Նստած ենք ռումբի վրա. մարդիկ չեն էլ պատկերացնում, թե ինչ կլինի վաղը. Վահագն Մելիքյան
ՀՀ ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար, Արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Մելիքյանն ահազանգում է՝ մեր պետականությունը կանգնած է լրջագույն խնդրի առաջ, ու, չնայած խնդրի վտանգավորության աստիճանին, հասարակության մի զգալի հատված անտարբեր է դրան, որովհետև կա գիտակցության բթացում. մարդիկ ավելի շատ կենտրոնացած են իրենց անձնականի վրա՝ մոռանալով ազգայինն ու պետականը։
«Ինձ մոտ հարց է առաջանում՝ լավ, այս ե՞րբ դարձանք այսքան ստամոքսապաշտ. Ո՞ր կետից սկսեցինք այդպիսին դառնալ»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում հարցադրում հնչեցրեց Վահագն Մելիքյանը՝ շարունակելով՝ այս հարցն իրեն մշտապես տանջում է, սակայն դեռ պատասխանն ամբողջապես չի գտնում։
«Այո՛ մենք լրջագույն սխալներ ենք գործել կրթության ոլորտում, և, գուցե, այսօրվա անտարբերությունը հայելային արտացոլանքն է նրա, ինչ տվել ենք մեր պետության քաղաքացուն, բայց միայն դա չէ. այստեղ կարևոր դերակատարում է ունեցել այն քարոզչական հսկայական մեխանիզմը, որին ենթարկվեցինք գլոբալիզացիայի անվան տակ՝ հեռացվելով մեր ազգայինից։ Հեռացվեցինք, որովհետև գլոբալիզացիան չեզոքացնում է ազգայինը, ուստի հենց այստեղ էր, որ փոքր ժողովուրդները պետք է լինեն այնքան հմուտ, որ անգամ գլոբալիզացիային մասնակից դառնալով՝ չհրաժարվեն իրենց ազգային արժեհամակարգից»,- ասաց Վահագն Մելիքյանը՝ ընդգծելով, որ ազգայինից հեռացել ենք՝ ապրելով ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ սփյուռքում, որի ունեցած հսկայական ներուժը Հայաստանը չի կարողացել ճիշտ օգտագործել, որովհետև սփյուռքի հետ կապը պահպանվել է միայն վերնախավերի մակարդակով, բայց ոչ երբեք՝ հասարակության ստորին օղակների միջոցով։
Մելիքյանի փոխանցմամբ՝ այս բացը պետք է հիմա լրացնել, որովհետև մի կողմից՝ սփյուռքն այսօր բևեռացված է ու մոլորված՝ Հայաստանից գնացող ազդակներով պայմանավորված, մյուս կողմից՝ համախմբումը պետք է պետականության կործանում թույլ չտալու համար։
«Մենք պետք է կարողանանք համախմբման հասնել, եթե չանենք, ապա լուրջ վտանգների առաջ ենք կանգնելու շատ տեսանելի ապագայում։ Ցավալի է, որ հիմա մարդիկ չեն ուզում գիտակցել այն վտանգները, որոնք թաքնված են բառերի հետևում, և դա՝ այն դեպքում, որ աշխարհ է հիմա փոխվում։ Սա վատ երազի է նման ուղղակի»,- ասաց դիվանագետը՝ շեշտելով՝ մեր պետականության համար հնարավորություն բացող նախընթաց 30 տարիների բոլոր ձեռքբերումները կորցրեցինք վերջին մի քանի տարվա ընթացքում։
«Իրավիճակ փոխելու համար իրականությունը պետք է փոխել. պարտված ղեկավարը չի կարող շարունակել ղեկավարել։ Վերջին 2 տարին ցույց տվեց, որ որևէ ձևով չի կարող երկրում հաղթահարվել այս ճգնաժամը և չի էլ հաղթահարվելու, որովհետև մենք ունենք անոմալ իրավիճակ։ Ջրբաժաններն այնքան մեծ են, որ ուղղակի հակոտնյա են իրար այն, ինչ պետությանը պետք է, և այն, ինչ կատարվում է։ Մենք նստած ենք դանդաղ գործարկվող ռումբի վրա, ու մարդիկ նստած սպասում են»,- ասաց Վահագն Մելիքյանը՝ մասնավորապես նկատի ունենալով Արտաքին գործերի նախարարության արձագանքները՝ ստեղծված իրավիճակում թշնամական երկրից ստացվող ազդակներին ի պատասխան:
«Ինձ համար զարմանալի է. Չէ՞ որ մասնագիտական կարողությունները կան, այսօր էլ ԱԳՆ-ում շատ են փորձառու դիվանագետները. իրենք ինչպե՞ս ես արձագանքում Ադրբեջանի քայլերին, իսկ եթե ունենալով մասնագիտական կարողություններ, ուղղակի մասնակից են այս ամենին, ապա ինձ համար դա ցավալի է»,- ասաց դիվանագետը՝ շեշտելով՝ Հայաստանը, մասնավորապես Արցախի հարցում, չի սահմանել իր կարմիր գծերը, ինչի բացակայությունը թույլ է տալիս ենթադրել, որ տարվում է Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու քաղաքականություն՝ պետության զինանոցում ունենալով դա թույլ չտալու տարբեր գործիքներ ու խաղաթղթեր։
«Մարդիկ չեն գիտակցում այս պահի լրջությունը. մարդիկ չեն հասկանում՝ ինչ կարող է լինել վաղը։ Չեն գիտակցում, որ Արցախը տվեցին, ինչ է լինելու վաղը, չեն գիտակցում՝ Արցախը տալով՝ հանգիստ չեն ապրելու, Հայաստանի անվտանգությունը կախված է Արցախից»,- ասաց Վահագն Մելիքյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում