Բաժիններ՝

Արաբական երկրները ցանկանում են Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցություններն անցկացնել ԱՊԼ-ի շտաբում

Արաբական երկրները կցանկանային Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) կենտրոնակայանում անցկացնել զինադադարի ձեռքբերման շուրջ Ռուսաստանի եւ Ուկրաինայի բանակցությունները: Այդ մասին հունիսի 22-ին հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ահմեդ Աբու ալ Գեյթը:

Գլխավոր քարտուղարի խոսքով՝ ԱՊԼ-ի շփման խմբի անդամները կոնսուլտացիաներ են վարում ՌԴ-ի եւ Ուկրաինայի տեսակետները մոտեցնելու նպատակով՝ Կահիրեում գտնվող ԱՊԼ-ի կենտրոնակայանում նրանց բանակցությունների հնարավոր անցկացման համար:

«Առաջիկա օրերին տեսակոնֆերանսի ձեւաչափով նոր հանդիպում կկայանա շփման խմբի անդամ նախարարների միջեւ՝ այս հարցի շուրջ գաղափարները քննարկելու համար: Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ արաբական երկրները ցանկանում են, որպեսզի երկու կողմերը (Ռուսաստանը եւ Ուկրաինան) ԱՊԼ-ի կենտրոնակայանում անցկացնեն զինադադարի ձեռքբերման շուրջ քննարկումները»,-Ահմեդ Աբու ալ Գեյթը հայտարարել է ալժիրյան AL24 հեռուստաալիքին:

Շփման խմբի կազմում են՝ Ալժիրի, Եգիպտոսի, Հորդանանի, Իրաքի, Սուդանի Ագ նախարարները, ինչպես նաեւ ԱՊԼ-ի գլխավոր քարտուղարը: ԱՊԼ-ի խորհուրդը խմբին լիազորել է կոնսուլտացիաներ եւ շփումներ անցկացնել շահագրգիռ կողմերի հետ՝ Ուկրաինայի վերաբերյալ դիվանագիտական լուծում գտնելու հարցում օգնելու նպատակով:

Եգիպտոսի ԱԳՆ-ի ղեկավար Սամեհ Շուքրին ապրիլ ամսին հայտարարել է, որ ԱՊԼ-ի երկրները պատրաստ են աջակցություն ցուցաբերել Ռուսաստանի եւ Ուկրաինայի ուղղակի բանակցություններին եւ միջնորդական ջանքեր ներդնել ճգնաժամը լուծելու համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս