Ապրանքը թափում ենք. Ծաղկի արտահանմամբ զբաղվող ջերմոցատերերը «Լարսի պատճառով» խնդրի առջև են կանգնել
Ծաղկի արտահանմամբ զբաղվող ընկերություններն ամեն օր վնաս են կրում՝ Լարսում մեքենաների կուտակումների պատճառով:
«Վնասը կրել ենք և շարունակում ենք կրել: Եթե ծաղիկը կտրել ենք, ու 5 օր սառնարանում է, դրանից ավելի եթե մնա, ու մենք էլ հաշվարկենք, բարձենք, ուղարկենք՝ այնտեղ են թափելու: Հիմա ստիպված թափում ենք: 6 օր առաջվանը թափում ենք, այսօրվա քաղածը դնում ենք, և այդպես շարունակ: Լարսում ապրանքը մինչև 12 օր մնացել է, ու հիմա էլ է կանգնած, որ գնում-հասնում է տեղ, մեզ հետ աշխատող մարդիկ բացում նկարում են, որ այստեղից 40 տոկոսն է թափելու, մյուս տեղում՝ 20, 60 կամ 80 տոկոս: Նայած, թե մեքենան ինչ հաճախականությամբ է հասնում այնտեղ, ու դա լուրջ ազդում է մեր ընկերության իմիջի վրա: Եթե մեքենան հաջողացնում է՝ 4-5 օրում է անցնում, հասնում է տեղ՝ գոնե մի բան պահպանվում է, սակայն, եթե չէ, ապա ապրանքը թափում ենք: Արդեն հունիսի 16-18-ի ապրանքը թափում ենք՝ մոտավորապես 25.000 հատ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ռոզ ֆիլդ» վարդերի ջերմոցային տնտեսության ներկայացուցիչ Աշոտ Հակոբյանը:
Նրա փոխանցմամբ՝ ծաղկի 90 տոկոսն արտահանվում է Ռուսաստան:
Ինչ վերաբերում է Փոթիի ու Կովկասի նավահանգիստների միջև կանոնավոր լաստանավային հաղորդակցության գործարկմանը, մեր զրուցակիցը նշեց. «Լաստանավը հեքիաթ է, այն նախ՝ մերը չէ, հոլանդական ինչ-որ կազմակերպություն է, որը Վրաստանում ափի սեփականատերն է կամ վարձակալել է, դա պետք է լինի նրանց թույլտվությամբ, որը դեռ չկա: Այդ լաստանավով կարող են բերվել երկաթե գնդեր՝ ցեմենտի զավոդների կամ հանքերի համար, և այլն: Որևէ բան դա չի տալիս ոչ ծաղիկ, ոչ ծիրան արտահանողին: Ոչ մեկը նաև չգիտի, թե այդ լաստանավի տարողությունն ինչքան է, գինն ինչքան է: Կարող է կրկնակի գին լինի, կամ 10 օրում այն հասնի տեղ: Նավահանգիստների հետ պայմանագրեր պետք է կապեն և այլն»,- նկատեց Աշոտ Հակոբյանը:
Լարսում խնդրի լուծման ճանապարհ մեր զրուցակիցը չի տեսնում, քանի որ, նրա խոսքով, ոչ ոք կոնկրետ բան չի ասում:
«10 օր առաջ Էկոնոմիկայի նախարար Վանահ Քերոբյանը Վրաստանում էր, ոչ մի պայմանավորվածություն ձեռք չբերվեց, իբր մրգի ու բանջարեղենի հարցը լուծվեց, ծաղիկն ու ձուկը դուրս մնացին, դրանից հետո ՀՀ վարչապետը Վրաստանի վարչապետին ընդունեց Դիլիջանում, կարծես խնդրել է, որ ներառեն նաև ծաղիկն ու ձուկը, բայց արդյունքը դեռ չգիտենք: Ծաղիկը օրական 60-70 մեքենաների շարքում ընդամենը 5 մեքենա է: Տրամաբանական չէ, որ խնդրեն՝ այդ մի քանի մեքենան առաջ անցնեն, թույլ չտան: Անփույթ վիճակ է ուղղակի: Երեք ամիս է՝ այս վիճակն է. փետրվարի 18-ից մինչև մարտի 25-ը Լարսը փակ էր, այդ ժամանակ ձյուն էր, և այլն, հասկացանք, հիմա էլ նույն վիճակն է: Մենք ունենք լուրջ վարկային պարտավորություններ: Ապարանում 22 միլիոն գազի վարձ ենք տվել: Իսկ ձմռանը՝ 40 միլիոնի»,- եզրափակեց Աշոտ Հակոբյանը:
Հավելենք, որ հունիսի 20-ին տեղեկություն տարածվեց, որ ՀՀ-ի և Ռուսաստանի Դաշնության միջև աշխատանքային քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, սույն թվականի հունիսի 20-ին Ռուսաստանի Դաշնության կառավարությունը որոշում է ընդունել՝ Դաշնային մաքսային ծառայության Հյուսիս-Կովկասյան մաքսային վարչության Հյուսիս-Օսական մաքսատան «Վերին Լարս» միջազգային ավտոմոբիլային անցակետից մոտ 3-4 կմ հեռավորության վրա հատկացնել լրացուցիչ տարածք, որտեղ ևս հնարավոր կլինի իրականացնել մոտ 250 ավտոմեքենաների մաքսային հսկողության հետ կապված գործառնություններ։
Նշված կարգավորումը դրական ազդեցություն կունենա անցակետի թողունակության բարձրացման, մեքենաների կուտակումների վերացման և գոյացած հերթերի պատշաճ կառավարման առումով։
Հունիսի 23-ին, կառավարության նիստից հետո հարցուպատասխանի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասել է, որ Վերին Լարսի անցակետում մեզ համար իրավիճակի շտկումը Վրաստանում բեռնատարների հերթերի բացակայությունն ապահովելն է: Բազմաթիվ տնտեսվարողներ վնասներ են կրել, և ամեն ինչ դիտարկվում է ժամանակի մեջ: Եթե խնդիրը խորը լինի, օժանդակության ծրագրեր կգործեն:
«Մենք մեր վրացի գործընկերներին խնդրել ենք, որպեսզի ծաղիկները և թարմ ձուկը ևս մտցնենք հատուկ կատեգորիայի մեջ, որ այդ ապրանքներով բեռնված բեռնատարները ևս կարողանան առանց հերթի անցնել Վրաստանի տարածքով և մոտենալ Վերին Լարսի անցակետին»,- ասել է նախարարը:
Քերոբյանի խոսքով` բազմաթիվ բեռնատարներ նախկինում ուղիղ Եվրոպայից մտնում էին Ռուսաստան, այժմ պետք է շրջանցեն այդ ամբողջ տարածաշրջանը, իսկ ամենամոտ անցակետը Լարսի անցակետն է:
«Ես հունիսի 11-ին Վերին Լարսի անցակետում հանդիպել եմ ռուս գործընկերոջս, որպեսզի խնդրին լուծում տանք: Մեր պայմանավորվածության արդյունքում հունիսի 20-ին արդեն ՌԴ կառավարությունը որոշում է ընդունել երկրորդ մաքսազերծման զոնա բացել Վերին Լարսի անցակետի մոտակայքում, որը, ըստ մեր գնահատականի, պետք է 30 տոկոսով ավելացնի թողունակությունը: Դա այսօրվա 400-450 մեքենաների փոխարեն՝ 650-700 մեքենան է օրական»,- պարզաբանել է Վահան Քերոբյանը: