Երգիչ Հայկ Պետրոսյանն ու դաշնակահար Վահագն Հայրապետյանը «Ջազնավուր» համերգով նշեցին շանսոնյեի 98-ամյակը
Երգիչ, դերասան Հայկ Պետրոսյանը, համագործակցելով ջազ երաժիշտ, դաշնակահար Վահագն Հայրապետյանի հետ, տոն նվիրեց Շառլ Ազնավուրի երաժշտության երկրպագուներին՝ «Ջազնավուր» համերգի շրջանակում հնչեցնելով շանսոնյեի լավագույն երգերը՝ ջազային մեկնաբանությամբ: Համերգային երեկոն տեղի ունեցավ հունիսի 21-ին Երևանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում:
Հայկ Պետրոսյանը, որը բազմիցս կատարել է Ազնավուրի ստեղծագործությունները և մի քանի անգամ ներկա է եղել նրա համերգներին, հիշեցրեց, որ Ազնավուրը ծնվել է մայիսի 22-ին, սակայն ինչ-ինչ պատճառներով հեղինակի 98-ամյակին նվիրված համերգը կյանքի են կոչում հունիսի 21-ին:
Համերգին Պետրոսյանը պատմեց, որ մի առիթով լրագրողն Ազնավուրին ասել է, որ աշխարհի հանրահայտ երգիչները՝ Սթինգը, Ռեյ Չարլզը, Էլթոն Ջոնը, Ֆրանսիայում մեծ ճանաչում ունեցող բազմաթիվ երգիչներ, կատարել են Ազնավուրի երգերը, և հարցրել է, թե ո՞ւմ կատարումն է շանսոնյեն ամենաշատը հավանում: Ազնավուրը պատասխանել է, որ իրեն շատ է դուր եկել, երբ հանճարեղ ջազ-երաժիշտ Ռեյ Չարլզը կատարել է իր «Լա մամա» (La Mamma) երգի անգլերեն տարբերակը:
Պատմությունը ներկայացնելուց հետո Հայկ Պետրոսյանը սեփական մեկնաբանությամբ երգեց «Լա մամա» ստեղծագործությունը:
Երեկոյին, Հայկ Պետրոսյանից և Վահագն Հայրապետյանից բացի, բեմում էին Արման Մնացականյանը (հարվածային գործիքներ), Դանիել Մելքոնյանը (շեփոր) և Դեյվ Գյոդակյանը (կոնտրաբաս):
Ազնավուրի հրապարակը լեփ-լեցուն էր: Պետրոսյանի կատարումները վայելում էին և՛ հայ, և՛ օտարազգի երաժշտասերները: