Բաժիններ՝

ՅՈՒՆԻՍԵՖ-ը՝ կանանց վերաբերող հորդորակների ու դրանց արձագանքների մասին

ՅՈՒՆԻՍԵՖ-ի ֆեյսբուքյան էջում հայտնված #չկաքիզինման հեշթեգն ու կանանց վերաբերյալ հորդորակները ոմանց զարմացրել են, մի մասին էլ հետաքրքրել է, թե ինչու UNICEF-ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը մանկական թեմաներին զուգընթաց՝ նաև կանանց խորհուրդներ է տալիս, ասենք, դեմքի խնամքի վերաբերյալ, ի՞նչ է փոխվել կազմակերպության ծրագրում, հարցնում են ֆեյսբուքյան օգտատերերը:

«UNICEF-ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ, ժամանակին հետաքրքիր ծրագրեր էին արվում: Ուզում եմ հասկանալ, սա նորմալ ա, ես սխալ պատկերացումներ ունե՞մ, սա հրատապ խնդիր ա, այլ խնդիրներ չկա՞ն: Չկա քիզի նմանը Ախթար Խանի մտահղացումնա»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Աննա Մնացականյանն ու կից լուսանկար հրապարակել:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի ֆեյսբուքյան էջում նաև նշված է. «Սիրելի մայրի՛կ, 30 օր դու կստանաս փոքրիկ հուշումներ և առաջարկներ ինքնախնամքի մասին»։

Փորձեցինք հայաստանյան գրասենյակից ճշտել, թե ինչի՞ հետ են կապված ֆեյսբուքյան իրենց էջում այս թարմացումները:

Գրասենյակից նախ պատասխանեցին, թե լուսանկարի տակ Ախթար Խանի անունը պատահաբար է հայտնվել, համակարգը խնդիր ունի:

Իսկ ինչ վերաբերում է թարմացմանը՝ պարզաբանեցին, որ հունիսի 1-ը ՄԱԿ-ի տոնացույցով նշվում է ծնողների օրը, հունիսը ՅՈՒՆԻՍԵՖ-ում նվիրված է ծնողավարությանը, և արդեն որերորդ տարին է՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը, աշխատելով գործընկեր կազմակերպությունների և հոգեբանների հետ, պատրաստում և հրապարակում է նյութեր՝ նվիրված դրական ծնողավարությանը։ Երջանիկ երեխա կարող է մեծացնել երջանիկ ծնողը, հետևաբար՝ շատ կարևոր է, որ օգնենք ծնողներին հոգ տանել սեփական հոգեկան առողջության մասին, ինչը հնարավորություն կտա թե՛ մայրիկներին, և թե՛ հայրիկներին իսկապես վայելել դրական ծնողավարության բոլոր պտուղները, իսկ երեխային՝ մեծանալ երջանիկ և հոգեպես առողջ, զերծ բռնությունից և այլ բացասական փորձառություններից։

2020-2022 թվականներին ՅՈՒՆԻՍԵՖ-ը և գործընկերները հոգեսոցիալական աջակցություն են տրամադրել տասնյակ-հազարավոր ծնողների և երեխաների, վերջերս մեկնարկել է նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ծնողի, դպրոցի կողմից կազմակերպված դրական ծնողավարության դասընթացը, Հանրային Հեռուստաընկերությամբ «Առողջ ապրելակերպ» ծրագրի շրջանակներում հեռարձակվում է մեր «Ծնողի անկյունը»։

Իսկ մայրիկների համար մարաթոնը ընդամենը փոքրիկ անակնկալ է, որը ողջունվեց շատ մայրիկների կողմից՝ որպես սեփական հոգեկան առողջության և բարեկեցության մասին հոգ տանելուն ուղղված հիշեցում։ ՅՈՒՆԻՍԵՖ-ն այն համարում է ծնողների ամիս և ամսվա կտրվածքով փորձում են դրական ծնողավարման մի շարք նյութեր պատրաստել, որպեսզի ինչ-որ կերպ աջակցեն ծնողներին: Տրամաբանությունը, որ երջանիկ երեխա կարող է մեծացնել երջանիկ ծնողը, հոգեբանների հետ աշխատելով, փորձեցինք փոքր քայլերով օգնել մայրիկներին՝ մի քիչ էլ իրենց մասին հոգ տանել: Նման մի բան պլանավորում են նաև հայրիկների համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս