Վարույթն իրականացնող մարմինը որևէ ուղղակի ապացույց ձեռք չի բերել, որ Ավետիք Չալաբյանն ընդհանրապես որևէ մեկին նյութապես շահագրգռել է. փաստաբան
«Ավետիք Չալաբյանի նկատմամբ հորինված քրեական գործի շրջանակներում իրականացվում է լկտի քաղաքական հետապնդում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ավետիք Չալաբյանի շահերի պաշտպան Վարազդատ Հարությունյանը։
Փաստաբանը հիշեցրեց, որ 2022 թվականի մայիսի 13-ին հարուցված քրեական գործի շրջանակներում է Ավետիք Չալաբյանը ներգրավվել որպես մեղադրյալ․
«Քրեական գործը հարուցվել է 2000 ուսանողների հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ։ Քրեական գործի շրջանակներում առ այս պահը վարույթն իրականացնող մարմինը ոչ միայն ձեռք չի բերել գեթ 1 ապացույց, որ Ավետիք Չալաբյանը 1-ից ավելի անձանց նյութապես շահագրգռել է հավաքներին մասնակցելուն, այլ անգամ ձեռք չի բերել որևէ ուղղակի ապացույց, որով հիմնավորվում է, որ Ավետիք Չալաբյանն ընդհանրապես որևէ մեկին նյութապես շահագրգռել է հավաքին մասնակցելու նպատակով․․․
Ունենք մի դերակատար, որը Թոռնիկ Ալիյանն է, որը հնարավոր նյութական շահագրգռության հասցեատերն է, բայց շատ կարևոր և շատ հետաքրքիր է, որ Թոռնիկ Ալիյանն իր առերես հարցաքննության ժամանակ որևէ կերպ չի պնդել, հակառակը՝ հերքել է, որ Ավետիք Չալաբյանն իրեն երբևէ որևէ նյութական շահագրգռություն է առաջարկել՝ որևէ հանրահավաքի կամ հավաքի մասնակցելու նպատակով։
Չկա նաև այլ մասնակիցների նման պնդում, որ Ավետիք Չալաբյանը նման նյութական շահագրգռություն է առաջարկել․․․»։
Թե ինչո՞ւ է քրեական հետապնդում իրականացնող մարմինն Ավետիք Չալաբյանին մեղսագրել 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, փաստաբանը նկատեց՝ Քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումները հնարավորություն են տալիս կալանքը որպես խափանման միջոց կիրառել բացառությամբ այն հանցագործությունների դեպքում, որոնց համար ազատազրկման ձևովպատիժը գերազանցում է 1 տարին։
«Քանի որ մեր պարագայում 163-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ազատազրկման ձևով պատիժը չէր գերազանցում 1 տարին, ուստի Քրեական հետապնդում իրականացնող մարմինն Ավետիք Չալաբյանին բանտարկելու իր նպատակին կարող էր հասնել բացառապես, եթե նրան մեղսագրեր որակյալ հանցակազմը, որն էլ ավելի ծիծաղելի է դարձնում քրեական հետապնդում իրականացնող մարմնի կողմից իրականացվող քննությունը․․․»։
Վարազդատ Հարությունյանն ասաց, որ Ավետիք Չալաբյանն իր նախաձեռնությամբ հարցաքննվել ևշատ մանրամասն ցուցմունք է տվել բոլոր հանգամանքների վերաբերյալ, այդ թվում՝ այնպիսի հանգամանքների վերաբերյալ, որոնց քրեական հետապնդում իրականացնող մարմինը չէր տիրապետում։
«Այդ տխրահռչակ մոնտաժված ձայնագրության մեջ տեղի ունեցած հանդիպումից հետո Ավետիք Չալաբյանը քննարկելով Թոռնիկ Ալիյանին քաղաքական գործընթացների մեջ ներգրավելու հարցը՝ Էմմա Սարգսյանի հետ, ասում է հետևյալը՝ գիտեք ի՞նչ կա, Թոռնիկ Ալիյանը քաղաքականապես հետաքրքրված չէր, գաղափարական որևէ աշխատանքի համար ոչ նպատակահարմար, ֆինանսի մասին հոգացող անձնավորություն է, աննպատակահարմար է նրան քաղաքական պրոցեսներին ներգրավել՝ որպես գաղափարական ուսանող և այլն։ Ուստի, եթե Թոռնիկ Ալիյանն ունի կազմակերպչական որակներ՝ որպես ուսանողական խորհրդի նախագահ, որպես ակտիվ երիտասարդ, ապա կարող ենք իր և մնացած ուսանողների հետ, ովքեր պատրաստ են վճարովի աշխատանք կատարել, կնքել վճարովի ծառայությունների մատուցման պայմանագրեր, որոնց հիման վրա կներգրավենք այդ ուսանողներին տեխնիկական աշխատանքի մեջ՝ թռուցիկների, բուկլետների բաժանում, պաստառներ փակցնել․․․
Մինչ այս պահը Ավետիք Չալաբյանն իր ցուցմունքի կապակցությամբ չի առերեսվել քրեական գործով անցնող, որևէ այլ անձի հետ․․․»։
Փաստաբանը տեղեկացրեց, որ շուրջ 20 օր առաջ դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին, տեղեկցրել, որ Ավետիք Չալաբյանի նկատամամբ իրականացվում է քրեական հետապնդում, սակայն մինչ այս պահը Պաշտպանի գրասենյակից որևէ արձագանք չի եղել։
Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Ավետիք Չալաբյանին իր բնակարանից բերման էին ենթարկել, ապա կալանավորել։