Դավիթ Գալստյանի հետ կապված ադրբեջանական վախերի և Ղազախստանում գործարան բացելու լուրերի մասին

Մի քանի օր է՝ ադրբեջանական լրատվամիջոցները ծավալուն հոդվածներով անդրադառնում են ՀՀ բանակին զենքի հիմնական մատակարար Դավիթ Գալստյանին (Պատրոն Դավո):

Հրապարակումներում նշվում է, որ Գալստյանը շատ սերտ հարաբերություններ է ունեցել հեղափոխական վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, և Փաշինյանը լիազորել է Դավիթ Գալստյանին պաշտպանության նախարարության միջոցով և տվել արտոնություն, որպեսզի նա Հայաստանի անունից զենք պատվիրի:

Այս համատեքստում ադրբեջանական լրատվամիջոցները հիշեցնում են Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի պնդումները:

Հիշեցվում է, որ Նիկոլ Փաշինյանը մասնակցել էր «Կալաշնիկով» գործարանի բացմանը:

Նշենք, որ 2020-ի հուլիսի 7-ին Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի ուղեկցությամբ այցելել էր Հայաստանում բացված «Կալաշնիկով» ինքնաձիգի արտադրամաս: Նա շրջայց էր կատարել «Նեյտրոն ԳԱՄ» ՓԲԸ գործարանի բազայի վրա հիմնված «ԱԿ-103 Կալաշնիկով» ինքնաձիգի հավաքման արտադրամասում՝ ծանոթացել արտադրական գործընթացին:

Անդրադառնալով իշխանությունների կողմից Դավիթ Գալստյանին թիրախավորմանը, քրեական գործեր հարուցելուն, ադրբեջանական լրատվամիջոցները նաև հայաստանյան տարբեր կարծիքների վրա հիմնվելով՝ ենթադրություններ են արել, որ սրա պատճառն այն է՝ իբր երրորդ երկիր զենքի վաճառքի գումարներից Դավիթ Գալստյանը Նիկոլ Փաշինյանին բաժին չի հանել, ինչը զայրացրել է նրան: Սա, իհարկե, զուտ ենթադրություն է, բայց փաստն այն է, որ Դավիթ Գալստյանն իր դեմ հարուցված քրեական գործերին անդրադառնալով՝ մշտապես հորդորել է քաղաքական ենթատեքստ չտեսնել, որ խնդիրը բիզնես շահերի, հետաքրքրությունների դաշտում է:

Այնուհետև ադրբեջանական լրատվամիջոցները ենթադրություններ են անում հրթիռների գործով 50 միլիոն դրամ գրավի դիմաց Դավիթ Գալստյանին ազատ արձակելու պատճառների մասին:

Ըստ դրանց՝ Դավիթ Գալստյանն ազատ է արձակվել, քանի որ 44-օրյա պատերազմից հետո ՀՀ բանակը վերազինման կարիք ունի: Նշվում է, որ ձեռք է բերվել «ՆԱՏՕ-ական» զենք Բուլղարիայից, որը պիտի գներ Ուկրաինան, սակայն հայկական կողմն ավելի մեծ գումար է առաջարկել և, փաստորեն, նրանց ձեռքից «տարել» այդ սպառազինությունը:

Ադրբեջանին, որը հետախուզում էր հայտարարել Դավիթ Գալստյանի նկատմամբ և Փաշինյանի կառավարության հետ զուգահեռ՝ ձայն ձայնի տված՝ մշտապես թիրախավորել են, վրդովվեցրել է այս փաստը. ո՞ւմ հետ է Բուլղարիան՝ Ադրբեջանի՞, որն իրեն գազ է մատակարարում, թե՞ Հայաստանի: Նման հարց են հնչեցնում: Այսինքն, ըստ Ադրբեջանի՝ ադրբեջանական գազից կախվածություն ունեցող Բուլղարիան պիտի իրեն հաշիվ տա՝ ո՞ւմ դեմ է կիրառվելու իրենց սպառազինությունը:

Ադրբեջանական լրատվամիջոցները նաև գրում են, որ զենքի մատակարար Դավիթ Գալստյանը Ղազախստանում համատեղ գործարան է բացում, որը մասնակցելու է տենդերներին և Հայաստանին զենք մատակարարի:

Դավիթ Գալստյանի գործունեության հետ կապված ադրբեջանական վախերը նորություն չեն, խնդիրը, որ դրանք չկիսեն ՀՀ իշխանությունները, և չխոչընդոտվի յուրաքանչյուր քայլ, որից կարող է շահել բանակը:

Իսկ այն, որ հրթիռների և հրանոթի արկերի քրեական գործերում քաղաքական շոուի տարրեր կան, ըստ էության, անվիճելի է:

Տեսանյութեր

Լրահոս