Ինչո՞ւ Թբիլիսին «ոտքի կանգնեց», ինչո՞ւ Վրաստանը ԵՄ թեկնածուի կարգավիճակ չստացավ, ի՞նչ է սպասվում Հարավային Կովկասին պատերազմից հետո
Հունիսի 20-ին Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում գտնվող խորհրդարանի շենքից մեկնարկեց «Տուն՝ դեպի Եվրոպա» բազմամարդ հանրահավաք-երթը՝ «Ամոթ է» («սիրցխվիլիա») քաղաքացիական շարժման նախաձեռնությամբ։ Մի քանի ժամ տևած հանրահավաքին, ըստ մի շարք տվյալների, մասնակցել է մոտավորապես 100.000 մարդ՝ քաղաքական կուսակցություններ, քաղհասարակական կազմակերպություններ, ուսանողներ, դասախոսներ, տարբեր ոլորտների ներկայացուցիչներ։ Հանրահավաքի ժամանակ հնչեցված հիմնական ուղերձներն էին`
- Մեկնարկում է նոր ժողովրդական շարժում՝ դեպի Եվրոպա,
- ԵՄ անդամակցելուն խոչընդոտում է Բիձինա Իվանիշվիլին,
- Պահանջների չիրագործման դեպքում շարժումը նոր թափ կառնի և Վրաստանի բոլոր շրջաններից կհամախմբվեն, անհնազանդության գործողություններ կկազմակերպվեն:
Այս հանրահավաքի և Վրաստանում հակակառավարական տրամադրությունների բորբոքման հիմք դարձավ Եվրահանձնաժողովի օրերս կայացրած որոշումը՝ Ուկրաինային և Մոլդովային տրամադրել Եվրամիության անդամակցության թեկնածուի կարգավիճակ, Վրաստանին` դեռ ոչ, նախ բարեփոխումներ, ապա կարգավիճակ: Ռուսաստանի հետ հակամարտող Ուկրաինան, տասնամյակներով ռուսական ռազմական ներկայության հարևանությամբ գոյատևող Մոլդովան, 2008-ին Ռուսաստանի հետ պատերազմած Վրաստանը Եվրամիությանն անդամակցության հայտ էին ներկայացրել ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին։
«Եվրահանձնաժողովն առաջարկում է նախ Ուկրաինային տալ եվրոպական հեռանկար, ապա շնորհել Ուկրաինային թեկնածուի կարգավիճակ, իհարկե ընդունելով, որ երկիրը կիրականացնի որոշ կարևոր բարեփոխումներ օրենսդրության և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում»,- հունիսի 17-ին Բրյուսելում հրապարակելով Եվրամիության գործադիր մարմնի որոշումը` հայտարարել էր կառույցի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։
Բրյուսելը կողմ է նաև Մոլդովային՝ թեկնածուի կարգավիճակ շնորհելուն։ «Մոլդովան գնում է բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի և եվրաինտեգրման ճանապարհով»,- շեշտել էր ֆոն դեր Լյայենը: Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա Եվրահանձնաժողովն առաջարկում է նախ ճանաչել այդ երկրի եվրոպական հեռանկարը, իսկ նախքան թեկնածուի կարգավիճակ տրամադրելը, ինչպես ընդգծվում է, Թբիլիսին պետք է մի շարք բարեփոխումներ իրականացնի։ Ֆոն դեր Լյայենի կարծիքով` եվրաինտեգրման տեսանկյունից նման որոշումն արդեն «հսկայական քայլ է» Վրաստանի համար։ Բրյուսելը Թբիլիսիից բարեփոխումներ և «ապաօլիգարխացում» է պահանջում։
Եվրամիությանն անդամակցել ցանկացող երեք հետխորհրդային երկրներին էլ Եվրահանձնաժողովը բարեփոխումների ցանկ է ներկայացրել՝ Ուկրաինային՝ 7 կետից բաղկացած, Մոլդովային՝ 9, իսկ Վրաստանից պահանջվում է 12 կետից բաղկացած տնային աշխատանք կատարել։ Եվրահանձնաժողովի որոշումները քննարկման կդրվեն հաջորդ շաբաթ դաշինքի անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովում։ Այդ առաջարկների հաստատման համար անհրաժեշտ է Եվրամիության անդամ 27 երկրների համաձայնությունը։
Հաշվի առնելով հանգամանքը, որ նույնիսկ թեկնածուի կարգավիճակի շնորհումը չի երաշխավորում ԱլԳ երկրների արագ անդամակցություն, Վրաստանում ԵՀ որոշումը, որն ամենայն հավանականությամբ կհաստատվի, մեծ դժգոհությամբ են ընդունել: Ընդդիմությունը սա որակել է՝ որպես իշխանությունների կողմից արևմտյան բարեփոխումների տապալում:
Եվրահանձնաժողովի նման որոշման մասին վրացի շատ գործիչներ կանխատեսեցին վերջերս Ֆրանսիայի նախագահի վերջին ելույթներից մեկից հետո: Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հետ հանդիպումից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր․
«Կան մի քանի կատեգորիայի երկրներ, որոնք Արևելյան Եվրոպայի գործընկերության անդամ են, բայց նրանց անվտանգությունը, աշխարհաքաղաքական իրավիճակը տարբերվում է։ Վրաստանը, Հայաստանը, Ադրբեջանը շատ մտերիմ բարեկամ երկրներ են, բայց եթե լավ դիտարկեք, թե աշխարհաքաղաքական, թե աշխարհագրական, նրանք այսօր այն վիճակում չեն, ինչ Ուկրաինան և Մոլդովան»։
Ուկրաինայից և Մոլդովայից Վրաստանի առանձին հիշատակումը (Եվրահանձնաժողովի որոշման հրապարակումից ժամեր առաջ) Վրաստանում շատերի կողմից դիտվում էր որպես վատ նախանշան: Շատ հետազոտողների համար պարզ չէր, թե ինչու էր նախագահ Մակրոնն այժմ որոշել բաժանել երկրները աշխարհագրական և աշխարհաքաղաքական հարևանության գծերով:
168.am-ի հետ զրույցում Վրաստանի ԱԳ նախկին նախագահ Իրակլի Մենագարիշվիլին ասաց, որ Վրաստանի ԵՄ անդամակցության թեմայի շուրջ ստեղծված իրավիճակն ունի բազմակողմ և բազմաթիվ պատճառներ: Նախ, ըստ նրա, իրողությունն այն է, որ ԵՄ-ն ընդլայնման պատրաստ չէ, և որքան էլ աշխարհը փոխվում է, աշխարհաքաղաքական դրամատիկ զարգացումներ են տեղի ունենում, ԵՄ-ն քաղաքականությունն ակտիվացնում է, բայց ընդլայնման հարցն ամենաբարդ հարցերից մեկն է:
Մենագարիշվիլիի խոսքով, նույնիսկ թեկնածու մի շարք երկրներ երկար տարիներ սպասում են անդամակցության հասնելու համար: Ըստ վերլուծաբանի, պարզ է նաև, որ անդամակցության թեկնածու դարձած երկրներից ևս որոշ ժամանակ է պահանջվելու, թեև, օրինակ, այն գինը, ինչ վճարում է Ուկրաինան այդ վեկտորի համար, չափազանց բարձր է:
