Դրամի արժևորումը կարո՞ղ է հանգեցնել գազի և էլեկտրաէներգիայի սակագների նվազեցման, թե՞ հերթական անգամ փորձ է արվում մոլորեցնել հասարակությանը
Դրամի արժևորումից հետո հույսեր են առաջացել, որ դա կարող է հանգեցնել հանրային ծառայությունների սակագների նվազեցման։ Խոսքը վերաբերում է, մասնավորապես, գազին և էլեկտրաէներգիային։
Գազի սակագնի հաշվարկում, անշուշտ, փոխարժեքը որոշակի դեր ունի։ Դա հանդիսանում է սակագների ձևավորման 4 հիմնական գործոններից մեկը։ Այլ հարց, այն, ինչ վերջին ամիսներին տեղի է ունենում դրամի ամրապնդման հետ, կհանգեցնի՞ սակագնի նվազեցման, թե՞ ոչ։
Որ փոխարժեքները կարող են ազդել հանրային ծառայությունների սակագների վրա, այդպես է։ Գազի սակագինը հաշվարկված է դոլարի 480 դրամ փոխարժեքով, մինչդեռ վերջին ամիսներին այն իջել է մինչև 415-420 դրամ։
Բայց սակագները կապված չեն միայն փոխարժեքների հետ։
Բացի այդ՝ կարևոր է, թե դրամի ամրապնդումն ինչքան կարող է շարունակվել։
Կարճաժամկետ հատվածում այդ ազդեցությունը չի կարող մեծ լինել։ Այս պահին շատ բան անորոշ է։ Չկա վստահություն, որ վաղը դրամը չի արժեզրկվի։
Ուստի՝ դեռ վաղ է խոսել սակագների հնարավոր վերանայման մասին։
Գազի առումով առավել ևս քիչ հավանական է, որ նույնիսկ դրամի երկարաժամկետ արժևորումը բավարար լինի սակագները վերանայելու համար։
Գազի սակագների կախվածությունը փոխարժեքներից բավականաչափ հավասարակշռված է։ Ինչպես հայտնի է, սպառողների մի մասի համար այն հաշվարկված է դոլարով, մյուս մասի համար՝ դրամով։ Այդպիսով փոխարժեքի ազդեցությունը հնարավորինս նվազեցված է։
Այլ բան, որ դրանից շահում են այն սպառողները, որոնց համար գազի սակագինը հաշվարկված է դոլարով։ Խոսքը խոշոր սպառողների մասին է։
Դրամի ամրապնդումը նրանց համար նշանակում է գազի սակագնի անուղղակի իջեցում։ Այս պարագայում դա համարժեք է առնվազն 15 տոկոսի։
Երբ էկոնոմիկայի նախարարը խոսում է դրամի արժևորման բացասական հետևանքներից, պիտի իմանա, որ դրանից տնտեսության առանձին հատվածներ նաև շահում են, այն էլ ոչ քիչ։ Ու դա հիմա վաղուց պիտի հանգեցրած լիներ բազմաթիվ ապրանքների ու ծառայությունների գների նվազեցման։ Բայց չի հանգեցնում։
Ապագայում, հանրային ծառայությունների սակագների հնարավոր նվազեցման մասին խոսելուց առաջ, լավ կլիներ սրանով զբաղվեին իշխանությունները։
Որպեսզի պարզ լինի, թե խոսքն ինչի մասին է, մեկ-երկու օրինակ բերենք։
Դրամի ամրապնդումը միանշանակ դրական գործոն է շարժիչային գազի գնի իջեցման համար։ Սա գազ սպառող այն հատվածներից մեկն է, որի համար սակագինը հաշվարկված է դոլարին համարժեք դրամով։ Այն կազմում է հազար խորանարդի համար 256 դոլար։
Եթե 3 ամիս առաջ այս ոլորտում գործող բիզնեսը հազար խորանարդի դիմաց վճարում էր 125-130 հազար դրամ, ապա դրամի արժևորումից հետո վճարում է 105-110 հազար դրամ։ Տարբերությունը քիչ չէ, ու դա պիտի հանգեցներ գազալցակայաններում վաճառվող գազի էժանացման։
Նույնը՝ նաև արտադրության մի շարք ճյուղերում, որտեղ ևս դրամի ամրապնդումը պիտի հանգեցներ իրացման գների նվազման։ Ասենք՝ ցեմենտը, որի արտադրության ինքնարժեքի մեջ մեծ է գազի մասնակցությունը։
Դրամի ամրապնդման արդյունքում նվազում է ցեմենտի արտադրության ժամանակ օգտագործված գազի ծախսը։ Այս դեպքում էլ գազի սակագինը հաշվարկված է դոլարով, ու դա պիտի բերեր գների նվազման։
