Իշխանությունների համար քանդելու բան չի մնացել, բացի Առաքելական եկեղեցուց. Սա բարբարոսություն է, սարսափելի սրբապղծություն. Մերուժան Տեր-Գուլանյան

Նիկոլ Փաշինյանի և իր թիմակիցները պայքարն ընդդեմ Առաքելական եկեղեցու, հոգևորականների ու Վեհափառի հանդեպ շարունակվում է։

Նիկոլ Փաշինյանը Կառավարության վերջին նիստում առաքելական եկեղեցիները բնորոշեց՝ որպես «չուլան», ինչից դժգոհ հոգևորականները նրան հակադարձեցին, որին հետևեց Նիկոլ Փաշինյանի, իր կնոջ և ողջ ՔՊ-ականների  ֆեյսբուքյան գրառումների տեղատարափը։

Օրվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը թեմայի հետ կապված մի քանի գրառումներ է կատարում։ Նա նաև գրառումներից մեկով ասել է, որ «ՀՀ-ն պետք է վճռորոշ դեր ունենա կաթողիկոսի ընտրության հարցում։ Հարցը պետք է մեկընդմիշտ լուծվի»։

Գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանի գնահատմամբ՝ իշխանությունների կողմից իրականացվող այս քայլերը սարսափելի են, որին արդեն պետք է արձագանքի ժողովուրդն ու ողջ հայ ազգը։

Կարդացեք նաև

«Ինքս ժամանակին 2 անգամ Վեհափառի ընտրության պատվիրակ եմ եղել։ Առաջին անգամ ընտրվեց Գարեգին Առաջինը։ Բայց անկեղծանամ ու գաղտնիք բացեմ՝ ինքս Գարեգին 2-ին էի ընտրել։ Այն ժամանակ ՀՀՇ-ի իշխանությունը հակված էր Գարեգին Առաջինին կաթողիկոս տեսնել, քանի որ հույս ունեին, որ եթե Գարեգին Առաջինը դառնա կաթողիկոս, մեր 2 թեմերը կմիավորվեն, ինչին, իհարկե, ես դեմ էի արտահայտվել, պատգամավոր էի այն ժամանակ ու այդ մասին բարձրաձայնել եմ։ Այսինքն՝ կմիավորվեն Անթիլիասը և Էջմիածինը, բայց կրկնում եմ՝ սա սխալ էր, քանի որ Անթիլիասը սփյուռքը պահող 2-րդ Էջմիածինն է։

Այս ընտրությունների առաջին փուլով անցան 2 Գարեգինները, պետք է 2-րդ փուլ տեղի ունենար և Գարեգին Առաջինն ու Գարեգին սրբազանը նորից քվեարկեին։ Բայց զարմանալի մի բան տեղի ունեցավ, Գարեգին սրբազանը՝ ներկայիս Վեհափառը, ոտքի կանգնեց, մոտեցավ խոսափողին և ասաց՝ երբեք օծյալ կաթողիկոսի հետ չի քվեարկվի։ Այսինքն՝ Գարեգին Առաջինն արդեն Անթիլիասի օծված կաթողիկոսն էր։ Մոտեցավ, նրան Վեհափառ տեր ասաց ու համբուրեց ձեռքը։ Ինքս ախր այդ ամենին ներկա եմ եղել, նա արժանապատիվ ու մեծահոգի քայլ արեց, երանի դրանից մարդիկ եզրակացություն անեն։

Խնդիրն այն է, որ այս ամենը, ինչն արվում է եկեղեցու դեմ՝ բարբարոսություն է։ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին անձեռնմխելի է»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Մերուժան Տեր-Գուլանյանը։

Ըստ նրա, այն անհասկացողները, որոնք այս ամենը հրահրում են, պետք է հասկանան, որ աշխարհում նախագահներ են գալիս ու գնում, հեղափոխություններ են տեղի ունենում, օրենքներ են փոխվում, սակայն մեկ բան աշխարհում միշտ անփոփոխ է՝ Աստծո խոսքը քարոզող գիրքն անփոփոխ է։

«Երբ մենք պետություն չենք ունեցել, մեզ պահել է եկեղեցին և վատ չի պահել։ Մեր երկրի արժանապատվությունը, ժողովրդի ինքնությունը պահպանել է հենց մեր եկեղեցին։

Նման խայտառակ բառապաշար օգտագործում է ոչ միայն երկրի ղեկավարը, այլև ԱԺ-ում գտնվողները։ Արսեն Թորոսյան պատգամավոր կա, որը պոլիկլինիկաներ էր փակում մարզերում, նա ԱԺ ամբիոնից բոլորին հայհոյեց,  մայր ու հայր էր հայհոյում։ Իշխանություններն այս քայլերն անում են ու նոր թեմա են դաշտ նետում, որպեսզի մոռանանք, թե մեզ հետ ինչ է կատարվել։ Իշխանությունների համար քանդելու բան չի մնացել, բացի Առաքելական եկեղեցուց, հիմա էլ եկեղեցին են վարկաբեկում, որը սարսափելի սրբապղծություն է։ Ես առհասարակ աշխատում եմ նրանց խոսքը չլսել, գրածները չկարդալ։ Ու հիմա չեմ կարող իջնել այն մակարդակին, որտեղ իրենք են, ու չեմ կարող այն բառապաշարով պատասխանել, որն իրենք են օգտագործում»,- հավելեց Մերուժան Տեր-Գուլանյանը։

Հրապարակախոսը շեշտում է՝ շատ է խոսել, շուրջ 7 տարի է՝ խոսում է իշխանությունների արարքների մասին, և հիմա այլ ասողի ժամանակն է՝ ժողովրդի։

«Ժողովրդի ասելու ժամանակն է, հիմա ոչ միայն ժողովուրդը պետք է խոսի, այլև համայն ազգը, կանգնի ու պահպանի Առաքելական սուրբ եկեղեցին, պահպանի մեր կորսվող հայրենիքը։ Համայն ազգի խոսելու ժամն է եկել։ Այլևս անհարմար եմ զգում խոսելուց, որովհետև պետք է իջնեմ իրենց մակարդակին, իսկ ես չեմ ուզում, իմ լեզուն թանկ է ինձ համար։

Առաքելական եկեղեցին մեր փրկության օջախն է, և Վեհափառ հայրապետը հրաշալի գործ սկսեց անել Շվեյցարիայում, երանի շարունակի ակտիվանալ և ժողովուրդը հավաքի եկեղեցու շուրջ։  Իրավիճակն անտանելի է դառնում, մնում է  հայհոյանք, իսկ ես այդ մակարդակի չեմ ուզում իջնել»,- ընդգծեց Մերուժան Տեր-Գուլանյանը։

Տեսանյութեր

Լրահոս