«Հետխորհրդային բոլոր երկրները բարեփոխումների ճանապարհ ունեն անցնելու, բայց այդ ժամանակը և աշխարհաքաղաքականությունն անհամադրելի են, աշխարհաքաղաքականությունը չի սպասում, և ստացվում է, որ այն երկրները, որոնք ընտրել են այդ վեկտորը, կանգնում են անվտանգային ամենալուրջ մարտահրավերների առջև, ինչպես Վրաստանը 2008 թվականին, երբ կորցրեց իր տարածքները՝ Աբխազիան ու Հարավային Օսիան, այսօր հերթական ամենալուրջ օջախը դարձավ Վրաստանը՝ կրկին մի քանի լրջագույն փորձություններից՝ Ղրիմի բռնակցումից և լոկալ ռազմական բախումներից ու խնդիրներից հետո: Վրաստանում ևս այս թեման կա, Վրաստանը ևս կորուստներ ունեցել է, ինչո՞ւ չի ստացել այն աջակցությունը, ինչ Ուկրաինան է ստանում: Մյուս շրջանառվող կարևոր թեման այն է, որ Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր Վրաստանի իշխանությունների զգուշավոր քաղաքականությունը հեղինակազրկել է նրանց և Վրաստանի եվրաինտեգրման անկեղծ ձգտումներն Արևմուտքում, թեև Վրաստանը ասոցիացված եռյակի առաջամարտիկներից էր մինչ ուկրաինական պատերազմը: Մյուս հարթությունը նաև տարածաշրջանն է՝ Մակրոնի տեսակետի ընկալումներից ելնելով:
Գուցե ԵՄ-ն է այս տարածաշրջանն անջատ դիտարկում այն երկրներից, որոնք պատրաստ են անդամակցության, Մակրոնի այդ խոսքը արտացոլեց, որ ԵՄ-ում կա այդ նոր տեսլականն ուկրաինական ճգնաժամի ֆոնին: Սրանք նոր ձևավորվող աշխարհի փոփոխական զարգացումներն են: Սակայն Վրաստանը քիչ բան չի արել եվրաինտեգրման համար, քիչ կորուստներ չի կրել, իր դիրքորոշումները ձևավորել է՝ հաշվի առնելով իր շահերը, և Վրաստանի ժողովուրդը պատրաստվում է իր կամքը ցուցադրել, բայց այստեղ Ռուսաստանի դիրքորոշումը չափազանց կարևոր է, այդ թվում՝ ԵՄ-ի համար, որքան էլ մենք փորձենք դա հերքել կամ չխոսել այդ մասին: Հարավային Կովկասն ունի իր առանձնահատկությունները և այստեղ կարծես աշխարհաքաղաքական ազդեցության փոփոխությունները չեն ընթանում կանխատեսելի ճանապարհով, որը պայմանավորված է թե՛ Ռուսաստանով, թե՛ ԵՄ-ով։ Այսինքն՝ որքան էլ տարօրինակ թվա, կա ինչ-որ փոխըմբռնում: Գուցե ԵՄ-ն ավելի ակտիվ լինի հետագայում»,- ասաց Մենագարիշվիլին:
Ըստ նրա, վրաց ժողովրդի ընտրությունը հստակ է, որը որևէ կապ չունի աշխարհաքաղաքական «խաղերի» ու ռուսական պրոյեկտների հետ:
«Բայց հասկանալի է նաև, թե ինչո՞ւ է քննարկվում 6-նյակի նախաձեռնություն Հարավային Կովկասի շուրջ, ինչո՞ւ է ԵՄ-ն ակտիվ մասնակցում ռեգիոնում, բայց դանդաղում, պատերազմը շարունակվում է, սա ևս տուրբուլենտության գոտում է պահում մեր երկրներին: Ակնհայտ է, որ պատերազմում հաղթանակից հետո Ռուսաստանը փորձելու է նոր պայմաններ թելադրել Հարավային Կովկասի այն երկրներին, որոնց վեկտորը լիովին ռուսամետ չէ: Այսինքն՝ իրավիճակը պետք է վերլուծենք բոլոր կողմերից, և այդ բոլոր կողմերն ունեն նույն մտահոգությունները, թե ինչպես կավարտվի ուկրաինական պատերազմը և ինչ նոր դասավորություն կստեղծվի աշխարհում: Եվ այո՛, դրանից է կախված Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի ապագան»,- ասաց մեր զրուցակիցը: