«Մեռա ասելով, որ նման նախագծերը վերջին պահին օրակարգ ներառել չի կարելի». ավագանու անդամ
Երևան քաղաքի ավագանու 8-րդ նստաշրջանի 5-րդ նիստում, որը կգումարվի հունիսի 21-ին, ընդգրկված է նաև Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի հարակից տարածքում հայ մեծանուն դիրիժոր Օհան Դուրյանի կիսանդրին տեղադրելու մասին հարցը:
Որոշման նախագծի համար հիմք է հանդիսացել Երևանի քաղաքապետին ուղղված ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 16.06.2022թ. հ. 01/14/14192-2022 գրությունը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտնում է, որ Վարչապետի 2022թ. ապրիլի 14-ի N 385-Ա որոշմամբ ձևավորվել է Օհան Դուրյանի 100-ամյակի միջոցառումների համակարգման հոբելյանական հանձնաժողով, որի ծրագրում էլ ներառվել է նաև Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքում դիրիժորի կիսանդրին տեղադրելու հարցը։ Օհան Դուրյանի այրու գրավոր խնդրանքով կիսանդրին քանդակելու իրավունքը վերապահվելու է հայ քանդակագործ, ՀՀ ժողովրդական նկարիչ Գետիկ Բաղդասարյանին։
Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է հարցին՝ նշելով, որ նման հրատապ հարցերը վերջին պահին օրակարգ ներառել պետք չէ:
«Թեպետ վաղուց հայտնի էր, որ Մաեստրոյի 100-ամյակն է այս տարի, սակայն կառավարությունից հրատապ կարգով են ուղարկել ավագանու հաստատմանը: Ուստի ստացել ենք նախօրեին՝ արագ կարգով հարցը հանձնաժողովում քննարկելու: Մեռա ասելով, որ նման նախագծերը «հրատապ» կարգով, վերջին պահին օրակարգ ներառել չի կարելի: Լսող չկա»,- գրել է Իզաբելլա Աբգարյանը:
Հայ մեծանուն դիրիժոր Օհան Դուրյանը (Հովհաննես Խաչատուրյան) ծնվել է 1922 թվականի սեպտեմբերի 8-ին, Երուսաղեմում: 1957թ. Վազգեն Առաջին Վեհափառի հրավերով հաստատվել է Հայաստանում: Մահացել է 2011թ. հունվարի 6-ին, Երևանում: Թաղված է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում: Ի դեպ, 2013 թվականի սեպտեմբերին Կոմիտասի անվան պանթեոնում բացվել է մեծանուն դիրիժորի կիսանդրին, որին հետաքրքիր լուծում են տվել հեղինակները: Կիսանդրու բացման օր հեղինակներից մեկը՝ քանդակագործ Գետիկ Բաղդասարյանը ասել էր.
«Համլետ Խաչատրյանի հետ որոշել էինք թափանցիկ մետաղներով քանդակ անել, հետո Համլետը մտահղացավ, որ ապակի օգտագործենք: Առաջին անգամ ենք նման լուծում գտել: Եթերային է` իր նման, այս աշխատանքով կարողացել ենք արտահայտել արվեստագետի ոգին»: