Հայաստան-Վրաստան-Ադրբեջան ձևաչափն ու ռուս-թուրքական 3+3-ը. ինչո՞ւ են երկրորդ պլան մղվել ռեգիոնալ ձևաչափերը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օրերս «Գլոբալ աշխարհակարգին սպառնացող վտանգները» թեմայով Բաքվի IX գլոբալ ֆորումի բացման ժամանակ ունեցած ելույթում հայտարարել էր, թե վրացական կողմը պաշտպանում է Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարների՝ Թբիլիսիում հանդիպում անցկացնելու գաղափարը։

Ըստ Ադրբեջանի նախագահի, Հայաստանը մերժել է այդ առաջարկը․ «Մենք այդ հարցով խորհրդակցել ենք վրացի մեր գործընկերների հետ, և Վրաստանի կառավարությունն աջակցում է Վրաստանում Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարների մակարդակով եռակողմ հանդիպում կազմակերպելու և այդ երկխոսությունը սկսելու գաղափարին։ Ցավոք, Հայաստանը հրաժարվում է, չգիտեմ ինչու»,- հայտարարել էր Ալիևը:

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հերքել էր Ալիևի պնդումը, թե Հայաստանը մերժել է Վրաստանում երեք երկրների արտգործնախարարների հանդիպում անցկացնելու գաղափարը: «Մենք ոչ միայն չենք մերժել, այլև մշտապես դրական ենք արտահայտվել նման հավանական հանդիպման մասին՝ միաժամանակ նշելով, որ պետք է աշխատանք տանել հանդիպման արդյունավետությունն ապահովելու ուղղությամբ»,- նշել է Վ․ Հունանյանը։

168.am-ի հետ զրույցում վրացի քաղաքական վերլուծաբան Սոսո Ցինցաձեն ասաց, որ նման ձևաչափով հանդիպումները և նման ձևաչափի ներդրումը ռեգիոնի համար միայն դրական արդյունքներ կապահովեր: Սակայն, ըստ նրա, հանդիպել հանդիպման համար և ասելու, որ կա տարածաշրջանային համագործակցություն, պետք չէ:

Ցինցաձեի խոսքով, ակնհայտ է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև բազմաթիվ ուղղություններով գործընթացներ են սկսվում, որոնք ամենևին էլ հարթ չեն, դեռ կան բազում տարաձայնություններ:

«Սակայն Վրաստանը կողմ է նման հարթակի ձևավորմանը, այս մասին հենց Վրաստանից ևս բազմիցս խոսել են, այդ թվում՝ վերջին պատերազմից հետո նման ձևաչափով հանդիպման խոսակցություններն ակտիվացել էին: Բայց կրկնում եմ, որ նման ձևաչափ հիմնելու ժամանակահատվածը ճիշտ պետք է ընտրված լինի: Մյուս կողմն այն է, որ կա կարծիք, թե այս եռակողմ ձևաչափն ավելի լայն 3+3 ձևաչափի բաղադրիչը կարող է դառնալ, իսկ դրան Վրաստանը կտրականապես դեմ է արտահայտվել: Կարծում եմ նաև, որ ոչ պատահականորեն եռակողմ ու 3+3 ձևաչափի մասին խոսակցությունները վերջին շրջանում բացվեցին զուգահեռաբար:

Օրերս այդ մասին խոսեց Սերգեյ Լավրովը Թուրքիայում Մևլյութ Չավուշօղլուի հետ հանդիպմանը:

Քննարկվում է այդ ձևաչափով նոր հանդիպումներ կազմակերպելու անհրաժեշտությունը: Բոլորը հասկանում են այն, որ Վրաստանը չի կարող իրեն կտրել ռեգիոնալ գործընթացներից, միևնույն ժամանակ Վրաստանը չի մասնակցի Ռուսաստանի հետ որևէ ձևաչափի Վրաստանի տարածքների օկուպացիայի պայմաններում:

Ըստ իս, եռակողմ ձևաչափը կարող է խթանել նաև Ռուսաստանը, այս պահին, երբ Ռուսաստանը թաղված է խնդիրների մեջ Արևմուտքի հետ, այս ձևաչափն աչքաթող է արվել, սակայն առաջին իսկ հնարավորության դեպքում տարածաշրջանում այս ձևաչափը Ռուսաստանի համար պատերազմի հաջող ընթացքի ու շարունակության դեպքում դրվելու է ակտիվ օրակարգում, դա ռեգիոնում ապագայում նոր աշխարհակարգ սահմանելու փորձ է, որում չի լինի Արևմուտքը, և կլինի ռուսական վերահսկողություն»,- ասաց Ցինցաձեն՝ փորձելով պարզաբանել հնարավոր զարգացումների ընթացքը:

Վերլուծաբանի տպավորությամբ, Հայաստանը չէ, որ այս հարցում խնդիրներ է հարուցում, կան բազմաթիվ փոխկապակցված աշխարհաքաղաքական խնդիրներ, որոնք սրված են նաև Հարավային Կովկասում:

«ԵՄ-ն է այստեղ ակտիվ, Թուրքիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, այս ամենը կոտրելը և Արևմուտքի ազդեցությունը թուլացնելուն ուղղված գործընթացներ գեներացնելը, բնականաբար, բարդ է տրվելու: Պարզապես ադրբեջանական կողմը սա շահարկում է տեղեկատվական դաշտում դիվիդենտներ ստանալու համար: Իսկ Վրաստանն այս ձևաչափերում ներգրավելու հարցում գլխավոր թիրախներից մեկն է, եռակողմ ձևաչափի հարցում Վրաստանը խնդիր չի տեսնում, սակայն դա նաև կարող է անցողիկ ծրագիր լինել 3+3-ի ճանապարհին: Եվ քանի որ Վրաստանը չէր մասնակցում ծրագրին, վեցակողմ ձևաչափն ակտիվ չի գործում: Բացի դա, այդ հարցում ևս հստակություն կլինի պատերազմի ավարտից հետո»,- նկատեց նա:

Հիշեցնենք, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Հարավային Կովկասում «3+3» ձևաչափով (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան- Ռուսաստան, Թուրքիա, Իրան) երկրորդ հանդիպումը նախապատրաստվում է և կկայանա առաջիկա ժամանակահատվածում:

«Պայմանավորվել ենք, թե ինչպես հետագայում աշխատենք Հարավային Կովկասում։ Գիտեք, որ Թուրքիայի նախաձեռնությամբ ստեղծվել է «3+3» ձևաչափը։ Մենք առաջին հանդիպումն անցկացրել ենք Մոսկվայում, վրացի գործընկերները չկարողացան մասնակցել, բայց մենք ընդգծում ենք, որ նրանց միշտ ուրախ կլինենք տեսնել։ Հերթական հանդիպումը նախապատրաստվում է ամենամոտ ժամանակահատվածում։ Հույս ունեմ, որ մենք կկարողանանք հայտարարել դրա անցկացման մասին»,- ասել էր Լավրովը։

Ի դեպ, այս ձևաչափով առաջին հանդիպումը կայացել էր 2021 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում։

Հայկական կողմից հանդիպմանը մասնակցել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը։ Մյուս երկրները ևս մասնակցել են նախարարների տեղակալների մակարդակով, իսկ Իրանը ներկայացնում էր ԱԳՆ գլխավոր տնօրենը: Վրաստանի դրոշը ներկայացված էր, սակայն Վրաստանի մասնակիցը՝ ոչ:

Տեսանյութեր

Լրահոս