«ՔՊ-ն իր թեկնածուին ասել է՝ հարցերն անգիր արա, խախտումներին տեր ենք»․ 2 օրից Արարատի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի մրցույթն է
Արարատի մարզի Արարատ խոշորացված համայնքում նոր «բունտ» է հասունանում, պատճառը կես տարի առաջ ձևավորված համայնքապետարանի հաստիքացուցակներն են։
168.am-ի՝ Արարատ խոշորացված համայնքի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ համայնքապետարանի աշխատակազմի հաստիքացուցակի թափուր պաշտոնները համալրելու համար մրցույթ է հայտարարվել, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ՔՊ-ական համայնքապետ Ասլան Ավետիսյանին հրամայել է, որ նախկինների հետ փոխկապակցված թեկնածուներին կտրեն մրցույթից և աշխատանքի տեղավորեն միայն ՔՊ կուսակցությանն ու «հեղափոխության» արժեքներին հավատարիմ անձանց։
«2021 թվականի դեկտեմբերի 5-ին անցկացված ՏԻՄ ընտրություններից հետո՝ 2022-ի փետրվարի 28-ին, խոշորացված համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի համայնքապետարանների լիազորությունները դադարեցվել են, իսկ նոր խոշորացված համայնքապետարանը մարտի 1-ից է սկսել գործել։
Այդ ժամանակ համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանը նոր աշխատակազմի քարտուղար էր ընդունել՝ Հանրապետականների իշխանության օրոք նրանցից մի քայլ չհեռացող, այժմ կարկառուն ՔՊ-ական Արթուր Մուսիկյանին։ Այդ նշանակումը եղել է օրենքի խախտումով, բայց դե, իշխանությունը աչք է փակել»,- ասաց մեր զրուցակիցը։
Ճշտող հարցին՝ մասնավորապես ի՞նչ խախտում է եղել, մեր աղբյուրն ասաց․
«Այդ նշանակումն առանց կադրերի ռեզերվի հարցման են արել, որի իրավունքը չունեին։ Աշխատակազմի քարտուղարի և առհասարակ նոր առաջացող համայնքային ծառայության համար իրենք հենց այնպես օդից մարդու չեն կարող բերել և ժամկետային պայմանագիր կնքել։ Պետք է դիմեին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, կադրերի ռեզերվից հարցում անեին, որը չի արվել․․․»։
Իշխանական աղբյուրի փոխանցմամբ՝ ապօրինաբար աշխատակազմի քարտուղարի պաշտոնում նշանակված Արթուր Մուսիկյանն այժմ փորձում է օրինական ճանապարհով հասնել այդ պաշտոնին և հայտ է ներկայացրել Արարատ խոշորացված համայնքի աշխատակազմի քարտուղարի պաշտոնի համար անցակցվող մրցույթին, իսկ ՔՊ-ի թիմն ամեն ինչ անելու է, որ նա մրցույթից չկտրվի, և «հեղափոխականները» խայտառակ չլինեն․
«Երկու օրից՝ հունիսի 24-ին, Արարատ խոշորացված համայնքի աշխատակազմի քարտուղարի թափուր հաստիքի համար մրցույթն է, որին, եթե չեմ սխալվում, 3-4 մարդ է դիմել։ Ուշագրավն այն է, որ թեկնածուներից մեկին՝ Մուսիկյանին, սատարում է համայնքապետ Ասլան Ավետիսյանը, իսկ մեկ ուրիշին սատարում է համայնքապետի տեղակալը։ Ի դեպ, Արթուր Մուսիկյանը մինչև 2018 թվականը՝ նախկինների իշխանության օրոք, աշխատել է Արարատի մարզի ԴԱՀԿ պետ, հիմա ՔՊ-ին է սատարում, վաղը՝ Աստված գիտի․․․»։
Իսկ հիմա ամենաուշագրավը, մեր աղբյուրի փոխանցմամբ, ՔՊ-ական համայնքապետին լուրեր են հասել, որ այս մրցույթը խոշորացույցի տակ են վերցնելու թե ընդդիմադիրները, թե լրատվամիջոցները, նա էլ ստեղծված իրավիճակից որպես ելք՝ իր թեկնածուին՝ Արթուր Մուսիկյանին, կանչել և հրահանգավորել է․
«Ավետիսյանը Մուսիկյանին ասել է, որ իրենց խոսակցությունը պետք է խիստ գաղտնի մնա։ Առաջարկել է մի քանի հարց անգիր անել, ինքը կփորձի այնպես անել, որ այդ հարցաշարն անցկացնեն։ Հիմա մի 2 թեստ են համակարգում գեներացրել, հանել, թեկնածուն էլ անգիր է անում։ Բայց այստեղ մի մեծ հո՛պ։ Թեստը պետք է մասնակիցների և լրագրողների ներկայությամբ, հենց մրցույթի մեկնարկին տպվի։ Համակարգը գեներացնում է, խառնում է հարցերը, մոտ 350 հարցից ընտրում է 40 հարց։ Տպելուց թեստի վրա նաև ժամն է նշվում, եթե իրենք նախապես տպված թեստ տան, պետք է նստեն, րոպեն, ժամը վրան լրացնեն, բայց դրա իրավունքը չունեն։ Մրցույթն անցկացվելու է համայնքապետարանում՝ համայնքի ղեկավարի աշխատասենյակում։
Այս գրավոր հարցաշարից բացի, կա նաև բանավորի փուլ, դա էլ հանձնաժողովն է որոշում՝ նույն օրը, թե հաջորդ օրը լինի, սովորաբար նույն օրն է տեղի ունենում։ Հարցազրույցի համար էլ մի քանի հարց տվել են իրենց թեկնածուին, անգիր է արել, բայց հարցազրույցի հարցաշարը ևս անմիջապես պետք է համակարգով գեներացվի և հանվի, որի վրա նույնպես ժամը նշվում է․․․ Կարճ ասած՝ ՔՊ-ն իր թեկնածուին ասել է՝ հարցերն անգիր արա, մենք խախտումներին տեր ենք․․․»։