Հայկական ցեմենտը շատ վաղուց չի արտահանվում, որպեսզի ասենք՝ դրամի ամրապնդումը խնդիրներ է ստեղծում արտաքին շուկաներում։ Այն վաճառվում է գերազանցապես ներսում։ Այնպես որ, դրամի ամրապնդման պարագայում արտադրողը շահում է։ Տրամաբանական կլիներ, որ դրա արդյունքում ցեմենտն էժանանար։ Բայց չի էժանանում։
Եվ ինչու պիտի էժանանար, եթե կառավարությունն այստեղ գործող ընկերությունների, նաև խոշոր օլիգարխների համար ստեղծել է «ջերմոցային պայմաններ»։ Պետտուրք է դրել ներմուծման վրա ու արհեստականորեն բարձրացրել ներքին շուկայում վաճառվող ցեմենտի գինը։
Վերջերս կրկին երկարացրեց ներքին արտադրողին տրված արտոնությունը, չնայած ակնհայտ էր, որ գործող պայմանները փոխվել են։ Արդյունքում՝ ահա ունենում ենք այսպիսի վիճակ։ Խաթարված է մրցակցությունը, ինչպես կուզեն, այնպես էլ կվարվեն։
Ահա այս խնդիրներն է, որոնց այսօր պիտի հետևի կառավարությունը։ Եվ ոչ թե հույսեր տա, որ դրամի ամրապնդման արդյունքում ապագայում գազը կամ էլեկտրաէներգիան կարող են էժանանալ։
Գազի սակագնի պարագայում այդ էժանացումը գրեթե բացառվում է։ Այն, ինչ ասվում է, ընդամենը հասարակությանը մոլորեցնելու և հույսեր տալու փորձ է։
Առավել ևս, որ դրամի ամրապնդումից բացի՝ կան այլ գործոններ, որոնք սակագների վրա հակառակ ազդեցությունն են թողել։ Ու այդ ազդեցությունը պակաս փոքր չէ, ինչպես դրամի ամրապնդման պարագայում։
Ասենք՝ գնաճը, որը հանդիսանում է սակագների ձևավորման հիմնական գործոններից մեկը։
Այլ խնդիր է էլեկտրաէներգիայի սակագինը։ Այստեղ դրամի ամրապնդման ազդեցությունն անհամեմատ մեծ է։
Էլեկտրաէներգիայի սակագների ձևավորման գործում բավական ծանրակշիռ է ջերմային կայաններում արտադրվող էլեկտրաէներգիայի ազդեցությունը։ Այս տարի առավել ևս այդ ազդեցությունը մեծացել է՝ կապված ՋԷԿ-երում արտադրվող հոսանքի ծավալների ավելացման հետ։ Տարեսկզբի առաջին 4 ամիսներին Հայաստանում արտադրված հոսանքի գրեթե կեսը թողարկել են ջերմային կայանները։ Անցած տարի թողարկել էին 34 տոկոսը։
ՋԷԿ-երը թանկ հոսանք են արտադրում, ու դա կապված է առաջին հերթին՝ գազի գնի հետ։
Ջերմային կայաններում սպառվող գազի սակագինը ևս հաշվարկված է դոլարով։ Դա նշանակում է, դրամի ամրապնդման արդյունքում, դոլարի հաշվարկով, վերջին ամիսներին այդ կայանները շատ ավելի քիչ են վճարում օգտագործվող գազի դիմաց։
Դրամի ամրապնդումն էական գործոն է ՋԷԿ-երում արտադրվող էլեկտրաէներգիայի սակագնի համար։ Այս հանգամանքը արդեն իսկ ջերմային կայաններում լրացուցիչ ֆինասական միջոցներ է գեներացնում։ Այլ բան, թե դա կհանգեցնի՞ վերջնական սպառողին վաճառվող հոսանքի սակագնի իջեցման, թե՞ ոչ։
Էլեկտրաէներգիայի սակագները վերջին անգամ վերանայվել և բարձրացվել են փետրվարին, գազինը՝ ապրիլին։ Գործողության մեջ մտնելուց առնվազն 6 ամիս սակագները վերանայելու արգելք կա։ Թեև 6 ամիսը լրանալուց հետո էլ նման բան չի սպասվում։ Լավագույն դեպքում սակագների վերանայում կարող է տեղի ունենալ տարեվերջին կամ հաջորդ տարվա սկզբին։
Մինչ այդ մեծ հարց է, թե ինչպիսին կլինեն ազդեցությունները, այդ թվում՝ նաև դրամի ազդեցությունը, հանրային ծառայությունների սակագների վրա։ Այն, ինչի մասին իշխանությունները հիմա խոսում են, շատ նման է հասարակության աչքին թոզ փչելուն։ Հավանականությունը, որ սպառողին վաճառվող էլեկտրաէներգիայի, առավել ևս՝ գազի սակագինը, դրամի արժևորման արդյունքում կիջնի, շատ փոքր է, և դրա հետ կապված մեծ հույսեր չպետք է փայփայել։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