու կգտնի՞ արդյոք այդ որոշման մեջ վտանգավոր ու կասկածելի տարրեր, կրկին ժամանակի խնդիր է: Մեր խնդիրը կասկածելի հարցերը պարբերաբար բարձրաձայնելն է:

Տեսանյութեր

Լրահոս