Հայտարարություն՝ Նիկոլ Փաշինյանին «մաքրելու» նպատակով
Երկու օր է անցել Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ)՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանի կողմից իր ու Գագիկ Ջհանգիրյանի՝ մոտ 1.5 տարի առաջ տեղի ունեցած զրույցի ձայնագրության մի հատվածի հրապարակումից: Հասարակության մի զգալի հատված լսեց ԲԴԽ նախագահի ժամանակավոր պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի ինքնախոստովանական ցուցմունքն այն մասին, որ ինքը այս երկրում ամենազորեղ անձն է, կարող է կառավարել դատախազին, վերացնել կամ ընդհակառակը, հարուցել տալ քրեական գործեր, մարդկանց երաշխավորել հանգիստ ապրել, եթե վերջիններս հլու-հնազանդ կատարում են իր, իրեն ասող մարդու և իրեն ասող մարդուն ասող մարդկանց պահանջները: Լսեց ու իմացավ, որ Ջհանգիրյանի «վզին դրել են», ու ինքը պիտի էս գործն անի: Գործն էլ այն էր, որ Ռուբեն Վարդազարյանը պետք է հրաժարական տա, իսկ նրա տեղը պետք է զբաղեցնի ինքը՝ Ջհանգիրյանը:
Այսօր այդ առնչությամբ հայտարարություն են տարածել «Բաց հասարակությունների հիմնադրամի» գրանտներից սնվող կամ, ինչպես ընդունված է ասել, սորոսական իրավապաշտպան կազմակերպությունները:
Բավականին հուզական նկարագրությունից հետո, թե ինչպիսին պետք է լինի դատական համակարգը, կարդում ենք. «Մինչդեռ, հրապարակված ձայնագրությունը հերթական անգամ ապացուցում է, որ դատական համակարգի խնդիրներն սկսվում են այն մարմնից, որի նպատակն ու առաքելությունը այդ խնդիրների լուծումն է, մարմին, որն ի դեմս իր նախագահների ավելի շատ ասոցացվում է հանրային պարսավանքի ու ամոթի հետ»:
Հետո նշել էին, որ ԲԴԽ անդամների մասնակցությամբ խոսակցության մանրամասները բացարձակապես անընդունելի և դատապարտելի են, և նման հանգամանքներում Խորհրդի հետագա գործունեությունը անհնար է հրապարակված խոսակցությանը մասնակից անձանց անդամակցությամբ: Դատական իշխանության և արդարադատության շահերից է բխում նրանց անհապաղ հրաժարականը: Այդ անձանց հետագա պաշտոնավարումը ունակ է էլ ավելի մեծացնել Բարձրագույն դատական խորհրդի ու դատական իշխանության նկատմամբ տիրող խորը հանրային անվստահությունը:
Ավարտին պահանջներ էին ներկայացրել, որոնք ավանդաբար ավարտվում են դատական և իրավական համակարգում համընդհանուր վեթինգի անցկացմամբ՝ առաջինը սկսելով Բարձրագույն դատական խորհրդի գործող կազմից:
Շատ զավեշտալի էր կարդալ այս հայտարարությունը, ու միևնույն ժամանակ հասկանալի էր դրա իրական, առաջին հայացքից չերևացող, բայց վատ քողարկած նպատակը:
Այս հայտարարությունը ստորագրողները նո՞ր են իմանում՝ ով է Գագիկ Ջհանգիրյանը, ինչ աղմկոտ պատմություններ կան նրա անձի հետ կապված, վստահաբար, ոչ: Ուրեմն ինչո՞ւ, երբ բեմադրվում էր ամեն գնով նրան ԲԴԽ նախագահ դարձնելու ներկայացումը, որևէ մեկը հայտարարությամբ հանդես չեկավ: Թե՞ մինչև ձայնագրության հրապարակումը չգիտեին, որ դատական իշխանությունը քաղաքական հրահանգներ է կատարում:
Իսկ հիմա՝ հայտարարության իրական նպատակի մասին:
Ձայնագրությունը լսողները, այդ թվում՝ այս հայտարարությունը կազմողներն ու ստորագրողները, հստակ հասկացել են, որ Գագիկ Ջհանգիրյանին հրահանգ տվողը Նիկոլ Փաշինյանն է, որ նա է «դրել Ջհանգիրյանի վզին», նրան է Ջհանգիրյանը համոզել սպասել, որոշակի ժամանակ տալ Ռուբեն Վարդազարյանին:
Նիկոլ Փաշինյանին ասելիք չկա՞ր: Իսկ չեն ուզո՞ւմ հարցնել՝ բա Նիկոլ Փաշինյանի՞ն ո՞վ է ասում, այսինքն՝ մեր երկիրն ո՞վ է կառավարում: Թե՞ լավ գիտեն, կարիք չկա հարցնել:
Այս հայտարարության իրական նպատակը Նիկոլ Փաշինյանին մաքրելն էր, ինչպես էլ որ դա փաթեթավորեն: Միայն թե փաթեթավորելն է արդեն վատ ստացվում: